Ամեն ինչ արվեց ըստ սցենարի

04/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Երեկ ԱԺ-ը վավերացնում էր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ` Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների վերաբերյալ որոշումները, որոնք թափուր էին մնացել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած հրաժարականներից հետո: Գրեթե մեկ շաբաթ է, ինչ այս խնդիրը, չհաշված Տիգրան Թորոսյանին ԱԺ նախագահ ընտրելը, դարձել էր իշխանության վերնախավի ամենալուրջ քննարկման թեման:

Իսկ նախագահական նստավայրում կայացած կոալիցիայի վերջին նիստում որոշում էր կայացվել, որ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ պետք է ընտրվի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արամայիս Գրիգորյանը, իսկ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում` ՄԱԿ անդամ Մնացական Պետրոսյանը, որի ղեկավար Գուրգեն Արսենյանն արդեն համաձայնել էր ՕԵԿ թողած գործադիրի պաշտոնները եւս ստանձնել: Այդպես էլ եղավ: ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններն անցան նախապես ծրագրված սցենարով եւ քվեարկության շուրջ մեկ ժամվա ընթացքում որեւէ հետաքրքիր բան տեղի չունեցավ: Միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էր, որ մռայլ դեմքով պարբերաբար մոտենում էր հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մելիքյանին, նրանից հետաքրքրվում, թե ՀՀԿ խմբակցության կամ նրա վերահսկողության տակ գտնվող պատգամավորներից ով չի եկել քվեարկության: Հետո այդ «դասալիքների» ցուցակը տանում էր խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի մոտ: Գալուստ Գրիգորիչն էլ հեռախոսազանգի միջոցով արագ բերման էր ենթարկում նրանց: Իսկ երբեմն-երբեմն էլ տխուր ու մռայլ դեմքով անձամբ էր գալիս ստուգելու՝ իր հրահանգը կատարվա՞ծ է, թե՞ ոչ: «Ո՞նց են անցնում քվեարկությունները»,- հարցրինք հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանին: «Ազատ, արդար եւ ամենակարեւորը՝ թափանցիկ»,- պատասխանեց նա: Ի դեպ, վերջինս քվեարկության ողջ ընթացքում, կանգնելով երկու քվեախցերի արանքում, ուշադրությամբ հսկում էր, որ պատգամավորները հանկարծ հրահանգից չշեղվեն:

Եթե քվեարկության պրոցեսն անցավ մռայլ ու տխուր հայացքների ներքո, ապա մինչ այդ բավական զավեշտալի էր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման պրոցեսը: Այս պաշտոնին ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն առաջադրեց Արամայիս Գրիգորյանին, ԱԺ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն էլ առաջադրեց հանձնաժողովի նախկին նախագահ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի թեկնածությունը, ով ընդամենը մի քանի օր առաջ էր հրաժարական տվել այդ պաշտոնից: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ առաջարկեց Հմայակ Հովհաննիսյանի թեկնածությունը: Սակայն Հ. Հովհաննիսյանը, պատճառաբանելով, որ ինքն անկախ պատգամավոր է, եւ իր թիկունքին որեւէ քաղաքական ուժ չկա կանգնած, ինքնաբացարկ հայտարարեց, ավելացնելով, որ եթե այդպես է, ինքը հիմա առաջադրում է Վիկտոր Դալլաքյանի թեկնածությունը: Բայց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այդ առաջադրումը չընդունեց` մեկնաբանելով, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի առաջադրելու մեկ թեկնածուի: «Կարծում եմ, իսկապես պետք է մի քիչ լրջանալ»,- պատգամավորներին լրջության կոչ արեց նորընտիր ԱԺ նախագահը: Եվ այնուհետեւ նա բանավեճի բռնվեց Հմայակ Հովհաննիսյանի հետ: Տ. Թորոսյանը երեկ չէր ցանկանում ընդունել Մհեր Շահգելդյանի թեկնածության առաջադրումը: «ՕԵԿ-ը հրաժարվել է մասնակցելու հանձնաժողովների նախագահների ընտրություններին: Մենք բարձր ենք գնահատում Մհեր Շահգելդյանի աշխատանքը հանձնաժողովում: Բայց պարզ է տրամաբանությունը. երբ մարդիկ հայտարարում են, որ չեն մասնակցում ընտրություններին, ապա մենք պարտավոր ենք հարգել իրենց մոտեցումն ու այլ նպատակներով չօգտագործել նրանց անունները, քանի որ մեր գործընկերները չեն մասնակցում ընտրությանը, ակնհայտ է, որ նրանք դեմ են իրենց առաջադրումներին: Սա պարզ տրամաբանություն է: Այդ պատճառով մենք ունենք մեկ թեկնածու»,- մեկնաբանեց նա: Հմայակ Հովհաննիսյանը փորձում էր Թորոսյանին ամեն կերպ բացատրել, որ վերջինս խախտում է ԱԺ կանոնակարգը, եւ Տ. Թորոսյանն իրավունք չունի Մ. Շահգելդյանի փոխարեն վճիռներ կայացնել: «Ես կոչ եմ անում հարգել ՀՀ Սահմանադրությունը, որն ասում է, թե պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ առաջնորդվում է իր սեփական խղճի մտոք: Քանի որ Մհեր Շահգելդյանը ինքնաբացարկ չհայտնեց, նրա անունը պետք է զետեղել քվեաթերթիկում: Ընտրությունները կլինեն այլընտրանքային, եւ դրանով կպահպանենք խորհրդարանի իմիջը»,- Տիգրան Թորոսյանին հակադարձեց Հ. Հովհաննիսյանը: Վերջապես ընդունվեց հարմար տարբերակ. Տ. Թորոսյանն առաջարկեց Մհեր Շահգելդյանի կարծիքն իմանալ քարտուղարության միջոցով, կամ էլ՝ եթե նա ԱԺ-ում է, ապա հրավիրել դահլիճ: «Օրինաց երկիրն» իր ամբողջ կազմով երեկ բացակայում էր ԱԺ-ից, քանի որ, ինչպես հայտարարել էր ԱԺ այլեւս ՕԵԿ ֆրակցիայի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, իրենք նպատակահարմար չեն գտնում հանձնաժողովների նախագահների ընտրություններին մասնակցելը: Վայրկյաններ անց Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե Մհեր Շահգելդյանն ինքնաբացարկ է ներկայացրել, իսկ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մխեյանն էլ խնդրել է փոխանցել, որ իր թեկնածությունը եւս հանկարծ չառաջադրեն, այլապես ստիպված կլինի ինքն էլ ինքնաբացարկ հայտնել: Թե մի քանի վայրկյանի ընթացքում ինչպես էր ԱԺ-ից բացակայող Մհեր Շահգելդյանն իմացել իր առաջադրման մասին ու հասցրել ինքնաբացարկ հայտնել, այդպես էլ պարզ չդարձավ: Երբ այդ մասին հետաքրքրվեցինք ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից, վերջինս պատասխանեց. «Բայց ի՞նչ տարբերություն: Ես ասում եմ, որ Մհեր Շահգելդյանն ինքնաբացարկ է հայտարարել, ուրեմն ինքնաբացարկ է հայտարարել»:

Չնայած, այս հարցում Տ. Թորոսյանն այնքան էլ մեղավոր չէր, քանի որ ԱԺ կանոնակարգում հստակ չի նկարագրված, թե թեկնածուներն ինչպես են ինքնաբացարկ հայտնելու՝ հեռախոսազանգի միջոցո՞վ, գրավո՞ր, թե՞ անձամբ դահլիճ ներկայանալով: Եվ օրենքի այս սողանցքն էլ հնարավորություն էր տվել Շահգելդյանի ինքնաբացարկի ցանկության մասին տեղեկանալ ԱԺ քարտուղարության միջոցով՝ նրա հետ հեռախոսով զրուցելիս:

Այսքանից հետո Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե իր տպավորությամբ մենք ապրում ենք դեռ բրեժնեւյան ժամանակաշրջանում: «Այն տպավորությունն է ստեղծվում, որ մենք ապրում ենք ոչ թե 2006 թվականի պայմաններում, այլ 1970-ականներին, երբ ամեն ինչ կանխորոշված էր. մեկ թեկնածու, մեկ անձ եւ այլն: Իսկ այդ իրավիճակը շատ տխուր է, պարոնայք: Եվ որոշ առումներով իրավիճակը կարող է զավեշտի հասնել»,- նախօրեին տեղի ունեցած ԱԺ նախագահի, իսկ երեկ էլ` երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններից իր տպավորությունն այսպես արտահայտեց Վ. Դալլաքյանը:

Ի տարբերություն Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրումներն անցան առանց նման միջադեպերի: ՄԱԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանն առաջադրեց իր կուսակից ընկերոջ, նույն հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանի թեկնածությունը եւ վերջ: Այսքանից հետո ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե իրեն չի՞ մտահոգում, որ վերջին շրջանում բոլոր ընտրություններն անցկացվում են մեկ թեկնածուով՝ քվեարկողներին զրկելով այլընտրանքի հնարավորությունից: «Իհարկե չի մտահոգում: Պետք է տարբերակել երեւույթները: Նախագահական կամ խորհրդարանական ընտրությունն այլ բան է, ԱԺ ներսում ընտրությունն` այլ բան: ԱԺ ներսում ողջունելի է քաղաքական քննարկումների ընթացքում ընդհանուր տեսակետի ձեւավորումը: Իսկ այդ տեսակետը ձեւավորվում է նախապես քննարկման արդյունքում, ի տարբերություն նախագահական ընտրությունների, որտեղ նախապես քննարկման մեխանիզմ գոյություն չունի»,- կատարվածն այսպես փորձեց մեկնաբանել Տ. Թորոսյանը:

Ինչեւէ, 71 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ` ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մնացական Պետրոսյանը: Իսկ Արամայիս Գրիգորյանն ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց 70 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ: Ի դեպ, նկատենք, որ քվեարկությանը մասնակցել էր 72 պատգամավոր: Թե ինչ եղավ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության մեկ քվեաթերթիկը, այդպես էլ հայտնի չդարձավ:

Հ.Գ. ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը քվեարկությունից առաջ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե այս անգա՞մ էլ պետք է քվեաթերթիկը ցույց տան, նոր գցեն քվեատուփի մեջ: «Սուս մնա, կողքդ լրագրող է կանգնած»,- մեզ մատնացույց անելով` սաստեց Գ. Սահակյանը: