Հայ Առաքելական եկեղեցին բավական օպերատիվ արձագանքեց «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմին եւ «Եվրատեսիլում» առաջին տեղը գրաված ֆիննական «Lordi» խմբի կատարմանը՝ համարելով, որ արվեստի սույն գործերը հակաքրիստոնեական արմատներ եւ նպատակներ ունեն: Մինչդեռ, նույն այդ ֆիլմի գովազդի եւ «Lordi»-ի հաղթանակի օրերին Հայաստանում եւս տեղի էին ունենում բնավ ոչ աստվածահաճո իրադարձություններ. մասնավորապես, ի տես բոլորիս, խորհրդարանում ծավալված հայտնի դեպքերի ժամանակ տեղի ունեցան քրիստոնեության կողմից մերժելի այնպիսի երեւույթներ, որպիսիք էին նզովքը, ուրացումը, դավաճանությունը, ստորաքարշությունը եւ այլն, որոնց, սակայն, որեւէ արձագանք եկեղեցու կողմից չհետեւեց: Ի՛նչ խոսք, միամտություն է կարծել, թե յուրաքանչյուր նման իրադարձության պետք է հետեւի եկեղեցու առաջնորդների խոսքը, հորդորը (թեեւ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներիս համար խիստ ցանկալի կլիներ), սակայն, կրկնենք, արտասահմանցի ռեժիսորի ֆիլմի կամ հեռավոր մի երկրի ռոք խմբի դիմակների հետեւանքով պայմանավորված վտանգների մասին օպերատիվ արձագանքը, երբ այդ վտանգը հեռվից է եւ չունի կոնկրետ հասցեատեր, բավական հեշտ է: Հայաստանի ներքաղաքական սոդոմգոմորի մասին լռելը եւս բարդ չէ: Այսպիսով, ինչո՞ւ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները որեւէ կերպ չեն արձագանքում Հայաստանի ներքին կյանքին սպառնացող մեր երկրի ղեկավարների ապօրինություններին, դրանց հետեւանքով ծնվող հուսահատության ու հուսալքության մթնոլորտին, ինչն էլ, իր հերթին, պարարտ հող է աղանդավորության ծաղկման, ինքնասպանությունների եւ Ավետարանով մերժվող այլ երեւույթների համար: Այս հարցերի պատասխանները ստանալու ցանկությամբ դիմեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար Տեր Կտրիճին: Նա լսեց մեր հարցերն ու խոստացավ հաջորդ իսկ առավոտյան մատնանշել, թե որ քահանայի մոտ կգտնենք դրանց պատասխանները: Խորն էր մեր հիասթափությունը, երբ հաջորդ ողջ օրվա ընթացքում, ինչպես նաեւ դրա հաջորդ օրը նա մեզ այդպես էլ չպատասխանեց: Չպատասխանեց նաեւ մեր համառ զանգերին: Սակայն Հայաստանում միակ հիասթափեցնող իրադարձությունը սա չէ:
«Սկզբում Սահակաշվիլին էր, հետո Սորոսը»
Մինչ եկեղեցին լռում է, խոսում են քաղաքագետներն՝ իրենց անուրախ կանխատեսումներով՝ Հայաստանում քաղաքական կուրսի եւ քաղաքական դեմքերի փոփոխություն տեղի չի ունենա: Լրատվամիջոցների կովկասյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում Հայաստանի խորհրդարանում վերջին ամսվա ընթացքում, խիստ կանխատեսելի էր: Կոալիցիայում տարաձայնություններ կային վաղուց: Դրանց հիմքում ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդիրներն էին: «Տեսականորեն, պառակտումը կարող էր ձգձգվել մինչեւ 2007 թվականը, սակայն, ամեն դեպքում, դրա տեղի ունենալը շատ տրամաբանական էր: Խորհրդարանում կա անընդհատ փնտրտուք. քեզ` այսքան արտահանման հնարավորություն, ինձ՝ այսքան, քեզ՝ այսքան ռեստորան ու սաունա, ինձ՝ այսքան երթուղայինի գծեր եւ այլն: Սրանք բերում են խորհրդարանական ճգնաժամի: Ընդ որում, այդպես է բոլոր երկրներում: Ես խոսում եմ այս դեպքերի ո՛չ թե առիթի, այլ պատճառների մասին: Առիթն Արթուր Բաղդասարյանի հայտնի հարցազրույցն էր, ուր նա ասաց այն, ինչ կարելի էր ասել, բայց ոչ այդ պահին եւ ոչ իրեն: Ասաց եւ դուրս եկավ»: Հաջողակ ընդդիմություն դառնալու Բաղդասարյանի հնարավորություններն, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, այս պահին այնքան էլ մեծ չեն: ՕԵԿ-ից պոկվեց ֆինանսական ռեսուրսը (իսկ դասական ընդդիմության համար պարտադիր են ոչ միայն գաղափարները, այլեւ էլիտայի, այդ թվում եւ՝ ֆինանսական, տնտեսական էլիտայի առկայությունը): Իսկ առանց դրա, կարծում է քաղաքագետը, վատ է վերջանում: «ՕԵԿ-ն արդեն չունի մեդիա ռեսուրս: Չկա նաեւ այն մարդկանց խումբը, որը կարող է աշխատել ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը գործունեության սպեցիֆիկ տեսակ է եւ նման չէ խորհրդարանում վարած գործունեությանը: Իսկ Արթուր Բաղդասարյանը Վազգեն Մանուկյան չէ, Աշոտ Մանուչարյան չէ, անգամ Ստեփան Դեմիրճյան չէ»: Հասկանալի է, որ առանց լրատվամիջոցների էլ Հայաստանում կարելի է աշխատել. Երեւանը երկրի մեկ երրորդն է, եւ այստեղ կարելի է բակից բակ աշխատել, սակայն դրա համար անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ են նման աշխատանք անելու: Հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ հաջորդ պայմանը համախմբելու ձիրքն է, այսինքն՝ կարողությունը համախմբել նրանց, ովքեր պարզապես իրենց բնությամբ անհամատեղելի են: Սակայն նման ունակություններ Արթուր Բաղդասարյանն առայժմ չի ցուցաբերել: Ըստ պարոն Իսկանդարյանի՝ սա չի նշանակում, թե սա վերջնական վճիռ է. «Շատ հնարավոր է, որ տեսականորեն Բաղդասարյանը կամ մարդկանց ինչ-որ խումբ ի վիճակի են իշխանափոխություն անել: Դրա համար այսօր Հայաստանում անհրաժեշտ է միայն մի բան՝ փողոց հանել 500.000 մարդ եւ նրանց մեկ ամիս պահել հրապարակում: Ապահովել գրագետ կազմակերպված ելույթներով, բուտերբրոդներով, ոստիկաններին դիմադրելու մեխանիզմներով, լրագրողներով: Երթուղայինների գծերին տիրանալու թեմաներով խորհրդարանում հմուտ վիճաբանություններն ամենեւին չեն օգնում ձեռք բերել այսքան մարդ մեկ ամսով հրապարակում պահելու հմտություն»: Տեսականորեն, ցանկացած ուժ, ով այս մնացած մեկ տարվա ընթացքում տիտանական աշխատանք կկատարի, խորհրդարանում կձեւավորի 30-40 հոգանոց ֆրակցիա, կկարողանա այդ խմբակցության միջոցով ձեւավորել աշխատող կորիզ, այդ մարդը մեծ հնարավորություն կունենա 2008 թվականին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե հեղափոխություն անելուն Արեւմուտքը մեզ կօգնի, Ալեքսանդր Իսկանդարյանը համամիտ չէ. «Սխալ է այն տեսակետը, թե Վրաստանում հեղափոխությունն արեց Սորոսը: Ո՛չ: Սկզբում Սահակաշվիլին էր, հետո Սորոսը: Եթե Հայաստանում հայտնվի այդպիսի մարդ, ստեղծվի այդպիսի իրավիճակ, ինչպիսին Վրաստանում էր, կլինի ամեն ինչ. եւ՛ CNN-ը կգա, եւ՛ Սորոսը (պայմանականորեն գործածենք այս անունը) փող կտա: Սակայն փող տալիս են նրան, ով կա: Եթե հայտնվում է այդ ինչ-որ մեկը, այդ ժամանակ նոր հոսում են եւ փողերը: Հակառակը չի լինում: Ա՛յ, երբ կունենանք իսկական ընդդիմություն եւ լուրջ գործիչներ, այդ ժամանակ իմ՝ որպես քաղաքագետի տեսակետը ոչ մեկին չի հետաքրքրի. փողոցում յուրաքանչյուրը կգիտակցի ու կիմանա, որ, ահա, եկել է ՆԱ, ու կգնա հրապարակ: Դա կհասկանա եւ Սորոսը: Սակայն մեր երկրում նման բան տեղի չի ունենա…»: