Մինչ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը փորձում է ապացուցել, որ մեկ ազգը կարող է բազմաթիվ այլ ազգերի մշակույթների հանդիպման եւ մշակութային երկխոսություն իրականացնելու առիթ տալ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը ջանում է պահպանել ու ներկայացնել համահայկականը:
Հունիսի 23-30-ն անցկացվելու է երկրորդ «Մեկ ազգ…»-ը, որը Հայաստանի եւ Սփյուռքի ստեղծագործական կոլեկտիվների է միավորելու: Ինչպես ասաց ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը` «Սփյուռքի կոլեկտիվները հիմնականում սիրողական են լինում եւ մեր փառատոնի շնորհիվ պետք է Հայաստանից լիցք ստանան»: Հինգ օրվա ընթացքում հայազգի անհատ ստեղծագործողներն ու ստեղծագործական պատվիրակությունները հանդիպումներ կունենան եւ՛ մայրաքաղաքում, եւ՛ մարզերում: Յուրաքանչյուր օր իր խորագիրն է ունենալու` առանձին կներկայացվեն թատրոնը, կրկեսը եւ կինոն, գրականությունը (որին որպես առանձին ճյուղ հյուսվել է պոեզիան), կերպարվեստը, պարը եւ երաժշտությունը: «Մեկ ազգ…» հիմնադրամի նախագահ Թամար Պողոսյանը նշեց, որ այս տարի իրենք Սփյուռքից մեծ թվով լրատվամիջոցներ են հրավիրել, որպեսզի փառատոնի ոգին դուրս գա Հայաստանի սահմաններից: Իսկ հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը խոստացավ, որ փառատոնը տոնախմբություն է լինելու, սակայն ընդունված «պարային տաշիտուշի չի լինելու» եւ ցուցադրելու է մեր ազգային մշակույթի հարստությունը: Որպես ավանդույթ` փառատոնի բոլոր կազմակերպչական հարցերը ստանձնել է «Ալֆա Էլ» պրոդյուսերական կենտրոնը: Տիկին Պողոսյանն ուրախությամբ նշեց նաեւ, որ եթե նախորդ փառատոնի ծախսերը հիմնականում մասնակիցների վրա էին, ապա այս տարի այն մեծ աջակցություն է ստացել. կառավարությունը «Մեկ ազգին…»-ին տրամադրել է 117 մլն դրամ: