«Թող հայերը չզիջեն, իսկ ադրբեջանցիները՝ չճնշեն»

07/06/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Հանդիպմանն, իհարկե, ներկա են եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դը Գուխտը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Սակայն, ավելի ուշ տեղի է ունեցել Ռ. Քոչարյան եւ Ի. Ալիեւ տետ-ա-տետ հանդիպումը: Քոչարյան-Ալիեւ դեմառդեմ հանդիպումից հետո նախագահները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։

«Խնդրում եմ ինձ դժվար կացության մեջ չդնել, քանզի մենք պայմանավորվել ենք բանակցությունների մասին տեղեկատվություն չհայտարարել»,- ադրբեջանցի լրագրողներին պատասխանել է Ռ. Քոչարյանը։

Հաշվի առնելով թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Իլհամ Ալիեւի նախահանդիպումային հայտարարությունները, կարող ենք ենթադրել, որ այս հանդիպումը ոչ մի շոշափելի արդյունք չի տալու: Մինչեւ Բուխարեստ մեկնելը՝ Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «Ադրբեջանը հետ կբերի իր բոլոր հողերը»։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել էր. «Բուխարեստի հանդիպման եմ մեկնում շատ համեստ սպասելիքով»:

Այս եւ այլ երկկողմանի հանդիպումներից սպասելիքներ չունի նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով երկուշաբթի օրն այս թեմայի շուրջ բացառիկ հարցազրույց էր տվել ադրբեջանական Day.az կայքին։ «Ոչինչ էլ չեմ սպասում՝ ոչ այս եւ ոչ էլ հաջորդող հանդիպումներից։ Նախագահները խոսելու բան չունեն, բանակցությունների համար իրական դաշտ պարզապես գոյություն չունի։ Կարիք չկա, որ հայերը զիջեն, կարիք չկա, որ ադրբեջանցիները ճնշեն։ Երկու կողմերն էլ հասկանում են իրական վիճակը,- ասել է Ա. Իսկանդարյանը՝ ավելացնելով,- սրանք բանակցություններ չեն, այլ դրանց նմանակումը։ Այս ամենն այնքան ժամանակ կշարունակվի, մինչեւ այս հարցը լուծելու համար հզոր պետությունները ճնշում գործադրեն երկու կողմերի վրա։ Իսկ այս բանակցություններից հետո մենք նորից կլսենք «բանակցություններն ընթանում են, եւ կողմերը հակված են խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը» հայտարարությունը»։ Հարցին, թե ի՞նչն է խանգարում կողմերին խաղաղություն հաստատելու համար, հայ քաղաքագետը պատասխանել է, թե Ղարաբաղյան հիմնահարցի լուծման 3 կամ 4 տարբերակ կա, եւ բոլորն այդ մասին գիտեն. «Դրա համար քաղաքագետ լինել պետք չէ։ Խնդիրն ուժերի հավասարակշռության մեջ է։ Խոսքն, իհարկե, միայն ռազմական հավասարակշռության մասին չէ, թեպետ եւ այն համընդհանուր հավասարակշռության մի մասն է կազմում։ Խոսքն արտաքին, ներքին եւ «միանգամայն ներքին» (ներքաղաքային) դասավորության բավական բարդ կառուցվածքի մասին է։ Եթե հավասարակշռությունը փոխվի, հնարավոր է` փոխվի նաեւ իրադրությունը հիմնահարցի մեջ։ Կամ հակառակը»,- ասել է նա։

Անդրադառնալով ռուսական խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցությանը, Ա. Իսկանդարյանը նշել է. «Դա ոչ մի կերպ հնարավոր չէ։ Իվանովի ցանկությունը մեկին մի լավ բան ասելը եւ հիմնահարցի շուրջ հավասարակշռության արմատական փոփոխությունը տարբեր բաներ են»։ Հայ քաղաքագետը չի հերքել, թե ԼՂՀ հիմնահարցի շուտափույթ լուծման համար ցանկության դեպքում կարող է ԱՄՆ-ը ճնշում գործադրել կողմերի վրա։ Սակայն, ըստ Ա. Իսկանդարյանի, նման «ցանկությունն» այժմ ԱՄՆ շահերից չի բխում, քանի որ ներկայիս ստատուս-քվոն նրանց լիովին գոհացնում է։ «Ճնշման յուրաքանչյուր փորձ առաջին հերթին հավասարակշռությունը փոխելու փորձ է։ Իսկ ԱՄՆ-ը դեռեւս չի ցանկանում փոխել գործող հավասարակշռությունը»,- նկատել է հայ քաղաքագետը։

Իսկ ինչ վերաբերում է հիմնահարցի լուծման գործում Ռուսաստանի դերակատարմանը, ապա, Ա. Իսկանդարյանի համոզմամբ, Ռուսաստանը, ինչպես նաեւ մնացած բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, նպաստում է հիմնահարցի պահպանմանը։ Նրա հավաստմամբ, հիմնահարցի լուծումը Մոսկվայի շահերից չի բխում, քանզի յուրաքանչյուր առավելություն, որը դրա արդյունքում կստանա կողմերից մեկը, կթուլացնի Ռուսաստանի ճնշումը Հարավային Կովկասի վրա։ Ղարաբաղյան հիմնահարցի վրա ՎՈՒԱՄ-ի հնարավոր ազդեցության մասին խոսելիս, Ա. Իսկանդարյանն ասել է. «ՎՈՒԱՄ-ը, որպես կազմակերպություն, գոյություն չունի։ ՎՈՒԱՄ-ն ԱՊՀ-ում «հակաԱՊՀ» ստեղծելու փորձ է։ Նրա անդամները միավորվել են բացասական, եւ ոչ թե դրական հայտանիշով։ Իսկ հենց ԱՊՀ-ի ազդեցությունն այս հարցում ինձ կասկածելի է թվում։ Իմ կարծիքով՝ այս կազմակերպությունն առհասարակ ոչ մեկին չի խանգարում։ Այդ իսկ պատճառով այն կգործի այնքան ժամանակ, ինչքան ցանկանան այդ կազմակերպության անդամ պետությունները»։

Հ.Գ. «Որքա՞ն է իրական Հարավային Կովկասի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարը»՝ ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան` Ա. Իսկանդարյանն ասել է. «Եթե խոսքը միջին ժամկետային քաղաքական հեռանկարի մասին է, ապա դա իրական չէ»։