«Պետք չէ վախենալ դասական երաժշտությունից»

04/06/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Աշխարհին հայտնի հայ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը մի քանի օր առաջ Ազգային պատկերասրահում հանդես եկավ մենահամերգով եւ գերեց ունկնդրին իր պրոֆեսիոնալիզմով, ռոմանտիկ ու հուզական կատարումներով: Վ.Մամիկոնյանը լայն խաղացանկ ունի, նա հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, բազում փառատոների է մասնակցել: Հիմա ապրում է Փարիզում, հաճախ լինում է Գերմանիայում, որտեղ իր ընտանիքն է գտնվում: Հնչեղ պատմական անունն ու ազգանունը տաղանդավոր երաժիշտը շատ պարտավորեցնող է համարում եւ նույնիսկ հումորով զորավար Մամիկոնյանի ձին իր երաժշտական գործիքի հետ է համեմատում. «Դաշնամուրն էլ պետք է սիրել, հնազանդեցնել ու խնամել, որպեսզի նա կարողանա լավագույնս հնչել»,- ասում է Վարդան Մամիկոնյանը:

– Դասական երաժշտությունը կարծես ողջ աշխարհում դժվար է ունկնդիր գտնում: Ինչպե՞ս է իրավիճակը Եվրոպայում:

– Այն, ինչը շոու-բիզնես չէ, հեշտ չի վաճառվում: Դասական երաժշտության ձայնասկավառակների վաճառքի խնդիրներ բոլոր երկրներում կան: Եվրոպայում եւ, կարծում եմ՝ ամենուրեք էլ, դասական երաժշտության ձայնագրումը դժվար է ընթանում: Դասականին պետք է ընդառաջել: Ձայնագրող ընկերությունները եթե որոշում են կլասիկա ձայնագրել, ապա անհրաժեշտ գումարը ոչ դասական երաժշտության վաճառքից ստացված եկամուտից են վերցնում: Դրանով կարողանում են կոմպենսացիա անել: Պետք է էնտուզիաստներ գտնվեն: Համերգներն ու շրջագայությունները, իհարկե, շատ են լինում, բայց ավելի մեծ լսարան կարելի է ձեռք բերել ձայներիզներով, իսկ տարածման համար մեծ դեր կարող է խաղալ հեռուստատեսությունը: Հայաստանում երկու լուրջ նվագախումբ կա, եւ հեռուսատատեսությունն էլ միայն կաբելային չէ ու կարող է իրեն թույլ տալ դասական երաժշտություն ներկայացնել:

– Սակայն հեռարձակվող երաժշտության շատ քիչ տոկոսն է դասական, քանի որ ընդունված է համարել, որ այն վարկանիշային չէ:

– Դուք «Շողակաթ» ալիքն ունեք, որը կլասիկա է ցուցադրում, իսկ դա շատ լավ է: «Շողակաթն» ու «Կուլտուրան» ավելի շատ են դասական երաժշտություն ցուցադրում, քան եվրոպական ալիքները:

– Ինչպե՞ս կարող է կլասիկան ավելի շատ երիտասարդ ունկնդիր ձեռք բերել:

– Հայաստանում շատ լավ ավանդույթներ կան: Օրինակ, Եվրոպայում երաժշտական դպրոցների աշակերտները շաբաթը միայն մեկ օր են գնում պարապմունքների, իսկ Հայաստանում` երկու օր: Հայաստանում դեռ սովետական ավանդույթներն են գործում եւ լավ է, որ դրանք դեռ շարունակվում են: Ժամանակին շատ էին այն մարդիկ, ովքեր պարտադիր բոլոր համերգներին հաճախում էին: Իմ ծնողներն, օրինակ, ամեն շաբաթ գնում էին համերգ լսելու: Դասարանով կամ ընկերներով էին գնում: Գուցե այդ ավանդույթներն է պետք վերականգնել: Երեխաները մեկ անգամ ոչինչ չեն հասկանա, երկրորդ անգամ` գուցեեւ կծիծաղեն, բայց արդեն երրորդ անգամ կսկսեն լսել ու հետո արդեն` կսիրեն: Եթե երիտասարդները դեպի երաժշտություն գնալ չեն ուզում, մենք պետք է նրանց մոտ գնանք: Ուղիներ է պետք գտնել եւ հետաքրքրել նրանց: Կարելի է ավելի մատչելի, պոպուլյար ծրագրեր ստեղծել, ականջին սովոր Մոցարտ կամ Ռախմանինով ներկայացնել: Անպայման չէ բարդ գործերից սկսել: «Ազգային պատկերասրահ» փառատոնին մասնակցելով` ես տեսա, թե ինչ մեծ եռանդ ու հետաքրքրություն կա:

– Գուցե նոր միջավայրն ու միզանսցենը կօգնե՞ն դասական երաժշտությունը նորովի մատուցելուն:

– Իհարկե, դա շատ լավ միտք է, որովհետեւ թանգարաններում երաժշտությունն այլ կերպ է հնչում: Մոսկվայում վաղուց արդեն նման համերգներ են արվում Պուշկինի թանգարանում: Որպես նորություն` ես, օրինակ, շատ կուզեի համերգներ եւ հանդիպումներ ունենալ դպրոցականների հետ: Եվ ոչ միայն երաժշտական դպրոցների աշակերտների հետ, այլեւ սովորական դպրոցականների, որոնք երեւի պատկերացում անգամ չունեն` ի՞նչ է դասական երաժշտությունը: Իրենց համար նման փոքրիկ համերգն ու ծանոթությունը կօգներ չվախենալ դասական երաժշտությունից եւ չկարծել, որ կլասիկան շատ դժվար եւ լուրջ բան է:

– Երաժիշտը, կարծում եմ, պետք է նաեւ մի քիչ դերասան լինի եւ իր կերպարով վարակի հանդիսատեսին:

– Այո, երաժշտությունը նաեւ կերպարների խաղ է: Ուրեմն, մենք էլ ենք դերասաններ: Յուրաքանչյուր երաժշտական հանճար իր աշխարհն է ստեղծել, եւ մենք պետք է այն հասկանանք ու ճիշտ մատուցենք: Երաժշտի մասնագիտությունը պարտադրում է, որ այս վայրում, այս օրը, այս հանդիսատեսին պետք է քո լավագույնը տաս: Ես երկար ժամանակ առանց դաշնամուր ապրել չեմ կարող, իմ աշխատանքն ամենօրյա աշխատանք է, եւ պետք է միշտ ֆորմայի մեջ լինեմ: Ես գիտեմ` ինչ պետք է անեմ մի քանի տարի հետո, համերգների ցուցակը շատ խիտ է: Կարգապահությունը պետք է ամեն ինչի մեջ լինի, պետք է կարողանալ լավագույնը տալ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում դասականների ստեղծագործությունների մշակումներին: Կլասիկան էքսպերիմենտներ ընդունո՞ւմ է:

– Էքսպերիմենտները շատ լավ բան են. տաղանդավոր մշակումը ենթադրում է, որ ստեղծագործությունը չպիտի տուժի եւ նոր լույս ու ոգի ստանա: Ես ինքս Բախի ստեղծագործությունների մշակումներ եմ արել, փոխել եմ տրանսկրիպցիան եւ դաշնամուրի կատարման համար հարմարեցրել: Եվ չեմ կարծում, որ դրանով փչացրել եմ ստեղծագործության ոգին:

– Շատ լավ երաժիշտներ հեռացել են Հայաստանից: Այստեղ ապրելով կարելի՞ է լավ կարիերա անել:

– Հիմա Հայաստանում հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան կային 90-ականներին, երբ ես մեկնեցի այստեղից: Կարծում եմ` շատերը զղջում են, որ հեռու են Հայրենիքից: Պարզապես երաժշտի համար շատ կարեւոր է ստանալ այն աշխատավարձը, որով նա կարող է ապրել: Եթե երաժիշտները լավ վարձատրվեն, վստահ լինեն, որ ապահովված են, համոզված եմ` շատ քչերը կհեռանան երկրից: Իմ գնալը երկրից երբեք ծրագրավորված չի եղել, ես պարզապես ուզում էի կարիերա անել, իսկ ապրելով Սովետական Միությունում` ես դա անել չէի կարող: Ես սկզբում Մոսկվա գնացի` սովորելու, հետո` արդեն Եվրոպա:

– Հանդիսատեսը տարբեր է լինում: Ինչպիսի՞ն տեսաք հայ հանդիսատեսին:

– Ինձ համար միշտ շատ ավելի հաճելի է նվագել Գերմանիայում եւ Ավստրիայում, այնտեղի հանդիսատեսը շատ պատրաստված է եւ սիրում է երաժշտությունը: Նաեւ շատ ուրախացրեց հայ ունկնդրի մոտեցումը: Չպետք է մոռանալ, որ մենք պրոֆեսիոնալների համար չենք աշխատում, հանդիսատեսն առաջին հերթին պետք է հաճույք ստանա եւ լավ երաժշտություն լսելով` լիցքավորվի: Հայերի մոտ լավ երաժշտության սպասում կա: Իհարկե, այստեղ էկոնոմիկական հնարավորություններն ավելի քիչ են, քան Եվրոպայում, բայց հայերի աչքերին նայելով` ես տեսա, որ շատ քիչ դեպրեսիվ մարդիկ կան: Եվրոպայում շատ են խոսում, որ եվրոպացիները դեպրեսիա են ապրում: Այստեղ կյանքից հոգնած մարդկանց համարյա թե չեմ տեսել: Նկատեցի, որ հայերի մոտ նաեւ ագրեսիա չկա` չնայած, որ կյանքը շատ-շատ ծանր է: Փաստորեն, ավելի լայն հնարավորություններ եւ ավելի հարուստ կյանք ունենալով` եվրոպացիները հոգեպես ավելի ընկճված են: Նրանք չեն սիրում, ինչպես ասում են` իրենց «սիրտը բացել»:

– Ավելի խոշոր պետություններում ազգերը ձուլվելու վտանգ ունեն, ձեր կարծիքով` սփյուռքահայերի ավելի երիտասարդ սերունդն իրեն հայ համարո՞ւմ է:

– Սկզբում ֆրանսիացիներն էլ էին Եվրամիությանը դեմ, քանի որ վախենում էին, որ կկորցնեն իրենց առանձնահատկությունները: Բայց հետո տեսան, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում: Ֆրանսիան եւ Գերմանիան շարունակում են Եվրոպայի սյուները մնալ: Պետք է աշխատել եւ ազգայինը պահել, եւ մեծ Եվրոպայի մասնիկը դառնալ, այսինքն` գտնել ոսկե միջինը: Եվ եթե Եվրոպան միաբան չլինի, նա Ամերիկայի եւ Չինաստանի ֆոնին ուղղակի կկորի: Պարզապես ֆրանսիացի լինելով` ֆրանսիացին առաջ գնալ չի կարողանա: Բոլորը հասկանում են, որ միջազգային լեզուն անգլերենն է դառնում, եւ շատ ֆրանսիական մանկապարտեզներում արդեն անգլերեն լեզուն են դասավանդում: Ֆրանսիացիները` չուզելով, անգլերեն են սովորում: Եվ դրա մեջ ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Երիտասարդ ֆրանսահայերը հիմա գրեթե հայերեն չեն խոսում, բայց իրենց հայ են զգում: Հայերը ֆրանսիացիների կողմից շատ հարգված են: Նույնիսկ խանութում կամ փողոցում երբ իմանում են, որ ես հայ եմ, միանգամից հիշում են հայ արտիստներին` Շառլ Ազնավուրին, Անրի Վեռնոյին կամ Սիլվի Վարդանին: Եվ ոչ միայն արվեստում, այլեւ` յուրաքանչյուր ասպարեզում, հայերը ֆրանսիացիներին ծանոթ են եւ նրանցից հարգված: Հիմա նաեւ շատ ֆրանսիացիներ գիտեն Եղեռնի մասին ու լավ տեղյակ են` ինչ է կատարվել Օսմանյան Կայսրությունում: