Բժիշկները մաեստրոյի վիճակը ծանր են գնահատում

04/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հունիսի 1-ին, առավոտյան ժամը 4-30-ի սահմաններում շտապօգնության բրիգադը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխել մաեստրո Օհան Դուրյանին: «Նաիրի» բուժկենտրոնի Անգիոնյարդաբանության բաժանմունքի վարիչ, Օ. Դուրյանին բուժող բժիշկ Սյուզաննա Մելիքյանի տվյալներով՝ հիվանդն անմիջապես հոսպիտալիզացվել է վերակենդանացման բաժանմունք, եւ նրան առաջնահերթ բուժգնություն է ցուցաբերվել: Ս. Մելիքյանի բնորոշմամբ՝ հիվանդության ընթացքը ծանր է, ախտորոշվել է իշեմիկ ինսուլտ աջ կիսագնդում, որը բավականին մեծ օջախ է: Երկրորդային ցողունի հետ կապված սիմպտոմներ կան, շնչառական, խոսակցական խանգարումներ եւ կլլման ակտի հետ կապված խանգարումներ եւս կան: Ներկայումս մաեստրոն շնչում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ: Թեեւ նա հիվանդանոց է տեղափոխվել գիտակից վիճակում, այդուհանդերձ, տիկին Մելիքյանը նշեց, որ գիտակցության գրգռվածություն է եղել նրա մոտ. «Մի քիչ ոչ ադեկվատ էր, չէր գիտակցում իր հիվանդության ծանրությունը եւ, թե որտեղ է ինքը գտնվում: Շփոթված էր: Խոսակցական խանգարումներ կային, քանի որ օջախն այնպես էր, որ երկրորդային խոսակցական խանգարումներ կային, դժվար էր հասկանալ մաեստրոյի խոսակցությունը»,- ասաց տիկին Մելիքյանը՝ վստահեցնելով, որ հիվանդությունն ընթացքի մեջ է, եւ օջախը գնալով մեծացել է: Օ. Դուրյանն անգամ վերակենդանացման բաժնում ձեռքերով չափ է տվել, ինչին բժիշկն այսպես արձագանքեց. «Դրանք ենթակեղեւային շարժումներ են, եթե հաշվի առնենք իր մասնագիտությունը, իր էությունը, նա միշտ աշխատանքի մեջ է, աշխատանքը հնչում է իր մեջ»: Այնուամենայնիվ, բժիշկը մաեստրոյի վիճակը ծանր է գնահատում, սակայն հորդորում է հույսը չկորցնել: Եթե օջախը լավանա, հետագայում արդեն վերականգնվող շրջանն ավելի ակտիվ կլինի: Մաեստրոն հիվանդանոց է ընդունվել հիվանդության ընթացքի մեջ, իսկ ինֆարկտի եւ ինսուլտի դեպքում առաջին 3-4 օրը համարվում է սուր շրջան: Ըստ բժշկի, հիվանդության ընթացքը դեռեւս կայուն չէ, եւ չի բացառվում, որ մաեստրոյի վիճակն է՛լ ավելի վատանա:

Հիվանդանոցի նախասրահում Օ. Դուրյանի առողջական վիճակին էին հետեւում բազում մարդիկ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր տիկինը, Օ. Դուրյանի կինը՝ տիկին Ալիսան, եւ բժիշկ Վահան Վարդապետյանը, ով մշտապես ուղեկցում է մաեստրոյին: «Գիշերն ինձ զանգահարեց տիկին Ալիսան եւ հայտնեց, որ մաեստրոն վատ է զգում: Իսկ նախորդ օրերին նա շատ լավ էր իրեն զգում, ոչ մի բողոք: Նույնիսկ պատրաստ էր իր ծրագիրը, եւ պետք է մեկնեինք Մոսկվա»,- ասաց Վ. Վարդապետյանը, ում հետ մաեստրոն հունիսի 3-ին պետք է մեկներ Մոսկվա, որպեսզի ամսի 4-ին 4 ժամանոց փորձ կատարեր Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Իսկ հունիսի 8-ին Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ պետք է մեկնեին Պեկին, որպեսզի Ռուսաստանի մշակույթի օրերին համերգով մասնակցեին Պեկինի բացօթյա հրապարակում: «Ոչ միայն լավ էր, այլեւ իրեն բնորոշ կերպով նյութին հրաշալի տիրապետում էր, անգիր գիտեր: Նույնիսկ ծիծաղելով ասաց, թե` վերջում հասցրեցի չինական մարշը սովորել: Շատ հանգիստ էր իրեն զգում, այդ օրվա մեջ իր մեքենան վարել էր, երեկոյան 5-6-ի կողմերին մենք զրուցեցինք, լավ տրամադրությամբ էր»,- վստահեցնում է Վ. Վարդապետյանը, ում նույն օրը գիշերն ահազանգել են մաեստրոյի վատ ինքնազգացողության մասին հայտնելով: Նա նկատել է, որ ինսուլտի նշան է, քանի որ ամբողջ ձախակողմյան շրջանը թուլացած է եղել, եւ մի կերպ համոզել են տեղափոխել հիվանդանոց: Շտապօգնության մեքենայի մեջ մաեստրոն քիչ թե շատ իրեն հավաքելով` ձեռքը բարձրացրել եւ սկսել է չափ տալ. «Հուզիչ էր շատ, հարցրեցի՝ մաեստրո, ի՞նչ ես անում: Ասաց` պետք է աշխատեմ վաղը: Ասացի` գնանք, որ վաղը կարողանաս աշխատել: Ասաց՝ վաղն անպայման պիտի աշխատեմ, Գլինկա»: Վ. Վարդանյանն ասում է, որ մաեստրոն այս համերգին շատ մեծ սպասելիքներով է նախապատրաստվել, որովհետեւ այս միջոցառումն արտակարգ մեծ նշանակություն ուներ իր համար: Ավելին՝ պետք է նկարահանվեր իր մասին ֆիլմ: Ինչեւէ, Վ. Վարդանյանը վստահեցնում է, որ մինչ այս երբեւէ մաեստրոյի զարկերակային ճնշումը չի բարձրացել, ուղեղային անոմալ երեւույթներ չեն եղել, եւ, չնայած 83 տարեկան հասակին, շատ լավ հիշողություն է ունեցել: «Մեր դժբախտությունն այն էր, որ այս նախորդ տարիներին մեր հանդիսատեսը զրկվեց մաեստրոյի ելույթներից, եւ նա միայն դրսում էր համերգներ տալիս: Այդ ծանր տառապանքը բնականաբար անդրադառնում էր նրա վրա»,- նշում է նա: Վ. Վարդապետյանն այնքան է հիասթափվել վերջին ժամանակաշրջանի մեր խաթարված մարդկային փոխհարաբերություններից, երկրից, որ իր համար այս ավերված Հայաստանում մաքուր Հայաստանը միայն Օհան Դուրյանն է: «Հիմա ես մտածում եմ, որ սա ահռելի մեծ կորուստ է բոլոր մարդկանց համար, որովհետեւ, երբ ամեն ինչից հիասթափված էի լինում, ես ունեի իմ մեծ աշխարհը՝ Հայաստանը»: