Մեղադրանքը բխել է այն լուրերից, որը Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրել հայկական գյուղատնտեսական գերատեսչությունը: Եվ դա` այն դեպքում, որ վրացական ֆիտոսանիտարային ծառայությունը չի գործում արդեն 12 ամիս շարունակ:
Հայաստանից մրգերն ու բանջարեղենը Ռուսաստան էին առաքվում Վրաստանի տարածքով եւ մարտին արգելվել են կեղծ ֆիտոսանիտարային փաստաթղթերի հայտնաբերման պատճառով: Այժմ Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները եւ այդ նախարարությանն առընթեր Ֆիտոկարանտինային ծառայության ղեկավար Մեխակ Ղազարյանը ռուսաստանյան գործընկերների հետ համատեղ քննարկում են արգելքի վերացման հնարավորությունները:
Այն դեպքում, եթե կողմերը համաձայնության գան, հայկական կողմն այսուհետ պարտավոր կլինի 24 ժամվա ընթացքում ռուսաստանյան սահմանապահ ծառայություններին տեղեկացնել Ռուսաստան ուղարկվող բեռների մասին՝ ավտոմեքենաների եւ բոլոր կից ներկայացվող փաստաթղթերի մանրամասն նկարագրությամբ: «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի խոսքերով, գործնականում բոլոր մանրամասները համաձայնեցված են եւ մնում է հայ գործընկերների հետ ստորագրել համատեղ հուշագիր: Նրա իսկ խոսքերով, հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված կեղծ ֆիտոսերտիֆիկատները պատրաստվել եւ տրվել են Վրաստանի տարածքում: Բայց դա կասկածելի է: Ահա թե ինչու: Վրացական գյուղատնտեսական արտադրանքները Ռուսաստան ներկրելու արգելքը մտցվել է անցած տարվա նոյեմբերին: Պատճառը հենց ֆիտոսանիտարական սերտիֆիկատների բացակայությունն էր դարձել: Իսկ դրանք չկան, քանի որ Վրաստանում համապատասխան ծառայություն գոյություն չունի:
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության վերակազմավորումը, որը նախատեսում է միավորել ֆիտոսանիտարային եւ անասնաբուժական ծառայությունները, դեռեւս չի ավարտվել: Երբ կավարտվի՝ նույնպես հայտնի չէ: Մինչ այդ գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման գործընթացը դադարեցված է, իսկ այդ ծառայության աշխատակիցներին անժամկետ արձակուրդի են ուղարկել:
«Կանաչ շարժման» առաջնորդ Գեորգի Գաչեչիլաձեի խոսքերով, առանց ֆիտոսանիտարային սերտիֆիկատների աշխարհում ոչ մի երկիր վրացական արտադրանք չի ներմուծի: Նման կարգը նախատեսված է ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված միջազգային չափանիշներով եւ համաձայնագրերով եւ այդ պարտավորություններով: Ի դեպ, վավերացրել է նաեւ Վրաստանի խորհրդարանը: Կնքված պայմանագրերի եւ վերցրած պարտավորությունների համաձայն պետության սահմանների վրա սանիտարա-անասնաբուժական խիստ վերահսկողություն է սահմանվում:
Վրացական գյուղատնտեսական արտադրանքի Ռուսաստան ներմուծման արգելքը արդեն լուրջ վնաս է հասցրել գյուղացիներին: Գաչեչիլաձեի խոսքերով, հատկապես ծանր վիճակ է ստեղծվել Քվեմո Քարթլի շրջանում, որտեղ ռուսաստանյան շուկայի փակվելու պատճառով գյուղատնտեսական արտադրանքի գերավելցուկ է ստեղծվել, եւ հիմա բնակչությունը ստիպված է արտադրանքը ջրի գնով հանձնել նույնիսկ խոզաբուծարաններին:
Գաչեչիլաձեն մեղադրում է վրացական կառավարությանը այն բանում, որ նա աչք է փակում Մոլդովայի տխուր փորձի վրա, որի նկատմամբ ռուսաստանյան ծառայությունները համանման արգելքներ մտցրին մեկ ամիս ավելի շուտ, քան Վրաստանի նկատմամբ: «Կանաչների» ղեկավարը վստահ է, որ այդ ամսվա ընթացքում ճիշտ մոտեցման պարագայում կարելի էր անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վրացի ֆերմերները եւ գյուղացիները իրենց մրգերն ու բանջարեղենը Ռուսաստան ուղարկելու խնդիրներ չունենային:
«Ի՞նչ է սա՝ իշխանության երկու ճյուղերի բթամտությո՞ւն: Մտադրված սաբոտա՞ժ: Ինչ վերաբերում է Հայաստանի այն հայտարարություններին, որ կեղծված սերտիֆիկատները պատրաստվել եւ տրվել են Վրաստանում, ապա դա ճիշտ չէ: Վրաստանում համապատասխան ծառայությունները չեն աշխատում արդեն 12 ամիս, եւ այդպիսի սերտիֆիկատներ տվող պարզապես չկա»,- ասում է Գեորգի Գաչեչիլաձեն: