Գունավոր հեղափոխության եւ «էն սհաթի» միջեւ

03/06/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Այն նույն օրերին, երբ Ռուսաստանում սքինհեդները տասնյակ մարդկանց աչքի առաջ հերթական հայ երիտասարդին էին սպանել եւ «կեցցե Ռուսաստանը» գոռալով հեռացել, Արամ Կարապետյանը Երեւանում նույն «կեցցե Ռուսաստանը» կարգախոսով հանրահավաք էր կազմակերպել։ Եվ պահանջում էր, որ ռուսական ռազմաբազաները դուրս չբերվեն Ջավախքից, որովհետեւ հենց ռուսական զորքն է տեղի հայ բնակչության անվտանգության երաշխավորը։

Ընդհանրապես, այս զարմանահրաշ անձնավորությունը տարօրինակ պատկերացում ունի հայ ժողովրդի մասին։ Նրա կարծիքով, մեր ժողովուրդը միայն մի առաքելություն ունի. պետք է շան նման հավատարիմ լինի տիրոջը` Ռուսաստանին, եւ թույլ չտա, որ տիրոջը վռնդեն (որովհետեւ վռնդելուց հետո կարող են «անտեր մնացած» ժողովրդին ծեծել)։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ մայմունություններ է անում, անձրեւի ու կարկուտի տակ, ձմռան սառնամանիքին ու ամռան տապին միտինգներ կազմակերպում ու հայ ժողովրդի անունից հավատարմության կաղկանձ հղում առ Մեծն Ռուսիան` երեւի նաեւ մտքում զարմանալով, որ իրենից բացի ոչ մեկը չի «ֆայմում» հայ ժողովրդի փրկությունը որոնել բացահայտ ստորաքարշության մեջ։

Իհարկե, բարեբախտություն է, որ Արամ Կարապետյանի միտինգներին 50-60 հոգուց ավելի մարդ չի հավաքվում. նրա կերպարի կոմիզմը հասկանալի է նույնիսկ քաղաքականությունից հեռու կանգնածներին։ Ճշմարտություն է նաեւ այն, որ Ռուսաստանում սքինհեդները ոչ թե հատկապես հայերին են սպանում, այլ ընդհանրապես` բոլոր թուխ մաշկ ունեցողներին։ Եթե ինչ-որ մեկն ուզում է սրանով մխիթարվել` թող մխիթարվի։ Այլ հարց է, որ մխիթարվելու փոխարեն կարելի էր եզրակացություններ անել եւ վերջապես հասկանալ, որ ռուսների համար հայերի, ադրբեջանցիների կամ տաջիկների միջեւ ոչ մի տարբերություն չկա, նրանց համար բոլորը մեկ են, եւ մեր «ֆորպոստ» լինելն այստեղ ոչ մի նշանակություն չունի։ Մանավանդ, որ, ինչպես ցույց է տալիս փորձը, սքինհեդների հետ մութ փողոցներում բախված հայերը չեն հասցնում խոսել Գրիբոյեդովի, Այվազովսկու կամ «Սասունցի Դավիթ» տանկային դիվիզիայի մասին։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանը, որպես պետություն, պիտի փորձի ինչ-որ կերպ պաշտպանել Ռուսաստանում բնակվող հայերի շահերը։ Հետաքրքիր է, բայց Հայաստանի քաղաքական ուժերը նման դեպքերում գերադասում են ձեռնպահ մնալ` արդարանալով, թե «զոհերը Ռուսաստանի քաղաքացիներ են»։ Բայց երբ հարցը վերաբերում է Ջավախքին, բոլորը միաժամանակ մոռանում են, որ ախր նրանք էլ Վրաստանի՛ քաղաքացիներ են։ Իսկ երբ այնուամենայնիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների հստակեցման հարց է բարձրացվում, միանգամից բանավեճը տեղափոխվում է այլ հարթություն. «Հայաստանում գունավոր հեղափոխությունները բացառվում են, որովհետեւ չկա ընդդիմության միասնական լիդեր, չկա ֆինանսավորում, եւ այլն»։

Ուկրաինայում գունավոր հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետեւ ուկրաինացիները ցանկացան պոկվել Ռուսաստանից։ Իսկ ինչո՞ւ չպետք է պոկվեին. արեւելքում հետամնաց Ռուսաստանն է, արեւմուտքում` զարգացած Եվրոպան։ Եվ Ուկրաինան պիտի ընտրեր` կամ պահպանում է «կրտսեր եղբոր» կարգավիճակը, կամ թեքվում է դեպի արեւմուտք եւ դառնում զարգացած Եվրոպայի ամենամեծ պետությունը։ Վրաստանը նույնպես ընտրեց Ռուսաստանից պոկվելու ճանապարհը, եւ այնտեղ նույնպես գունավոր հեղափոխությունը հաղթեց։ Իսկ ինչո՞ւ պիտի Վրաստանը շարունակեր «կպած մնալ» Ռուսաստանին, եթե երկու պատերազմ էր մղում` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ, եւ երկու դեպքում էլ Ռուսաստանը բացահայտորեն Վրաստանի դեմ էր գործում։

Ինչո՞ւ ենք հիշեցնում այս ամենը։ Որովհետեւ Հայաստանի դեպքում գունավոր հեղափոխությունների պատճառահետեւանքային տրամաբանությունը խախտված է։ Ընդունված տրամաբանության համաձայն, Հայաստանը չի կարողանում «պոկվել» ռուսական ազդեցությունից, որովհետեւ Հայաստանում գունավոր հեղափոխություն հնարավոր չէ (չկա ֆինանսավորում, չկա լիդեր, եւ այլն)։ Իրականում ճիշտ հակառակն է. Հայաստանը չի ցանկանում պոկվել Ռուսաստանից, դրա համար էլ գունավոր հեղափոխություն Հայաստանում հնարավոր չէ (հետեւաբար` չկա ֆինանսավորում, չկա լիդեր, եւ այլն)։ Իսկ նրանք, ովքեր հայտարարում են, թե Հայաստանում պետք է ժողովրդավարության արեւմտյան չափանիշներին համապատասխանող հասարակարգ կառուցել, բայց արտաքին քաղաքականության մեջ հավատարիմ մնալ ռուսական կողմնորոշմանը, պարզապես սուտ են ասում։ Նման բան չի կարող լինել։ Հնարավոր չէ ժողովրդավարական երկիր կառուցել` միաժամանակ մնալով այն երկրի «ֆորպոստը», որտեղ օրը ցերեկով մազերի գույնի համար մարդ են սպանում` իմանալով, որ իրավապահներն առանձնապես դեմ չեն նման «չարաճճիություններին»։