«ԱրմենՏելը» վաճառվում է

03/06/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«ԱրմենՏելի» վաճառքի մասին լուրերը հաստատում են նաեւ ընկերության որոշ պաշտոնյաներ: Նրանք համոզված են, որ «ԱրմենՏելի» պոտենցիալ գնորդը ռուսական հայտնի ընկերություն է, բայց թե մասնավորապես որն՝ իրենք էլ դեռ չգիտեն: Մեր տեղեկություններով, «ԱրմենՏելի» 90% բաժնետոմսերը հունական «OTE» ընկերությունից մտադիր է գնել ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» օպերատորը, որը ՌԴ-ում ներկայացնում է «Բիլայն» ապրանքանիշը:

Սակայն այս պարագայում պետք է հաշվի առնել Ռուսաստանում կապի ոլորտի մրցակցության աստիճանը: Երբեք մյուս ընկերությունները «ՎիմպելԿոմին» հեշտությամբ թույլ չեն տա միայնակ մուտք գործել մեկ այլ երկրի շուկա: Մայիսի 23-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 8 տարի ժամկետով 112 մլն դոլարի վարկ է տրամադրել Ռուսաստանի ամենախոշոր բջջային օպերատորին՝ «Mobile TeleSystems» (MTS) ընկերությանը եւ երկարաձգել է նախկինում տրամադրած 250 մլն դոլարի երկարաժամկետ վարկը: ՎԶԵԲ-ի ինտերնետային կայքում նշվում է, որ այս վարկը նպատակ ունի «MTS-ի ցանցն ընդլայնել ՌԴ-ի բոլոր շրջաններում եւ ԱՊՀ որոշ հարեւան երկրներում, ֆինանսական վերակառուցումներ եւ տեխնոլոգիական բարեփոխումներ անել ընկերությունում»: Հնարավոր է՝ MTS-ի պլանների մեջ «ԱրմենՏելն» էլ է մտնում:

Նկատենք, որ հայկական շուկա «Ղ-Տելեկոմի» մուտք գործելուց առաջ լուրեր էին պտտվում, որ Հայաստանում կարող են ներդրումներ անել միանգամից 2 ռուսաստանյան ընկերություններ: Այժմ կարծես թե այդ տարբերակն ավելի իրատեսական է դառնում: Մեկը կգնի «ԱրմենՏելը», իսկ մյուսը ՎԶԵԲ-ի փողերով Հայաստանում կընդլայնի իր ցանցը: Կշահի նաեւ Ռուսաստանը, ոչ միայն տնտեսապես, այլեւ քաղաքականապես. Հայաստանի կապի ոլորտը նույնպես կլինի իր ձեռքին:

Իսկ «OTE» ընկերությո՞ւնը: Մի՞թե նա կհրաժարվի մի ընկերությունից, որը հանրապետության 2-րդ խոշոր հարկատուն է. միայն 3 ամսում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն պետբյուջե է վճարել 3 մլրդ 807 մլն 495 հազար դրամ, որից 1 մլրդ 557 մլն 420 հազարն ուղղակի հարկերն են, այդ թվում՝ շահութահարկը եւ եկամտահարկը: Այս տեսակետը շատ հաճախ ընդունվում է որպես հակափաստարկ այն բանի, որ «ԱրմենՏելը» կվաճառվի: Սակայն իրականությանը նայենք մեկ այլ տեսանկյունից: Անցյալ տարվա հուլիսից, երբ «Ղ-Տելեկոմը» մտավ հայկական շուկա, սկսվեցին «ԱրմենՏելի» ծանր ժամանակները: Որեւէ մեկը մինչ այդ ընկերության որեւէ գովազդ չէր տեսել: Իսկ դրանից հետո սկսվեցին ոչ միայն գովազդները, այլեւ ցածր սակագները, տարբեր ակցիաները: Այժմ, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալների, «Ղ-Տելեկոմը» շարժական կապի գլոբալ համակարգի ծառայություններով զբաղեցնում է բջջային կապի շուկայի 52,7%-ը, այսինքն` ավելի շատ, քան «ԱրմենՏելը»: Իսկ կառավարությունը, որն ընկերության 10%-ի բաժնետերն է, մյուս կողմից «հանգիստ չի տալիս» «OTE»-ին: 2004թ. նոյեմբերին կնքված կարգավորման համաձայնագիրը թույլ է տալիս, որ 2009թ.-ից Հայաստան մուտք գործի բջջային կապի երրորդ օպերատորը: Բնականաբար, այս ամենը նվազեցրել են «ԱրմենՏելի» գերշահույթները, որոնց «համն» «OTE»-ն ի սկզբանե ճաշակել է: Ազատվելով «ԱրմենՏելից»՝ «OTE»-ն կազատվի նաեւ ավելորդ գլխացավանքից: Այժմ հունական կողմը հավանաբար մտածում է այն գումարների մասին, որոնցով «ԱրմենՏելը» կարող է վաճառվել ռուսական որեւէ ընկերության: Գործարքը կարող է ձգձգվել, բայց ի վերջո կողմերը համաձայնության կգան:

Գործարքի վերաբերյալ «ԱրմենՏելից» մեզ ոչինչ չասացին՝ ասելով, որ դա բաժնետիրոջ իրավասությունն է, իսկ բաժնետերը դեռ լռում է: Ի դեպ, այս օրերին «ԱրմենՏելի» աշխատակիցները մտածում են, թե աշխատանքային ի՞նչ պայմաններ է ստեղծելու ընկերության նոր բաժնետերը, ի՞նչ աշխատավարձեր է սահմանելու եւ, վերջին հաշվով, սեփականատիրոջ փոփոխությունից իրենք շահելո՞ւ են, թե՞ ոչ: