«PanArmeniant» կայքը, վկայակոչելով հնդկական «Economic Times»-ին, հաղորդում է, որ հնդկական «Vedanta Resources» ընկերությունը պատրաստվում է դուրս գալ գունավոր մետաղների հայկական շուկա: Հիշեցնենք, որ ընկերությունը Հնդկաստանում գունավոր մետաղների արդյունաբերման առաջատարն է: «Vedanta Resources»-ի շահագրգռվածությունը պայմանավորված է ոսկու գնի անհամեմատելի աճով: Ընկերությունը պատրաստվում է ներդրումներ կատարել հայկական «Sterlite Gold»-ում: Նախագծի ընդլայնման համար հարկավոր է 70-80 մլն դոլար: Ներկայումս «Vedanta Resources»-ը քննարկում է գործընթացային հարցերը՝ կապված այս գործարքի ֆինանսավորման սխեմայի հետ: Փորձագետների կարծիքով, «Economic Times»-ի այս հրապարակումն այնքան էլ չի կապվում մերձկառավարական շրջաններում տարածված այն լուրերի հետ, որոնց համաձայն` «Sterlite Gold»-ը հրաժարվում է շահագործել Սոդքի հանքերը: Բացի այդ, Սոդքի ոսկու վերամշակման նոր գործարանի կառուցումը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանական նկատառումների տեսանկյունից եւ դժգոհությամբ է ընդունվել Հայաստանի կառավարության ու մի շարք «կանաչների» կողմից: Գործադիր իշխանությունը ցույց է տվել, որ հետաքրքրված չէ այդ նախագծով եւ նույնիսկ չի պատրաստվում քննարկել այն: