Մաեստրոն պե՛տք է առողջանա

04/06/2006

Հունիսի 1-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում սուր ինսուլտային վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մաեստրո Օհան Դուրյանին: Երեկ մաեստրոյի առողջական վիճակը բժիշկները ծանր էին գնահատում, սակայն վերակենդանացման բաժանմունքում անգամ ինքը՝ Օհան Դուրյանը, բժիշկների հավաստմամբ, չի դադարում չափ տալուց: Մաեստրոն այսօր պետք է մեկներ Մոսկվա, որպեսզի հունիսի 4-ին 4 ժամանոց փորձ կատարեր Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Իսկ հունիսի 8-ին Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ պետք է մեկներ Պեկին՝ մասնակցելու Ռուսաստանի մշակույթի օրերին: «Ոչ միայն լավ էր, այլեւ իրեն բնորոշ կերպով նյութին հրաշալի տիրապետում էր, անգիր գիտեր: Նույնիսկ ծիծաղելով ասաց, թե՝ վերջում հասցրեցի չինական մարշը սովորել: Շատ հանգիստ էր իրեն զգում, այդ օրվա մեջ իր մեքենան վարել էր, երեկոյան 5-6-ի սահմաններում մենք զրուցեցինք. լավ տրամադրությամբ էր»,- վստահեցնում է Օհան Դուրյանի մտերիմ Վահան Վարդապետյանը՝ ավելացնելով, որ նույնիսկ շտապօգնության մեքենայի մեջ մաեստրոն, քիչ թե շատ իրեն հավաքելով, ձեռքը բարձրացրել եւ սկսել է չափ տալ: «Հարցրեցի՝ մաեստրո, ի՞նչ ես անում: Ասաց՝ պետք է վաղն աշխատեմ: Ասացի՝ գնանք, որ վաղը կարողանաս աշխատել: Ասաց՝ վաղն անպայման պիտի աշխատեմ, Գլինկա»:

Կարդացեք Բժիշկները մաեստրոյի վիճակը ծանր են գնահատում