Կիտրոն

07/06/2006

Չորացած կիտրոնը կթարմանա, եթե ընկղմեք սառը ջրով լի ամանի մեջ։ Ջուրը օրվա ընթացքում փոխեք 1-2 անգամ։

Որպեսզի կտրված կիտրոնը պահեք, կտրվածքին քսեք ձվի սպիտակուց եւ թողեք չորանա։

Եթե ուզում եք կիտրոնից շատ հյութ քամել, ապա նախքան քամելը կիտրոնը ընկղմեք տաք ջրի մեջ։

Կիսաչորացած կիտրոնը կամ նարինջը կարելի է թարմացնել` այն մի քանի վայրկյանով տաք ջրի մեջ ընկղմելով։ Դրանից հետո հարկավոր է փաթաթել անձեռոցիկով։

Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կարելի է ստանալ նաեւ առանց կիտրոնը կտրելու։ Դրա համար բավական է լուցկու հատիկի սրած ծայրը խրել նրա մեջ, քամել անհրաժեշտ քանակությամբ հյութը եւ առաջացած անցքի մեջ մտցնել նույն լուցկին։ Այդ ձեւով կիտրոնը մի քանի օր թարմ կմնա։

Ելակի վառ կարմիր գույնը պահպանելու համար այն մատուցելուց առաջ վրան ցանեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ։

Եթե բանջարեղեն կամ հատապտուղ մաքրելիս ձեռքերը սեւացել են, ապա կարելի է սրբել կիտրոնի հյութով կամ կիտրոնի աղի լուծույթով։

Որպեսզի կիտրոնը տնային պայմաններում ավելի երկար դիմանա, անհրաժեշտ է ընտրել անվնաս եւ ամուր պտուղներ, առանց լվանալու սրբել չոր սրբիչով, շարել ապակյա տարայի մեջ, բերանը ծածկել թղթով կամ պոլիէթիլենե տոպրակով եւ կապել։

Կիտրոնը թարմ պահելու համար պետք է կաթսայի տակ աղ լցնել, կիտրոնները շարել վրան եւ անպայման ծածկել կափարիչով։ Սառնարան չլինելու դեպքում կարելի է պահել սառը ջրում, որը պետք է հաճախակի փոխել։

Լվացած ու լավ սրբած կիտրոնները կտրել կեղեւի հետ միասին (չժանգոտվող դանակով), մոտավորապես 5 մմ հաստության շերտերով, տեղավորել ապակյա բանկայի մեջ եւ յուրաքանչյուր շերտի վրա ցանել շաքարավազ, վերջում նույնպես երեսը ծածկել շաքարավազով։ Յուրաքանչյուր բանկայում շաքարի եւ կիտրոնի հարաբերակցությունը պետք է լինի հավասար։ Այս ձեւով կիտրոնը կարելի է պահել մինչեւ 4-5 ամիս։

Կիտրոնը երկար թարմ կմնա նաեւ, եթե այն դնեք պոլիէթիլենային տոպրակի մեջ, բերանն ամուր կապեք եւ այդպես դնեք ապակյա կամ հախճապակյա ամանի մեջ։

Ցիտրուսները լավ արդյունք են տալիս սրտանոթային հիվանդությունների ժամանակ։ Դրանց պարունակած կիտրոնաթթուն արագացնում է օքսիդացման պրոցեսները, իսկ կալիումի աղը, ֆոսֆորը նպաստում են սրտամկանի աշխատանքին։

Ցիտրուսներն առանձնապես օգտակար են սրտի դեկոմպենսացիայի եւ դրա հետ կապված` որովայնի խոռոչում հեղուկի կուտակման ժամանակ։ Դրանց միզամուղ հատկությունը, որը պայմանավորված է կալիումի աղի եւ C վիտամինի առկայությամբ, օգտագործվում է երիկամների հիվանդությունները բուժելիս։