Կողմերն իրենց «այո»-ն արդեն տվել են

03/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

– Հունիսի 4-ին Բուխարեստում նախատեսված է Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը: Կարո՞ղ ենք որոշակի ակնկալիքներ ունենալ, որ ԼՂՀ բանակցություններում գոնե այս անգամ որեւէ շոշափելի արդյունք կլինի:

– Ղարաբաղյան հիմնահարցը եղել է Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր քաղաքական գործընթացների անկյունաքարը: 2006թ. միջազգային հանրության կողմից հայտարարվեց ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տարի: Եվ անկախ Ռամբույեի ձախողված հանդիպումից, ԱՄՆ-ը իր վրա վերցրեց ԼՂՀ հարցի կարգավորումը ու փորձում է գործընթացը մինչեւ վերջ տանել: Համաշխարհային հանրությունը Ռոբերտ Քոչարյանի վարչախմբին հանդուրժեց նախագահական երկու ժամկետ որոշ դեպքերում աչք փակելով շատ եւ շատ հարցերի վրա` մեկ խնդրի համար: Այդ խնդիրը Ղարաբաղի հիմնահարցի լուծումն էր: Իսկ այդ խնդրի լուծման համար մնացել է չորս ամիս: Եվ եթե այս իշխանությունները չորս ամսվա մեջ չեն օգտվում իրենց առջեւ բացված պատուհանից եւ չեն լուծում Ղարաբաղյան հիմնահարցը, ուրեմն որպես քաղաքական գործոն այլեւս պիտանի չեն ոչ արտաքին աշխարհին, ոչ էլ ներսում: Իմ կարծիքով` նախագահները արդեն խուսափելու եւ կարգավորումը երկարաձգելու տրամաբանական հիմնավորումներ չունեն եւ ինչպես կասեր Բուլգակովի Վոլանդը` Աննուշկան արդեն ձեթը թափել է:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին այցելության ժամանակ հայտարարեցին, թե ժամանակն է, որ կողմերը հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գան: ՀՀ Արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանն էլ հայտարարեց, թե Բուխարեստում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, այլ պետք է համաձայնեցվեն հակամարտության կարգավորման սկզբունքները: Ըստ Ձեզ` կողմերը կկարողանա՞ն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ իրոք համաձայնության գալ:

– Կարծում եմ, որ Ռամբույեի ձախողված հանդիպումից հետո շատ բան է փոխվել: Ցանկալի է, որ համաձայնության գան: Ըստ էության, ադրբեջանական կողմն իր համաձայնությունն արդեն տվել է: Ադրբեջանի Արտգործնախարարությունն արդեն դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` խնդրելով մշակել համապատասխան տարբերակներ` փաստաթուղթը ստորագրելուց հետո փախստականների ետ վերադարձի եւ տեղաբաշխման համար: Իսկ այդ փաստաթղթում ամրագրված «ստորագրելուց հետո» արտահայտությունը նշանակում է, որ Բաքվում արդեն համաձայն են կարգավորմանը: Ի. Ալիեւի ամերիկյան այցը եւ դրա միջազգային արձագանքները հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանի նախագահը Բուխարեստում հակված չէ կրկնելու Ռաբույեի սցենարը: Այս համատեքստում միջնորդ առաքելություն իրականացնող երկրների աննախադեպ ներկայացուցչական պատվիրակության այցը տարածաշրջան հիմնականում խնդիր ուներ ապահովելու Քոչարյանի «այո»-ն: Ես համոզված եմ, որ այդ «այո»-ները հիմնավորվել են:

– Այսինքն, Քոչարյանն ու Ալիեւը այլեւս խուսանավելու տեղ չունեն եւ պետք է այս հանդիպման արդյունքում կոնկրետ քայլեր կատարեն:

– Քոչարյանն ու Ալիեւը այլեւս մանեւրելու հնարավորություն չունեն: Կոնֆլիկտի առկայությունը խանգարում է ամբողջ աշխարհին ու տարածաշրջանին`տնտեսական զարգացման, կոմունիկացիաների գործունեության, ինչո՞ւ չէ, աշխարհաքաղաքական առումով: Մեզ արդեն նայում են որպես երկու ժողովուրդների, որոնք չեն կարող լուծել նախորդ դարից եկած պատմական վեճերը: Ճիշտ է, հարցի լուծումը բավական ցավոտ է, բայց այդ հարցն ի վերջո պետք է լուծվի: Հակառակ պարագայում, այն կարող է բավական բացասաբար անդրադառնալ ՀՀ-ի եւ տարածաշրջանի մյուս երկրների վրա: Ի վերջո, լավ, մեկ-երկու տարի էլ այդպես մեկուսացված ապրեցինք, բա հետո՞: Հետոն չի երեւում: Դրա համար ԼՂ հարցը պետք է հնարավորինս արագ լուծվի: Այլ հարց է, որ այսօրվա իշխանությունները չունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու ռեսուրս: Եվ այդ պատճառով երկու երկրների նախագահների վրա ճնշումներ կան: Ցավոք, այսօր Հայաստանի մասին խոսում են միայն վթարների ժամանակ: Եվ անգամ այդ վթարները փորձում են օգտագործել քաղաքական ճնշումներ իրագործելու համար: Թեկուզ այն փաստը, որ ռուսական պետական հեռուստատեսությունն անընդհատ պնդում է, որ ավիավթարի պատճառը վառելիքի պակասն էր, սա եւս ես գնահատում եմ որպես Քոչարյանի վրա ճնշում: Իսկ արդյո՞ք այդ ճնշումները կապված չեն ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հատկապես այս փուլի հետ: Այսինքն` հասկացնում են, որ «Արմավիան» կլան է, որը փող աշխատելու համար կարող է զոհաբերել 113 մարդու կյանք: Որոշակի ճնշումներ կան նաեւ արեւմուտքի կողմից, երբ եռանախագահողների բերանով հայտարարվում է, որ 2006 թվականը ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերջնաժամկետն է: Եվ այդ ճնշումները գնալով ավելի են մեծանում: Այս կոնտեքստում վտանգ եմ տեսնում ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունների մեջ: Լավրովը հստակ հայտարարեց, եթե կողմերի վրա ճնշումներ կիրառվեն, ապա դա կարող է հակառակ արդյունքն ունենալ: Ո՞րն է այդ հակառակ արդյունքը: Այդ արտահայտության մեջ ես որոշակի սպառնալիք եմ տեսնում. խաղաղության հակառակը դա պատերազմն է: Իմ պապն ասում էր` տղամարդը չպետք է վախենա կռվելուց, բայց խելոք տղամարդը պիտի ամեն ինչ անի, որպեսզի չկռվի: 1992-94թթ. մենք չվախեցանք պատերազմից եւ այդ պատերազմով պայմաններ ստեղծեցինք արժանապատիվ խաղաղության համար: Եթե հիմա վերսկսվի պատերազմ, ապա դա երրորդ կողմի եւ այսօրվա իշխանությունների վարած անհեթեթ քաղաքականության հետեւանք է:

– Վերջին շրջանում ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, շատերի գնահատմամբ, միտված էին առաջին հերթին արտաքին աշխարհին, որպեսզի ներքաղաքական ճգնաժամը պատրվակ բռնելով հերթական անգամ փորձեն խուսափել ԼՂՀ հիմնախնդրի լուծումից: Կհաջողվի՞ այս անգամ էլ հիմնահարցի լուծումից այդկերպ խուսափել:

– Ես ինքս չեմ կիսում այդ տեսակետը: Ես Հայաստանի նման երկրի համար չեմ բացառի ոչ ստանդարտ իրավիճակները: 1999 թվին էլ շատ մոտ էին ԼՂՀ հարցի կարգավորմանը: Բայց տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, երբ չկար ԱԺ նախագահ, չկար վարչապետ, եւ այդ իրավիճակում գնալ հարցի լուծման` անհնար էր: Եվ արդյունքում ԼՂՀ լուծման ժամկետը երկարաձգվեց: Բայց նման իրավիճակը, որ այն ժամանակ աշխատեց, այլեւս չի աշխատի: Այսօր չունենք ԱԺ նախագահ, բայց ԱԺ-ն, թեկուզ ձեւական առումով, ունակ է աշխատելու: Իսկ վարչապետը, բարեբախտաբար, ողջ եւ առողջ է: Ես չեմ կարծում, որ Քոչարյանը կգնա ԱԺ-ն ցրելու, որպեսզի խուսափի ԼՂՀ հարցի կարգավորումից: Սա արդեն մանկական խաղի նման կլինի, եւ այդ քայլերը բոլորն են հաշվել: