«Իմ աշխատանքները զգացմունքներ են»

07/06/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ավստրալահայ նկարչուհի Միլանդա դը Մոնթն իր կտավները ստեղծում է երաժշտության եւ պարի ուղեկցությամբ: Նրա արվեստը վիզուալ երկխոսություն է ենթադրում, այդ պատճառով էլ շատ հետաքրքիր է դիտել նրա կտավների ստեղծման արարողությունը, որը սկսվում է երաժշտական հնչյուններից եւ ավարտվում պարողի վերջին շարժման հետ:

Միլանդայի աշխատանքների ցուցահանդեսին եւ արարման պրոցեսին կարելի է մասնակցել Ազգային պատկերասրահում, հունիսի

7-ին: Այդ օրը դուդուկ է հնչելու, պար է լինելու, իսկ հուզական խառնվածքի տեր նկարչուհին` սրահի հատակին փռելով ճերմակ կտավը, միահյուսելու է հնչյունը, շարժումն ու վրձնահարվածը: Էմոցիոնալ հայուհին իր համար հայտնագործել է ստեղծագործության այդ մոդելը, երբ ինքն է զբաղվել պարով ու փորձել է մշտափոփոխ պարի էներգետիկան ստատիկ փոխանցել կտավին: Իրանում ծնված, Ավստրալիայում ապրող եւ գերմանացի ամուսին ունեցող Միլանդա դը Մոնթը բազմաթիվ մրցանակներ է շահել, ցուցահանդեսներ եւ պերֆորմանսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Եվ յուրաքանչյուր վայրից նա մի փոքր մասնիկ է յուրացրել, որպեսզի եւ երկրների, եւ արվեստների միջեւ կապ ստեղծի:

– Ինչպե՞ս սկսվեց ձեր նկարչական ուղին:

– Ես մանուկ ժամանակից եմ նկարել: Ամբողջ կյանքս գեղարվեստում է անցել: Իմ նախնիները Թեհրանից եւ Ջուղայից էին: Ջուղայի վանքը հենց իմ պապերն են կառուցել, իսկ իմ հայրը` Սարգիս Գրիգորյանը, Ջուղայում շատ անվանի քանդակագործ է եղել: Ընդհանրապես, իմ ընտանիքը աշխարհին շատ լավ արվեստագետներ է տվել. Պարսկաստանին տվել է առաջին ջազ նվագողին, Ինդոնեզիային եւ Հոլանդիային` պրիմա բալերինաներ: Իմ բարեկամների շարքերում երգիչներ, գրողներ եւ երաժիշտներ կան: Իսկ իմ զարմիկ Սարգիսը Ֆիլիպինների համար շատ մեծ գործ է արել, եղել է հայտնի բարեգործ: Այնպես որ, մենք աշխարhով մեկ տարածված ենք: Ես հինգ տարեկանից նկարել եմ, ամենաշատը ինձ մարդու մարմինն է հետաքրքրել ու մարդու զգացմունքները: Իմ կյանքի ճանապարհը մանուկ հասակից էլ պարզ էր. ես պետք է արվեստով զբաղվեի:

– Պատմեք ձեր բեմականացված նկարչական ոճի մասին: Ինչպե՞ս են ծնվում նկարները:

– Գերմանիայի Գյոթեի ինստիտուտն ինձ երկու անգամ մրցանակ է տվել ու հրավիրել է աշխատելու: Գերմանիայում ես ավելի խորը ծանոթացա Շոպենհաուերի փիլիսոփայության հետ: Նա ասել է` ամեն ինչը մեկ է: Եվ քանի որ ես նաեւ պրոֆեսիոնալ զբաղվել եմ պարերով, պարի դասարան եմ ունեցել, ուսումնասիրել եմ պարսկական մանրանկարչությունը եւ գեղագրությունը ու միշտ հետաքրքրվել եմ երաժշտությամբ, միացրեցի դրանք: Ֆորման, գույնը եւ անգիտակցաբար ծագող մտքերն իմ աբստրակտ նկարներն են դառնում: Իսկ նկարչական պերֆորմանսները գեղարվեստների եռանկյունի են կազմում. նկարչություն, պար եւ երաժշտություն: Կարելի է, իհարկե, երեւակայել մարդու մարմնի շարժումը եւ առանց պարողի այն պատկերել, բայց ինձ հետաքրքիր է արվեստների փոխանակումը: Հաճախ երաժշտությունը հատուկ իմ պերֆորմանսների համար է գրվում (այդպես եղավ, օրինակ, Ճապոնիայում) եւ ինքս եմ պարողներին ընտրում: Պատահում է, որ ես ինքս էլ եմ սկսում պարողի հետ պարել: Ոչ մի հաստատուն բան ասել չեմ կարող, նվագը պարային շարժում է հուշում, իսկ շարժումը` վրձնի հարված:

– Դուք շատ եք ճանապարհորդել, ի՞նչ ազգային տարրեր եք օգտագործել նկարչության մեջ:

– Ես վերջերս Ճապոնիայում էի, հետո Սինգապուր պիտի գնամ, հետո էլ` նորից Սիդնեյ: Ես միացնում եմ ոչ միայն արվեստները, այլեւ` ազգերը: Հավատացած եմ, որ մշակույթը մարդու մեջ է, եւ ազգությունը երկրորդական նշանակություն ունի: Պերֆորմանսների ընթացքում ես նկարում եմ միայն սեւով, սպիտակով, կարմիրով եւ նարնջագույնով: Այդ գույների ընտրությունն իզուր չի արվել, քանի որ գույները նշանակություն ունեն: Իմ գույները ձեն-բուդդիզմի մտքերն են: Սեւը հավիտենական ստեղծագործության խորհրդանիշն է (սեւով են արվել եւ նախամարդու ժայռանկարները, եւ ճապոնական գեղագրությունը, այսինքն` մնայուն բաները), կարմիրն` էներգիան է, սպիտակն` անմեղությունն ու մաքրությունն է, իսկ նարնջագույնը` բախտն է եւ ուրախությունը (ճապոնուհի հարսները նարնջագույն զգեստներ են հագնում): Գույների սիմվոլիկ նշանակությունները կտավների վրա նոր նշանակություն են ստանում:

– Հայաստանը ձեզ համար նո՞ւյնպես Հայրենիքի սիմվոլը դարձավ:

– Երկար էր իմ ճանապարհը դեպի Հայաստան. աշխարհի ամեն մի ծակում գրեթե եղել եմ: Եվ միշտ ցանկացել եմ գալ Հայաստան: Շատ լավ հիշում եմ Հայաստան կատարած իմ առաջին այցը: Առաջին անգամ Արարատը տեսա, երբ 13 տարեկան էի: Կանգնած էի, ու արցունքներս թափվում էին, չէի կարողանում զսպել հուզմունքս: Հասկացա, որ պետք է նկարեմ տեսածս, բայց թուղթ չունեի: Ու քանի որ մոտս «Սասունցի Դավիթ» գիրքն էր, որը ես կարդում էի, որոշեցի այդ գրքի սպիտակ էջերի վրա նկարել: Այդ գիրքը երկար ժամանակ միշտ ինձ հետ է եղել, արվեստանոցումս է կախված: Սիդնեյում գտնվող արվեստանոցն էվկալիպտի ծառերով է շրջապատված, ես շատ եմ սիրում բակում նստել ու փորձում եմ բնությունը զգալ: Եվ պատկերացրեք, մի գեղեցիկ առավոտ նկատում եմ, որ էվկալիպտի ճյուղերն այնպես են ծռմռված, որ իսկական Սիսն ու Մասիսն են դարձել: Իմ տեսած Մասիսը ու ճյուղերը համարյա նույնն էին: Դա շատ զարմանալի էր: Հետո ես սկսեցի նաեւ բանաստեղծություններ գրել:

– Հայաստանը սփյուռքում ապրող հայերի համար շարունակո՞ւմ է ներշնչանքի աղբյուր մնալ:

– Սփյուռքը 15-րդ դարից է սկիզբ առնում: Եվ Սփյուռքում անընդհատ հայությունը պահպանելու աշխատանք է արվում: Կարծում եմ, որ ազգ լինելը զգացմունք, մտածմունք ու մենթալիտետ է: Լեզուն հետո է գալիս: Սկզբում մարդն է, ով սկսում է իր համար տառեր, բառեր գտնել, որպեսզի կարողանա իր զգացածն արտահայտել: Հայ լինելու համար ամենակարեւորը լեզուն չէ, այլ` զգացածը: Կարող ես արաբերեն կամ ֆրանսերեն խոսել, բայց քո ներքինը հայկական լինի: Ես հիմա աշխարհի մեջ եմ, հայ լինելս ապացուցելու հոգ չունեմ, քանի որ ամեն տեղ գրվում է, որ հայ եմ: Սփյուռքահայերի իմ սերունդը շարունակում է հայ մնալ: Ես Հայաստանում շատ մարդկանց հետ եմ զրուցել ու գիտեմ, որ մենք տարբեր ենք զգում մեր Մայրենիքը: Միգուցե այն պատճառով, ոչ մենք Մայրենիքից հեռու ենք, մեր կարոտը շատ ավելի մեծ է:

– Պերֆորմանսից ծնված նկարներն ի՞նչ ճակատագիր են ունենում:

– Ես միշտ նվիրում են իմ նկարներն այն երկրներին, որտեղ դրանք ստեղծվել են: Ամեն երկրին իմ հարգանքն եմ տալիս. էներգիա եմ ստանում ու հարգանք եմ տալիս: Իմ աշխատանքները բարեգործական աճուրդներում են ներկայացվում, իսկ վաճառքից ստացված գումարը բարեգործական նպատակների է ծառայում, հիմնականում` որպես օգնություն երիտասարդ պարողներին կամ երաժիշտներին: Հայաստանի Պատկերասրահին էլ պիտի նվիրեմ: