«Այդ սկզբունքները չեն համընկնում Ադրբեջանի մոտեցումների հետ: Կան մի քանի փոքր սկզբունքներ, որոնք համընկնում են, սակայն հարցերի մեծամասնության վերաբերյալ մոտեցումները տարբեր են,- անդրադառնալով Բուխարեստում Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, որի ընթացքում պետք է որոշ սկզբունքներ համաձայնեցվեն, երեկ ԱԺ-ում ասել է ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:- Հայաստանը պնդում է ազգերի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը` տարածքային ամբողջականությունը: Այս երկու սկզբունքների առկայության դեպքում մյուս այլ սկզբունքները կարեւոր չեն: Հայաստանը պնդում է, որ Ղարաբաղի ենթակայությունն Ադրբեջանին անհնար է: Ընդ որում, եթե առաջ խոսվում էր միայն ուղղահայաց ենթակայության, ապա հիմա` ցանկացած ենթակայության անհնարինության մասին: Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարող են լինել միայն հավասար դաշտում: Եթե դա ընդունելի է Ադրբեջանի համար, ապա խաղաղ կարգավորումը կարող է շատ շուտ լինել»: Իսկ Ադրբեջանում հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ Ա. Աղաբեկյանն ասաց. «Նման արտահայտություններ արվում են արտաքին աշխարհի համար, իսկ ներսում նրանք ասում են, որ Ղարաբաղը` ԼՂԻՄ-ը եւ ազատագրված տարածքներն Ադրբեջանի անբաժանելի մասն են: Այսինքն, եթե ներքին շուկայում նման կարծիքն է տիրում, ԼՂԻՄ-ի մասին խոսակցությունները չեն կարող բանակցությունների առարկա լինել: Իզուր չեն համանախագահներն ասում, որ պետք է հասարակությանը պատրաստել կարգավորման: Հայաստանի հասարակության հաշվով կարելի է խոսել անտարբերության մասին, իսկ Ադրբեջանի հասարակությունն ընդհանրապես պատրաստ չէ կարգավորման: Նրանք ասում են` կամ ամբողջ Ղարաբաղը, կամ ոչինչ: Որպես զինվորական` կարող եմ ասել, որ մենք մեկ խնդիր ունենք` ամեն կերպ ամրապնդել մեր առաջնային գիծը»: