Իսկ «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ Կարապետ Ռուբինյանի հավաստմամբ, այդ գործողությունները ռուսական մեծապետական շովինիզմի եւ ֆաշիստական քարոզչության հետեւանք են: «Թիրախը միայն հայերը չեն, այլ պարզապես օտարազգիները,- ասել է Կարապետ Ռուբինյանը՝ նկատելով,- կա մի նրբերանգ, որը զարմանք է հարուցում՝ ինչո՞ւ է ռուսական մեծապետականությունը զոհ ընտրել հատկապես հետխորհրդային տարածքի երկրների քաղաքացիներին»: «Ռուսաստանը դեռ դեգերումների մեջ է. ի՞նչ է ուզում դառնալ՝ սուպեր երկի՞ր, սովորական երկի՞ր, ինչպես եվրոպական միջին մակարդակի երկրները, դեմոկրատակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, ուրույն դեմոկրատիայի երկիր, ինչպես իրենք են անվանում: Ռուսաստանը դեռ կայացման մեջ է, եւ այդ կայացման փուլում իհարկե կլինեն տարբեր մարգինալ խմբեր, աղքատ մարդկանց շրջանակներ, որտեղ կծնվի այդ ֆաշիզմի գաղափարը, որը որ փնտրում է մեղավորներ»,- ասել է Հ. Բաբուխանյանը: Ըստ նրա, խնդիրը նաեւ աշխարհաքաղաքական հարթության վրա է: Վերջինիս կարծիքով, ֆաշիստական եւ ռասիստական տրամադրություն Ռուսաստանում կարող են հրահրել հենց Ռուսաստանի թշնամիները, որպեսզի թուլացնեն հետխորհրդային երկրներում Ռուսաստանի ազդեցությունը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի կողմից կատարվելիք քայլերին, ապա, ըստ Հ. Բաբուխանյանի՝ «Մենք էլ պետք է քարոզենք, որ հային սպանելը նշանակում է ոտնձգություն Ցեղասպանություն տեսած ազգի հանդեպ»։ Իսկ Կ. Ռուբինյանի կարծիքով՝ «եթե խնդիրն իմիջն է, ապա Հայաստանի իշխանությունը պետք է բարձրացնի նաեւ ադրբեջանցիների, վրացիների, չեչենների, կաբարդինոբալկարների եւ այլ օտարազգիների իմիջը, քանի որ Ռուսաստանում այդ բոլոր ազգերի ներկայացուցիչներն են թիրախի տակ, եւ հայերին սպանելուց չեն հարցնում, թե ինչ ազգի ներկայացուցիչ է: Ես կարծում եմ՝ Ռուսաստանի մեր հայրենակիցները պետք է մտածեն ինքնապաշտպանության մասին: Խոսքն ինքնապաշտպանության տարբեր ձեւերի մասին է: Ամենառեալ ինքնապաշտպանությունը կլինի լքել այդ երկիրը հնարավորության սահմաններում եւ վերադառնալ Հայաստան: Դուք կասեք՝ վերադառնան ի՞նչ անեն: Ես կասեմ` վերադառնան՝ անեն այն, ինչ մենք ենք անում։ Եթե մենք գործազուրկ ենք, ապա թող գնացածներն էլ գան ու գործազուրկ լինեն ու պայքարեն իրենց իրավունքների համար»:
Սեփ. լր.