Միջադեպ Կրեմլում

07/06/2006

Հունիսի 3-7-ը Մոսկվայում տեղի են ունենում Համաշխարհային մամուլի ասոցիացիայի 59-րդ կոնգրեսը եւ Խմբագիրների համաշխարհային 13-րդ ֆորումը, որին Հայաստանից հրավիրված է միայն «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Միջոցառմանը ներկա են մոտ 200 երկրների շուրջ 1500 լրատվամիջոցների ղեկավարներ: Կոնգրեսի բացման պաշտոնական արարողությունը կայացավ երեկ, Կրեմլի հանդիսությունների պալատում: Բացումը կատարեցին Համաշխարհային մամուլի ասոցիացիայի ու Խմբագիրների համաշխարհային ֆորումի նախագահները եւ ՌԴ նախագահ Պուտինը: Նա դահլիճ մտավ ուշացումով: Այն պահին, երբ հայտարարվեց, որ գալիս է երկրի նախագահը, հանկարծ շարքերից մեկում աղմուկ բարձրացավ. մի խումբ երիտասարդներ, ինչպես հետո պարզվեց՝ լիմոնովցիներ՝ ազգային բոլշեւիկյան կուսակցականներ, բողոքի ակցիա սկսեցին: Նրանք անգլերեն եւ ռուսերեն լեզուներով թռուցիկներ էին շպրտում, սեւ պաստառներ էին պահել, որոնց վրա գրված էր. «Պուտինը դահիճ է, Պուտինը հանցագործ է»: Նրանք գոռում էին, որ Պուտինն արգելում է ազատ խոսքը: Այն պահին, երբ տեսախցիկները շրջվեցին երիտասարդների կողմը, դահլիճում իրարանցում սկսվեց: Նախագահական թիկնազորը հարձակվեց երիտասարդների վրա եւ նրանց` ձեռքերն ու ոտքերը ոլորելով, բերանները փակելով՝ դուրս հանեցին դահլիճից: Պետք է նկատել, որ Կրեմլի տարածք մտնելը բնավ էլ հեշտ չէ եւ հայտնի չէ, թե ինչպես են այդ երիտասարդները հայտնվել այնտեղ: Նրանք նաեւ հաշվի էին առել, որ այդ ժամանակ Կրեմլում են լինելու ամբողջ աշխարհի ազատ մամուլի ներկայացուցիչները:

Թռուցիկներում գրված էր. «Արեւմտյան Եվրոպայի երկրների ղեկավարների առջեւ Պուտինը ձեւանում է որպես քաղաքակիրթ եվրոպացի, սակայն Ռուսաստանը ղեկավարում է ինչպես դաժան եւ ագահ բռնապետ: ՌԴ քաղաքացիներին նա ստրուկների նման է վերաբերվում: Նա իրեն թույլ է տալիս կեղծել ընտրությունների արդյունքները, Նորդ-Օստի եւ Բեսլանի պատանդների, այդ թվում՝ երեխաների մասսայական սպանության հրամաններ արձակել, փակել ԶԼՄ-ներ: Նա բանտարկում եւ սպանում է իր քաղաքական հակառակորդներին: Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում «մահվան էսկադրոնների» ստեղծման համար, որոնք որս են կազմակերպում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների եւ ակտիվիստների նկատմամբ: Նա թալանում է նույնիսկ աղքատներին եւ իր 100 միլիոնավոր դոլարներով իր համար առագաստանավեր գնում: Ինչո՞վ է նա ավելի լավը բռնապետներ Կարիմովից եւ Նիյազովից, որոնց հետ ընկերություն է անում: Ոչնչով: սակայն, ի տարբերություն նրանց, նա մի սեղանի շուրջ է նստում Մեծ Ութնյակի երկրների ղեկավարների հետ: Վաղ թե ուշ, քաղաքացիները կազատվեն իրենց բռնապետից՝ ԱԱԾ-ի փոքր փոխգնդապետից, որն իրեն կայսր է կարծում: Մենք խնդրում ենք ամբողջ աշխարհի անկախ լրատվամիջոցներին՝ չսատարել բռնապետին եւ հանցագործին»:

Միջադեպից հետո ելույթով հանդես եկավ Վլադիմիր Պուտինը: Նա ասաց, որ ՌԴ-ում 3000 տպագիր մամուլ կա եւ բազմաթիվ ռադիո եւ հեռուստաընկերություններ, որոնք հնարավոր չէ վերահսկել: Պուտինը նշեց, որ պետք չէ հիմնվել որոշ բոլշեւիկների հայտարարությունների վրա, քանզի ազատ խոսքը Ռուսաստանում գնահատվում է: Պետք է նկատել, որ մասնավորապես ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները ՌԴ նախագահի այս խոսքերին հեգնանքով վերաբերվեցին: Այս օրերին քննարկումների ընթացքում կարծիք հնչեց, որ մի քանի տարի հետո Ռուսաստանը կարելի է կոչել «Գազպրոմիա», քանի որ ստեղծվել է «Գազպրոմ Մեդիա» հոլդինգը, որն իր մեջ ներառում է հայտնի լրատվամիջոցներ, օրինակ՝ «Իզվեստիան»: Այսինքն, ընկերությունը հետզհետե սեփականացնում է լրատվական դաշտը: