«Պաշտոնյան պետք է ապրի համեստ կյանքով: Պաշտոնյան պետք է վայելք տեսնի իր աշխատանքը, ոչ թե դղյակներն ու մերսեդեսները: Պետական պաշտոնյան պետք է լինի համեստ, ստոիկ,- երկուշաբթի օրն ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը՝ ավելացնելով,- մեր հասարակության մեջ օրինակելի են դիտվում ոչ թե ազնիվ պաշտոնյաներն, այլ հարստացած ու հղփացածները, որոնց համար անգամ հուշարձաններ են կանգնեցվում»: Հայաստանի երիտասարդական կուսակցության անցկացրած բլից հարցման արդյունքում, որն իրականացրել են կուսակցության տարածքային ու մարզային կառույցները, Վահրամ Ներսիսյանցը ճանաչվել է «ամենաօրինակելի պետական գործիչը», որն, ըստ ՀԵԿ նախագահ Սարգիս Ասատրյանի, ՀՀ այն բացառիկ պաշտոնյաներից է, որ չունի բիզնես եւ չի օգտագործում պաշտոնը տարբեր հարցեր լուծելու համար: Վ. Ներսիսյանցի կարծիքով, պետական պաշտոնյան չպետք է ձգտի հարստության, պետք է բավարարվի իր պաշտոնով: Իսկ ինչ վերաբերում է հարստացած գործարարներին, ապա Վ. Ներսիսյանը նշեց. «Եթե հարկերը վճարում է ժամանակին, եւ պետության առջեւ պարտավորությունները կատարում է, հարստություն ունենալը ես արդյունավետ եմ տեսնում»: