ԼՂՀ-ում խաղաղարար ուժերի տեղակայումն իրական չէ

04/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են շուտով խաղաղարար ուժեր տեղակայվել: Իսկ թե ինչո՞ւ է Իվանովն այդ հայտարարությունն արել՝ Ղարաբաղում տարբեր կերպ են մեկնաբանում:

Օրինակ, ղարաբաղյան մի վերլուծաբանի կարծիքով, այս օրերին, երբ Բուխարեստում պետք է կայանա Քոչարյան-Ալիեւ հանդիպումը, այդ հայտարարությունը հատուկ է արվել: Մեր զրուցակիցը՝ հիշեցնելով մի քանի ամիս առաջ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, թե «խաղաղապահ ուժերի կազմում չեն կարող լինել համանախագահ-երկրների ուժերը», նշեց, որ, այդ առումով ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան բացառված է: Մյուս կողմից, դեռ 1994-ին Բուդապեշտում կողմերը պայմանավորվել են, որ խաղաղարարների տեղադրում կարող է լինել միայն համաձայնագիր ստորագրելուց հետո: ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ ամեն ինչ կախված է բուխարեստյան հանդիպումից, «եթե, իհարկե, առաջընթաց արձանագրվի»: Հակառակ դեպքում, պատգամավորի կարծիքով, հայտարարությունը կմնա թղթի վրա: Վահրամ Աթանեսյանի կարծիքով, ՌԴ նախարարի մակարդակով արված հայտարարությունը խոսում է հայտարարության լրջության մասին, եւ այն արժանի է ուշադրության: «Ես անձամբ ենթադրում եմ, որ Իրանի կրիզիսի հարցում Ռուսաստանի դերի հանդեպ մեր ունեցած ավանդական պատկերացումը, երեւի թե, սրբագրությունների կարիք ունի: Իրանական կողմի վերջին ակնհայտ անհավասարակշիռ քայլերը երկրին, կարծես, զրկում են նրան աջակցելու հնարավորությունից, այդ թվում նաեւ` Ռուսաստանի կողմից»,- այս կարծիքին է ԱԺ պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացն այսօր գտնվում է վճռորոշ փուլում: «Ակնհայտ է, որ միջազգային ուժերը շահագրգռված են խնդրի արագ կարգավորմամբ, քանի որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Եվրամիությունը Հարավային Կովկասում ունեն իրենց կենսական հայտարարված շահերը: Եվ եթե այս երեք բեւեռներից մեկը բոլոր հնարավորություններն օգտագործում է` հակամարտող կողմերին բերելու գոնե սկզբունքների հարցում համաձայնության, իսկ մյուս երկու կողմերը չեն ուզում կամ չեն կարող խոչընդոտել դրան, բնականաբար, բոլոր երեք բեւեռներն էլ ձգտում են ունենալ խաղաղարարի դափնիների իրենց բաժինը»,- ասում է Վ.Աթանեսյանը:

Իսկ Աժ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանն իրական չի համարում մոտ ժամանակներս խաղաղարար ուժերի տեղակայումը եւ կարծում է, որ Ռուսաստանը պարզապես ուզում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իր դերակատարումը եւս մեկ անգամ ընդգծել: «Բայց մինչեւ հակամարտող երկու կողմերի համաձայնությունը չլինի, ոչ մի խաղաղապահ ուժ չի կարող տեղակայվել, մանավանդ որ՝ ղարաբաղյան կողմը միշտ հակված է այն տեսակետին, որ ամենախաղաղապահ ուժը մեր պաշտպանության բանակն է, որն ամուր կանգնած է իր դիրքում: Մենք ոչ մի լուրջ սպառնալիք առայժմ չենք զգում եւ չենք կարող զգալ, որովհետեւ մեր բանակի մարտունակությունը մեզ վստահություն է ներշնչում: Ասեմ նաեւ, որ որոշ ժամանակ անց հնարավոր է նաեւ մի հայտարարություն էլ ԱՄՆ-ը անի: Բայց կրկնում եմ, որ մինչեւ կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց համաձայնությունը չտան, հնարավոր չէ որեւէ խաղաղապահ ուժի ներկայությունը տարածաշրջանում»,- ընդգծեց Ռ.Մարտիրոսյանը: «Իսկ գուցե արդեն պայմանավորվածություն կա՞»՝ մեր հարցին ի պատասխան, նա ասաց, որ գոնե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում: Նա ավելացրեց, որ խաղաղարար ուժերի տեղակայումն իր մեջ ներառում է տեղաբաշխման եւ տեխնիկական մի շարք բարդ խնդիրներ, եւ հայտարարություն անելուց առաջ պետք է մտածել ու լուծել նաեւ տեխնիկական այդ հարցերը: