Պետությունը «Ոսկե ծիրանին» 50 մլն դրամ է տալիս

09/06/2006

Կինոգետ Սուսաննա Հարությունյանը` մասնակցելով Խորհրդարանի աշխատանքներին, առաջարկ է ստացել «Ոսկե ծիրանի» շրջանակներում սեմինար եւ աշխատանքային հավաք անցկացնել մեր տարածաշրջանի եւ եվրոպական երկրների կինոգործիչների մասնակցությամբ: Հուլիսի 12-13-ն անցկացվելիք սեմինարի ընթացքում ընտրվելու է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի հոգաբարձուների խորհուրդը, ցուցադրվելու են իրենց երկրների խնդիրներին անդրադարձող 20 հեղինակների ֆիլմերը: Եվ իհարկե, սպասվում է, որ ֆիլմերի հեղինակների շփումից եւ միմյանց գործերին ծանոթանալուց հետո, շատերը պատրաստ կլինեն համատեղ ֆիլմեր նկարահանել: «Հուսով ենք, որ համատեղ կինոպրոյեկտներ եւ համատեղ արտադրություններ կլինեն»,- ասաց Ս.Հարությունյանը: Ծրագրում ընդգրկված են վրացական` «Միշան եւ Վարդերի հեղափոխությունը», ռուսական` «Բեսլանի քաղաքացիները», եւ հոլանդական, կանադական, չինական, մի քանի թուրքական ֆիլմեր: Իսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտային իրավիճակը երկու տարբեր տեսանկյունից կդիտարկեն հայ ռեժիսոր Արա Շիրինյանը եւ ադրբեջանցի ռեժիսոր Այազ Սալաեւը: «Քաղաքականությունը հաճախ փակուղու մեջ է հայտնվում, իսկ մշակույթի եւ հատկապես կինոյի միջոցով կարելի է եթե ոչ լուծումներ, ապա գոնե լուծումների ճանապարհներ առաջարկել, քանի որ կինոն քաղաքական, գաղափարական, ռասայական եւ կրոնական սահմաններ չի ճանաչում»,- ասաց Ս.Հարությունյանը: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանն ավելացրեց. «Երբ ներփակվում ենք մեր երկրի սահմաններում, ինքնաբավություն եւ ինքնագոհություն է առաջանում: Փառատոնը ոչ միայն ֆիլմերի դիտում է, այլեւ` մարդկային շփում»: Որպես կառավարության ներկայացուցիչ` փոխնախարարը տեղեկացրեց, որ փառատոնի հաշվին արդեն 50 մլն դրամ է փոխանցվել եւ, հաշվի առնելով, որ առաջին «Ոսկե ծիրանը» պետությունից ընդամենը 3 մլն դրամ էր ստացել, կարելի է ենթադրել, որ պետությունը կարեւորում է փառատոնի դերը: «Ոսկե ծիրանի» անցկացման համար նվազագույնը պահանջվում է 300 հազար դոլար: «Սակայն դա չի նշանակում, որ մենք ունենք այդ գումարը: Եվ մինչեւ գլխավոր հովանավորի` «Վիվա Սելլի» հայտնվելը` մենք անընդհատ կրճատում էինք մեր հյուրերի ցուցակը, որպեսզի ունեցած գումարների սահմանների մեջ տեղավորվենք»,- ասաց կինոգետ Միքայել Ստամբոլցյանը: Հյուրանոցները զգալի զեղչերով են հյուրերին տեղավորելու, իսկ կինոթատրոնները դալիճներն անվճար կտրամադրեն, դրանով իսկ աջակցելով փառատոնին: Հյուրերին ըստ պատշաճի ընդունելուց բացի, մեծ գումարներ են պահանջվում ֆիլմերը մի քանի օրով Հայաստան բերելու եւ տանելու համար: «Շատ խոշոր փառատոններ կարող են իրենց ներդրած գումարները որոշ չափով ետ բերել, սակայն եկամուտով աշխատել ոչ ոք չի կարող»,- ասաց Մ. Ստամբոլցյանը: