«Թրեյնինգից» հետո կկանչեն պատասխանատվության

03/06/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը երեկ ԱԺ-ն չընդունեց ոչ թե այն պատճառով, որ պատգամավորները դեմ էին քվեարկել այդ օրինագծին, այլ շնորհիվ նրա, որ դահլիճում նստած պատգամավորները պարզապես ի նշան բոյկոտի` չէին քվեարկել ընդհանրապես: Նույնիսկ քվեարկության համար նախատեսված «ձեռնպահ» կոճակն էին ավելորդ համարել սեղմել:

Միակ դեմ քվեարկած պատգամավորը «Գրանդ Տոբակո» ՀՁ նախկին տնօրեն Սամվել Սահակյանն էր: Իսկ մյուս պատգամավորները, ովքեր բիզնեսի ոլորտում տարբեր հետաքրքրություններ ունեն, ուղղակի չէին քվեարկել: Բացառապես Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի: Վերջիններս կողմ էին այդ նախագծի ընդունմանը:

Հիշեցնենք, որ այդ օրինագիծը, ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով այլեւս նախկին խորհրդական Բագրատ Եսայանի հավաստմամբ, միտված էր կոռուպցիայի դեմ պայքարին, եւ այն կարող էր բացահայտել այն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած գույքի իսկությունը, որը նրանք թաքցրել են իրենց զոքանչների կամ խնամիների անունների տակ: Նույն համոզմունք, ունի նաեւ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով քվեարկության ձախողումից հետո երեկ հայտարարեց. «Խոսում են հակակոռուպցիոն ծրագրերից, խոսում են հստակությունից, պարզեցումից, պատասխանատվության ենթարկելուց, բայց, խնդրեմ, չի անցնում նախագիծը, որը պետք է տարածվի ամսական հինգ հարյուր հազար դրամից ավելի եկամուտ եւ աշխատավարձ ստացողի վրա»: Ի դեպ, նշենք, որ երեկ չընդունվեց նաեւ հարկերը թաքցրած գործարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, որի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած` հոդվածների խստությունը մեղմացնելու բոլոր առաջարկները կառավարությունն ընդունել էր. «Մեղմել էինք, աստիճանական էինք դրել շեմը: Այն պատգամավորները, ովքեր անցյալ անգամ չէին քվեարկում, նույնիսկ փոփոխություն կատարելուց հետո էլ չքվեարկեցին: Ես չգիտեմ` ինչո՞ւ: Բա ինչո՞ւ ենք մենք խոսում հակակոռուպցիոն, նախընտրական ծրագրերից եւ այլնից: Հիմա չգնա՞նք կոռուպցիայի դեմ պայքարելու»,- օրինագծերը տապալած պատգամավորներին եւ քաղաքական ուժերին իր զարմանքն ուղղեց Արմեն Ալավերդյանը:

Նշենք, որ դահլիճում էին, բայց չէին քվեարկել «Ժողպատգամավոր» խմբի, «Ազգային Միաբանություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները, ովքեր քվեարկությունից հետո պատճառաբանում էին, թե չեն քվեարկել` «մտածելով ժողովրդի շահի մասին»: Օրինակ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չէր հասկանում, թե ինչպես պետք է հասարակ գյուղացին հայտարարագրի իր եկամուտն ու հարկեր մուծի, երբ ոչ մի եկամուտ չունի: Արմեն Ալավերդյանը, սակայն, նմանատիպ վերամբարձ մեկնաբանությունները, թե` ժողովուրդը ո՞նց անի, ի՞նչ անի, համարում է անտեղի ու կեղծ: «Բարդում են գյուղացիների վրա: Այնպիսի գյուղացի չկա, որ ամսական հինգ հարյուր հազար դրամ եկամուտ ստանա: Այնպես որ` պետք է իմանալ, թե ում շահերին է ծառայում օրենք չընդունելը»,- ասում է Արմեն Ալավերդյանը` վստահեցնելով, թե այդ պատգամավորներն իրականում ոչ թե «ժողովրդի շահին» են ծառայում, այլ այն մարդկանց, ովքեր ամսական ստանում են 500 հազար դրամից ավելի եկամուտ, եւ չեն ցանկանում այն հայտարարագրել: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ՕԵԿ-ին, որը փորձում է ժողովրդի անվան տակ արդարացնել իր քայլը, ապա Ա. Ալավերդյանին զարմացրել էր այն, որ Հ. Մարգարյանն իր հարցին ի պատասխան` թե` ինչո՞ւ չեք քվեարկել, պատասխանել էր. «Բա ընդդիմություն ենք հիմա»:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից, ով երկար ժամանակ ԱԺ միջանցքում հավաքված գործարար պատգամավորներին բացատրում էր, որ ներկայացված օրինագիծը վատը չէր եւ իզուր չէին քվեարկել նրա օգտին, հետաքրքրվեցինք` արդարացվա՞ծ էին արդյոք այն պնդումները, թե այդ օրինագծի ընդունման դեպքում կոռուպցիայի ծավալները երկրում կնվազեին ու կբացահայտվեին ստվերային գործունեություն ծավալող սուբյեկտները: Ի պատասխան` Խ. Սուքիասյանն ասաց. «Չեմ կարծում, թե միայն դա է նպաստում կոռուպցիային, բայց ցանկացած անօրինական գործունեություն կամ օրենքի բացակայություն կնպաստի կոռուպցիային: Եվ ընդհանրապես` կոռուպցիայի աճին ի՛նչ ասեք, թե չի նպաստում, եւ այս պարագայում խոսքն այդ մասին չէ: Ես կողմ եմ, որ ֆիզիկական անձը հայտարարագրի իր ամբողջ ելքն ու մուտքը, եւ ուզում եմ, որ այդ ինստիտուտը Հայաստանում կայանա, որի կայացման արդյունքում այլ ինստիտուտներ նույնպես կայանում են: Այդ ինստիտուտի կայացման արդյունքում պարզապես շատ լավ մշակույթ կստեղծվեր, որպեսզի քաղաքացին պետության կամ այլ քաղաքացու նկատմամբ իր պարտավորությունները կատարեր»: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ էին մյուս գործարարները դեմ քվեարկել այդ օրինագծին, եթե այն այդքան լավ է, Խ. Սուքիասյանն ասաց. «Նախ` ես գործարար չեմ, ես գործարար լինելու արդյունքում դարձել եմ պատգամավոր, ինչը պահանջում է նաեւ Սահմանադրությունը, եւ ես` այո, կողմ եմ, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե իմ եւ ձեր մասին է, այլ` սերունդների, որոնց մասին մենք պետք է մտածենք: Հայաստանում հարաբերությունների այդ` պետություն-ֆիզիկական անձ մշակույթը պետք է լինի: Այդ շղթան պետք է շատ ճիշտ աշխատի: Եթե չաշխատի, այո, հնարավոր է` այն, ինչ մենք ունենք եւ ուզում ենք դրանից ձերբազատվել ու հասնենք եվրոպական չափանիշներին` չենք հասնի, եթե նման օրենքներ չընդունենք»: Իսկ այն հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ այս օրինագիծը չէր արժանանա պետական պաշտոնյաների գույքն ու եկամուտները հայտարարագրելու մասին օրենքի կիրառման ճակատագրին, երբ պաշտոնյաները թաքցնում են իրենց իրական ունեցվածքը, Խ. Սուքիասյանն ասաց. «Շատ վատ եմ ընդունում այդ փաստը, բայց, եթե ուզում եք ճիշտն իմանալ, ապա սա դեռ «թրեյնինգի», փորձության ժամանակահատվածն է: Այսպես ասած` մեկ-երկու տարի փորձեր կանեն, իսկ հետագայում արդեն որոշ մարդկանց պատասխանատվության կկանչեն: Հիմա դեռ այդ ինստիտուտն են ձեւավորում, եւ կգա պահը, որ այդ պաշտոնյաների հայտարարագրման հետ կապված խնդիրներն ավելի աղմկահարույց կդառնան: Այդ շղթան իր տրամաբանական ավարտին հասցնելու համար տարիներ են պետք: Հիմա փորձ էր արվում լուծել հենց այդ շղթայի հարցը»:

Հ.Գ. Չի բացառվում, որ այս օրինագիծը նորից ԱԺ քննարկմանը ներկայացվի ԱԺ առաջիկա արտահերթ նիստերից մեկում: