Մեսչյանի խիզախ ու խոր կատարումները շատերի համար հայտնություն ու ուղեցույց դարձան: Նրանով հիանում էին, նրա երգերով` ապրում: Առանց լույսի, ջրի, գազի անցած 90-ականներին երիտասարդների նոր սերունդն իր համար հայտնագործեց Մեսչյանին: Թվում էր, որ Մեսչյանի վեհ, կյանք տեսած, նուրբ ու իմաստուն ձայնը խորհուրդ է տալիս չմոռանալ մարդու ամենակարեւոր առաքելության` մարդ մնալու մասին: Մեսչյանի համարձակ խոսքերն ու գեղեցիկ մեղեդիներն ամեն քայլափոխի էին հնչում` եւ՛ մութ բնակարաններում, եւ՛ Արցախի դաշտերում: Մեսչյանին երկար լսել չի ստացվում, նրա կատարումները պետք է մարսվեն ու վերաիմաստավորվեն յուրաքանչյուրի սրտում, քանի որ նրա ձայնը, խոսքերը եւ հնչյունները մշակութային լարված դաշտ են ստեղծում:
Մեսչյանը կարծես կառուցում էր իր երգերը, որտեղ ոչ մի պատահական տարր չկար, քանի որ դրանք նախագծվում էին ճիշտ այնպես, ինչպես շինությունների ճարտարապետական նախագծերը: Մասնագիտությամբ ճարտարապետ Արթուր (Արտաշես) Մեսչյանը` մի քանի օր առաջ հանդիպելով իր երկրպագուներին ու պատասխանելով նրանց հարցերին` ասաց, որ իր երգերում չի տարանջատում պոեզիան, երաժշտությունը եւ կատարման ձեւը. «Ես երգերս ծավալային կառույցների նման եմ պատկերացնում: Եվ իմ երգերը կարող եմ միայն ես կատարել, քանի որ երգում եմ իմ կյանքը, իմ ճակատագիրը, իմ զգացածն ու չեմ արտատպվում»:
17 տարի ԱՄՆ-ում ապրող (իր հավաստմամբ` «ոչ թե ապրող, այլ` բնակվող») Մեսչյանն իրեն պաշտող ու իր խոսքին կարոտ ժողովրդին ներկայացրեց իր նոր` «Live» ձայներիզը, որը նրա առաջին հայկական հեղինակային ձայներիզն է: Տարիներ առաջ նա պատրաստվում էր Վազգեն կաթողիկոսի առաջարկով թողարկել իր «Ռեքվիեմ» սկավառակը, սակայն այն լույս չտեսավ: «Ձախ Հարութը բառիս բուն իմաստով բռնաբարեց «Ռեքվիեմը» ու ես դադարեցի այն կատարել»,- ասաց Մեսչյանը: Իր ձայներիզի հեղինակային իրավունքների պաշտպանությունը նա շատ կարեւոր է համարում. «Դուք էլ գիտեք, թե այս 17 տարիների ընթացքում Երեւանում ինչ ահռելի թվով «պիրատական» ձայնագրություններ են վաճառվել: Ես լռել եմ, ոչ ոք ինձանից նախատինքի խոսք չի լսել, մտածել եմ` դե, մարդիկ ընտանիք են պահում: Բայց հիմա դիմում եմ բոլոր «պիրատներին», ոստիկանություն, 6-րդ բաժին չի լինի, ես անձամբ եմ զբաղվելու ձեզանով: Եթե կեղծված ձայներիզներ հանդիպեմ, տեղ պատրաստեք հիվանդանոցում»: Մեսչյանը շատ խիստ արտահայտվեց նաեւ ֆիլմերում ու հաղորդումներում իր երգերը տեղին եւ անտեղի օգտագործելու դեմ. «Ռեժիսորները կարծում են, որ դրանով ինձ լավություն են անում, իրենց հարգանքն են ցույց տալիս: Տղերք ջան, հարգելը թույլտվություն ստանալն ու նոր օգտագործելն է»:
Արդեն 9 ամիս է, ինչ Մեսչյանը Հայաստանում է գտնվում եւ դեռ չի պատրաստվում մեր երկրից հեռանալ, սակայն ապրում է բացարձակ փակ կյանքով, չի հանդիպում լրագրողների հետ ու հարցազրույցներ չի տալիս` «Խոսողները շատ են, նրանք էլ թող խոսեն» ասելով: Լռության դադար վերցրած երաժիշտը վերադարձավ` ներկայացնելու համար իր «Live»-ը («Կյանքը») ու պատասխանեց մարդկանց տարաբնույթ հարցերին: Կյանքի իմաստը որոնող երիտասարդին խորհուրդ տվեց բնական լինել. «Մենք կորցրել ենք կյանքի բնականությունը, ուշադրություն դարձրեք երիտասարդ տղաների քայլվածքին: Ես փորձեցի նրանց նման քայլել, ինձ մոտ չստացվեց»:
Հեռուստաէկրանից հնչող երաժշտությունը Մեսչյանը չցանկացավ քննադատել, քանի որ ընդհանրապես մարդկանց դատել չի ցանկանում. «Եվ եթե ԱԼՄ-ով երգող գյուղացի աղջիկը երեք րոպե էկրանին հայտնվելուց հետո ամուսնանալու է, թող երգի: Այստեղ վատ կամ լավ երգելը նշանակություն չունի»:
Երեւանի այսօրվա ճարտարապետական դիմագիծը նա համարեց ոչ գեղեցիկ, բայց օրինաչափ: Մի քանի տարի Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Մեսչյանը համոզված է, որ նույնիսկ եթե մենք աշխարհի ամենալավ գլխավոր ճարտարապետն ու քաղաքապետն ունենայինք, ոչինչ շտկել չէինք կարող, քանի որ «գալիս է մի պահ, երբ քաղաքն անկառավարելի է դառնում եւ պետք է ինքնամաքրման ճանապարհ անցնի»: Իսկ ինքնամաքրումը` կատարսիսը կգա այն ժամանակ, երբ մենք, ըստ Մեսչյանի` քաղաքացի դաստիարակելու դժվար ու պատասխանատու գործը ձեռնարկենք:
«Երբ ինձ հարցնում էին` թե ինչ օբյեկտ է կառուցվում, ասում էի` մի կառույց, որտեղ, ասենք, 32 շինարար է աշխատում: Իսկ դա նշանակում է, որ այդ բանվորների երեխաներն այդ օրը հաց են ուտելու: Համոզված եմ, որ մեկ կուշտ երեխան մեկ Հյուսիսային պողոտա արժե: Ճարտարապետությունն, ընդհանրապես, մեր կյանքի, հարաբերությունների հայելին է: Եվ այդ հայելու մեջ այսօր երեւում են նրանք, ում առաջ չալաղաջ է, ետեւում` քյաբաբ, ձեռքն էլ` «Նիվայի» ղեկին»,- ասաց նա: Շատ արժանի ու զգայուն մարդիկ, ովքեր տարիներ առաջ մեր քաղաքի, փողոցների ու տների տերն ու տիրակալն էին, հեռացել են` բախտ որոնելով հեռու ափերում, եւ Երեւանը թողել են ազգի հաստավիզ ներկայացուցիչներին: Մեսչյանն իր հեռանալու պատճառների ու կյանքի ամերիկյան հատվածի մասին շատ խոսել չցանկացավ` ասելով. «Շնորհակալ եմ բախտից, Ամերիկայում ես բավականին խելոքացա: Շատ վատ եմ զգում, որ ձեզ հետ միասին ցուրտը չեմ կիսել եւ տղաների հետ միասին Արցախում արյուն չեմ թափել»:
Արթուր Մեսչյանին տեսնելու ու լսելու եկած մեծաթիվ մարդիկ պատրաստ էին շոգ ու տոթ դահլիճում ժամերով լսել իրենց կուռքին: Լռությունն ամենալավ մեղեդին համարող Արթուր Մեսչյանը խախտեց իր լռությունը` ի ուրախություն բոլորի: Ի դեպ, նա իր երգացանկում սիրային երգերի բացակայությանը հետաքրքիր բացատրություն տվեց. «Սիրո մասին հաճախ երգում են նրանք, ովքեր իրական կյանքում սիրել չեն կարող, ընդհանրապես սիրելու ընդունակ չեն»: