«168 Ժամ», «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերն ապրիլին անդրադարձել էին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչների բողոքին, որն ուղղված էր Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Սամվել Ուզունյանի անօրինական գործողությունների դեմ:
Բնակիչները նույնիսկ պատրաստվում էին Վճռաբեկ դատարանի շենքի մոտ միտինգ անել: Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի ողբերգական դեպքերի դատավարության նախագահող դատավորն էր: Նորաշեն գյուղի բնակիչ 22-ամյա Սարգիս Սողոմոնյանը փախցրել էր իր հարսնացուին, ընդ որում` վերջինիս համաձայնությամբ: Այս նախաձեռնությունը, սակայն, աղջկա մորը, որը զբաղեցնում է Ս. Ուզունյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, դուր չէր եկել: Փեսացուի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հավաստմամբ՝ Ուզունյանն իր աշխատակազմի ղեկավարին աջակցելու նպատակով Ս. Սողոմոնյանին հրավիրել էր իր աշխատասենյակ եւ զենքով հարվածել: Այս սպառնալիքներից հետո աղջկա մայրը ստիպելով նրան տուն էր տարել, իսկ հաջորդ օրը ստիպել էր Ոստիկանությանը դիմում-բողոք ներկայացնել: Մարտի 22-ին Ս. Սողոմոնյանը ձերբակալվել էր: Նորաշենի բնակիչները մեզ հետ զրույցներում պնդում էին, որ այս զույգը երկար ժամանակ ընկերություն է արել, եւ գյուղացիները ճանաչում են աղջկան, քանի որ Ս. Սողոմոնյանը նրան պարբերաբար հրավիրել է իրենց տուն: Մեր տեղեկություններով` 2006թ. մայիսի 25-ին Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը քննության է առել Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի դատավորի վարքագծի կանոնագրքի խախտումներ թույլ տալու հարցը: Քննության համար հիմք էին հանդիսացել թերթերում հրապարակված հոդվածները: Էթիկայի հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում Ս. Ուզունյանը հայտնել է, թե ինքը Ս. Սողոմոնյանին երբեք չի տեսել, ուստի նրան ծեծի ենթարկել չէր կարող: Սամվել Ուզունյանի կողմից մեղադրյալին ծեծելու փաստը, բնականաբար, ժխտել են ինչպես Շենգավիթ համայնքի, այնպես էլ` Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունը: Առաջին հայացքից թվում էր, թե հարցը վերջապես քննարկման դրվեց եւ վերջապես դատական իշխանությունն անտարբեր չի մնում մի դատավորի կողմից կատարված անօրինական գործողություններին: Բայց հիշեցնենք, որ Ուզունյանը ինչ-որ մի դատավոր չէ, նա «Հոկտեմբերի 27»-ի դատավարության նախագահող դատավորն էր: Իսկ դա նշանակում է, որ նա դեռ երկար ժամանակ «Հոկտեմբերի 27»-ով անձեռնմխելի կլինի: Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը եզրահանգել է, որ թերթերում տպագրված հոդվածներում նշված փաստերը չեն հիմնավորվում եւ Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի կողմից դատավորի վարքագծի կանոնագրքի խախտումներ չեն կատարվել: Հետաքրքիրն այն է, որ էթիկայի հանձնաժողովն Ուզունյանին նաեւ «բարի խորհուրդ» է տվել նմանօրինակ իրավիճակներում ձեռնպահ մնալ լրատվամիջոցների հետ հարցազրույցներ ունենալուց:
Վերջերս շատ է խոսվում դատական համակարգի բարեփոխումների մասին: Լավ է, որ այսօր ուշադրություն է դարձվում վարքագծի կանոնները խախտող եւ արդարադատություն իրականացնող պետական այրերին, սակայն արդյոք հանձնաժողովն ի զորո՞ւ է դառնալու այնպիսի մարմին, որը չի խուսափի իր «կոլեգաների» վարքը քննադատելուց, «դաստիարակելուց»: Ինչպես, օրինակ, Ուզունյանի դեպքում, որին էթիկայի հանձնաժողովը պարզապես ընկերական խորհուրդ տվեց: Թե որքանով «դաստիարակվեց» Ուզունյանը, ժամանակը ցույց կտա: