Մութ ծրագիր

07/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած շաբաթ տեղեկատվություն հրապարակվեց, որ հնդկական «Vedanta Resources» ընկերությունը պատրաստվում է մտնել գունավոր մետաղների հայկական շուկա, եւ ներդրումներ կատարել հայկական «Steriel Gold»-ում՝ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» (ԱՈԱՁ):

Հիշեցնենք, որ 1998թ. հնդկական մի ընկերություն գնեց Արարատի ոսկու հանքերի 50 տոկոսը, եւ ստեղծվեց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն՝ «Հայոսկի» պետական ձեռնարկության» եւ «First Dynasty Mines Armenia» (FDMA) ընկերության մասնակցությամբ: 2000թ. FDMA-ի հսկողությունն անցավ Կանադայի Տորոնտո քաղաքի ֆոնդային բորսայում գրանցված Sterlite ընկերությանը: 2002թ. ընդամենը 3,5 մլն դոլարով հայկական 50 տոկոս բաժնեմասն էլ փոխանցվեց հնդիկներին, եւ ԱՈԱՁ-ն դարձավ ամբողջությամբ հնդկական ընկերության հանքավայրը՝ 25 տարի շահագործման իրավունքով: Իսկ մինչ այդ, ընկերությունը կատարել էր իրեն պատկանող Սոդքի հանքավայրի հետազոտություն եւ պարզել էր, որ հանքավայրի կոնկրետ շահագործվող մասից կարելի է արդյունահանել 50 տոննա ոսկի, ինչը եւ պատրաստվում է անել FDMA-ն առաջիկա 12 տարիներին: Իսկ այդ ընթացքում նրանք շրջակայքում փորձելու են գտնել ոսկու այլ պաշարներ, հանքավայրը դա խոստանում է:

FDMA-ն Սոդքի հանքավայրից արդյունահանման աշխատանքները սկսել է 2002թ.: Ընկերության ղեկավարների ասելով, արդյունահանել են մոտ 13 տոննա ոսկի, եւ մինչ այժմ ստացել 112 մլն դոլարի հասույթ: Ընկերության տնօրեն Վարդան Վարդանյանի ասելով, յուրաքանչյուր տարի վճարել են մոտ

2 մլն դոլարի հարկեր եւ պետական այլ վճարներ: Մոտ 50 մլն դոլար ներդրվել է արդյունահանման աշխատանքների վրա, որից 12 մլն դոլարը ծախսվել է Արարատի ոսկու կորզման գործարանի կառուցման համար: Գործարանի ղեկավարները նույնիսկ հավատացնում են, որ այս տարիներին իրենք վնասով են աշխատել, որը կազմել է մոտ 4 մլն դոլար: Սա` այն դեպքում, երբ ոսկու գինն այս տարիներին կտրուկ բարձրացել է եւ շարունակում է բարձրանալ նույն տեմպերով: Դա ավելի պարզ պատկերացնելու համար ընդամենը մի թիվ նշենք. ամբողջ աշխարհում մնացել է արդյունահանելու ընդամենը 30.000 տոննա ոսկու պաշար: Սակայն չի բացառվում, որ կան ոսկու հանքեր, որոնք դեռ հայտնաբերված չեն: Ոսկու արդյունահանումը սկսվել է մ.թ.ա. 3000 թվականին, մինչեւ հիմա արդյունահանվել է 145.000 տոննա ոսկի, որի 90 տոկոսը կատարվել է 1958թ. հետո: Ընդ որում արդյունահանման ծավալները տարեցտարի ավելացել են: Սա նշանակում է, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում 15-20 տարի հետո ամբողջ աշխարհում կսպառվեն ոսկու հանքերը, իհարկե, եթե նորերը չհայտնաբերվեն: Այնպես որ՝ ոսկու գնի կտրուկ բարձրացումն առաջիկա տարիներին անխուսափելի է:

Սոդքի հանքավայրի վաճառքն ի սկզբանե մութ ու աղմկոտ գործարք էր: Սակայն նման էր բոլոր այն խոշոր գործարքներին, որոնք մինչեւ հիմա կատարվել են Հայաստանում: 50 տոննա ռեալ ոսկու պաշար ունեցող հանքի Հայաստանին պատկանող 50 տոկոսն ընդամենը 3,5 մլն դոլարով հնդիկներին վաճառելու հանգամանքը ստիպում է մտածել, որ գործարքի հիմնական մասը մնացել է ստվերում: Կարծիք կա, որ այս հանքավայրի գործարքի ժամանակ ստվերային մեծ գումարներ են հոսել գործարանից դեպի մեր իշխանության վերին օղակները: Հոսքը շարունակվում է նաեւ հիմա ու ձգվում է նույնիսկ դեպի բնապահպանական հասարակական կազմակերպություններ, աղմուկ չբարձրացնելու համար: Ընկերության հնդիկ ղեկավար Բ.Կ.Շարմը տեղեկացրեց, որ 2001թ., մինչեւ 100 տոկոսի բաժնետեր դառնալը, նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Վարդենիս, հանդիպել է իրենց հետ եւ կարգադրել է արդյունահանումը սկսել առանց նախապայմանների, որից հետո էլ հայկական մասը փոխանցվել է օտարերկրյա ընկերությանը: Ընկերության ղեկավարները նշեցին, որ երբ հայկական կողմը դեռ իրենց չէր փոխանցել բաժնեմասերի 50 տոկոսը, անընդհատ ինչ-որ խնդիրներ էր ստեղծում: Արդյունահանման աշխատանքները նաեւ դրա պատճառով էին ձգձգվում: Իսկ հիմա իրենց խնդիրներն այս առումով պակասել են: Միակ մեծ խնդիրը մինչեւ հիմա մնացել է ոսկու հարստացուցիչ գործարանն Արարատից Վարդենիս տեղափոխելը: Ընկերության ղեկավարները տեղեկացնում են, որ աշխարհում չկա մի գործարան, որ հանքից այդքան՝ 268 կմ հեռու գտնվի: Նրանք նաեւ ասում են, որ ոսկու արդյունահանման ծախսերի 10 տոկոսը բաժին է ընկնում տեղափոխմանը՝ 1 տոննայի համար ծախսվում է մոտ 5,5 դոլար: Բայց նրանք չպատասխանեցին մեր այն հարցին, թե որքա՞ն է կազմում 1 գրամ ոսկու ինքնարժեքը: Իրենց համար բավական դժվար է հանքաքարը Արարատ տեղափոխել: Նախ` գործող երկաթգիծը մաշված վիճակում է եւ չի կարող իրենց անընդհատ ավելացող ծավալներն ապահովել, հետո էլ Հայկական երկաթուղին չունի բավարար քանակով վագոններ: Բացի այդ` Արարատի գործարանի տեխնիկական պարկն այլեւս չի բավարարում իրենց արդյունահանման պահանջներին: Անհրաժեշտ է ամբողջությամբ նոր տեխնոլոգիա ներդնել: Ընկերությունից տեղեկացրին, որ այդ նպատակով առաջիկա տարիներին պատրաստվում են մոտ 85 մլն դոլար ներդնել: Եթե հիշում եք, ԱՈԱՁ-ի ղեկավարներն անցած տարիներին ծրագիր էին ներկայացրել կառավարություն, որպեսզի իրենց թույլ տան հանքավայրին մոտ նոր գործարան կառուցել: Սակայն բնապահպանական հասարակական կազմակերպությունները մեծ աղմուկ բարձրացրին, եւ այդ ծրագիրը ձախողվեց: Բանն այն է, որ հնդիկները գործարանը պետք է կառուցեին Սեւանա լճից ընդամենը 6-7 կմ հեռավորության վրա: Ոսկու հանքաքարը մշակվելիս հարստացվում է ցիանով, իսկ դրա արտահոսքն էկոլոգիական աղետ էր առաջացնելու շրջակա միջավայրի, մասնավորապես` Սեւանա լճի համար: Բացի այդ, «Սեւանի մասին» օրենքը թույլ չի տալիս շրջակայքում կառուցել նման տիպի գործարան: Ընկերության ղեկավարներից մեկն ասաց, որ իրենք այլեւս ոչ մի ծրագիր չեն ներկայացնի կառավարությանը, որովհետեւ գիտեն, որ մերժվելու են: Մյուսն էլ ասաց, թե ընդունելու են այն, ինչ առաջարկելու է մեր կառավարությունը: Ընթացքում նաեւ տեղեկացրին, որ կառավարություն են ներկայացրել մեկ այլ ծրագիր եւ առաջարկում են թույլատրել գործարանը կառուցել լճից 35 կմ հեռավորության վրա: Այս իրարամերժ տեղեկությունները ստիպում են մտածել, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, նախապատրաստվում է, կառավարության հետ բանակցություններ են ընթանում, որն առաջիկայում կբացահայտվի: Հավանաբար այս շաբաթ տեղի կունենա նաեւ ԱՈԱՁ-ի ամբողջական կամ մասնակի բաժնեմասի հանձնումը հնդկական «Vedanta Resources» ընկերությանը: Ուղղակի տեղեկացնենք, որ այդ ընկերությունն «օտար» չէ, ԱՈԱՁ-ն վերահսկող «Sterlite»-ի դուստր կամ գործընկերային այլ հարաբերություններ ունեցող ընկերություն է: Ընկերության պատասխանատուների ասելով` այս հանձնում-ընդունումը ձեւական բնույթ է կրելու: