Մայիսի 31-ին «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը USAID-ի «Մասնավոր մրցունակ հատված Հայաստանում» ծրագրի աջակցությամբ «օն-լայն» ռեժիմով տեսաժողով անցկացրեց կառավարման ոլորտի աշխարհահռչակ գիտնական, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի հետ:
Նա մշակել է «Մրցունակության միկրոտնտեսագիտության» համալսարանական դասընթացը, որը բացի Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցից, դասավանդվում է նաեւ աշխարհի ավելի քան 50 համալսարաններում: «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն արդեն 3 տարի է, ինչ այս դասընթացը դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: Քանի որ Մ. Պորտերը վերջին տարիներին ծանոթացել է Հայաստանի տնտեսությանը, ուստի տեսաժողովի ժամանակ նա պատասխանում էր հիմնականում մեր երկրի մրցունակությանն առնչվող հարցերին:
Մայքլ Պորտերը սխալ է համարում, երբ տնտեսության զարգացման ուղիներ փնտրելիս համապատասխան մարմինները ֆիքսվում են միայն երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վրա: Կարեւորելով դրանք՝ Մ. Պորտերն, այնուամենայնիվ, գտնում է, որ մրցունակության համար շատ ավելի կարեւոր են միկրոտնտեսական պայմաններն, այսինքն՝ նրանք, որոնք ընկած են ձեռնարկությունների արտադրողականության հիմքում: «Մրցունակությունն արտադրողականության արդյունք է»,- ասում է ամերիկացի պրոֆեսորը:
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղեր հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) եւ տուրիզմի ոլորտները: Սակայն միգուցե ավելի ճիշտ է ուշադրությունը կենտրոնացնել լեռնամետալուրգիայի կամ ադամանդագործությա՞ն վրա: Պորտերը կարծում է, որ բոլոր ճյուղերն էլ «լավն» են, եւ չպետք է դրանք առանձին զարգացնել: Սա, թերեւս, ակնարկ էր մեր իշխանություններին, որ չի կարելի այս կամ այն ճյուղը բաց թողնել պետության ուշադրության դաշտից եւ ընտրել միայն մեկ-երկուսը: Ինչ վերաբերում է ՏՏ-ին, ապա պրոֆեսորը գտնում է, որ այս ոլորտի զարգացումը կարող է մեծապես ազդել Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Նա բերեց Էստոնիայի օրինակը: Մերձբալթյան այս երկիրն այսօր դարձել է «տեղեկատվական հսկա»: Եվ այս ամենը լոկ նրա շնորհիվ, որ պետությունը մեծ պահանջարկ է ստեղծում ՏՏ ծառայությունների նկատմամբ, հենց պետությունն է դրանց խոշորագույն սպառողը:
Բնականաբար, Հայաստանի մասին խոսելիս Մայքլ Պորտերը ստիպված էր պատասխանել նաեւ կոռուպցիային վերաբերող հարցին: Նա նշեց, որ Հայաստանի նման երկրում, որը բնական ռեսուրսներ չունի, ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ է վերացնել կոռուպցիան, տնտեսության մոնոպոլ ճյուղերը դարձնել մրցակցային: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել տնտեսության հաջողությունների մասին: Ըստ Մայքլ Պորտերի, մեր պետությունը պետք է մտածի այս ուղղությամբ, պետք է ստեղծի «մաքուր կառավարություն»: Նա բերեց Սինգապուրի օրինակը. այդ երկրում թեեւ ավտորիտար ռեժիմ է տիրում, այնուամենայնիվ կառավարությունը «մաքուր» է եւ չկոռումպացված: Այսինքն, կարելի է իշխել՝ նաեւ առանց ժողովրդին թալանելու: Եվ ընդհանրապես, պրոֆեսորը շատ զգացմունքային եւ միեւնույն ժամանակ խիստ տոնով հայտարարեց, թե՝ «Կառավարությունը երբեք բիզնեսի մեջ չպետք է լինի»:
Ինչ վերաբերում է հայկական մեծ Սփյուռքին, ապա Մ. Պորտերը գտնում է, որ սփյուռքահայերին պետք է դիտարկել որպես սովորական ներդրող: Նրանց համար նույնպես շատ կարեւոր են կոռուպցիան, Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, կառավարության եւ բիզնեսի համագործակցության մակարդակը: Նրա կարծիքով, Սփյուռքի ներդրողներին «հնարավոր չէ խաբել» կամ խոսքերով ինչ-որ բանում համոզել: Նրանք ամեն ինչ տեսնում ու հասկանում են: Միգուցե դա՞ է պատճառը, որ Սփյուռքի դերը Հայաստանի տնտեսության մեջ այդքան էլ մեծ չէ:
Ինչպե՞ս է Մ. Պորտերը գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի ձեռքին է: Այս հարցին պրոֆեսորը խուսափեց հստակ պատասխանել: Նա միայն նշեց, որ Հայաստանում ավելի լավ գիտեն տնտեսության մեջ Ռուսաստանի դերի կարեւորության մասին: Ինչ վերաբերում է ՀՀ-ում միջազգային խոշոր կազմակերպությունների, մասնավորապես` Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայությանը, ապա Պորտերն այն դրական է գնահատում: Սակայն գտնում է, որ այդ կառույցներն ընդամենը մակրոտնտեսական նախապայմաններ եւ ենթակառուցվածքներ են ապահովում, իսկ «իրական հարստությունը ստեղծում են ընկերությունները»:
Մեկժամյա տեսաժողովի ընթացքում Մ. Պորտերը հուսադրեց հայերին՝ ասելով, որ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ շատ փոքր երկրներ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում հասել են հաջողության: