Այն բանից հետո, երբ ընտրացուցակների պատասխանատվությունը դրվեց ոստիկանության վրա, հայրենի իրավապահները սկսեցին նոր թափով կատարելագործել ընտրակեղծիքների մեխանիզմները: Նախորդ կիրակի օրը Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Արդյունքում գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Մհեր Բուլոյանը: Մեր աղբյուրների պատմելով, Մհեր Բուլոյանի ընտրվելուն մեծապես օգնել են ոստիկանները: Բանն այն է, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ոստիկանության Անձնագրային վարչությունը շուրջ 60 մարդու Քարաբերդի բնակչի գրանցում է տվել: Եվ ընտրությունների օրը նրանք դատարանի համապատասխան վճռով իրավունք են ունեցել քվեարկելու: Մեր աղբյուրները պնդում են, որ այդ նոր գրանցված 60 հոգին գյուղի հետ կապ չունեցող անձինք են: Ի դեպ, Մ. Բուլոյանի եւ նրա մրցակից թեկնածուի միջեւ ձայների տարբերությունը եղել է ընդամենը18 քվե: Եվ եթե այդ 60 հոգուն Քարաբերդի գրանցում չտային, ապա Բուլոյանը հաստատ չէր հաղթի: Ի դեպ, մրցակից թեկնածուն արդեն դիմել է մարզի առաջին ատյանի դատարան եւ բողոքարկել գյուղապետի ընտրությունների արդյունքները: