Այսպես, 2006թ. հուլիսի 1-ից արգելվել է վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ չունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Չեզոքացուցիչը մեքենա վարողների շրջանում առավելապես հայտնի է «կատալիզատոր» անունով։ Պարզ է, որ որոշումն ընդունվել է բնապահպանական նպատակներով։ Սակայն իրո՞ք Հայաստանում այժմ այդ որոշման ընդունումն արդարացված է։
Մինչ առաջ անցնելը՝ նշենք մի քանի փաստ։ Արտասահմանյան մակնիշի գրեթե բոլոր մեքենաները զինված են այդ սարքավորումով։ Այնպես որ, խոսքը հիմնականում գնում է ռուսական ավտոմեքենաների մասին։ Ըստ ՀՀ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Մարտին Ծառուկյանի, այս որոշումը պետք է ուժի մեջ մտներ դեռեւս հունվարի 1-ից, սակայն ռուս ավտոարտադրողները ժամանակ են խնդրել Հայաստան արտահանվող մեքենաները մեր նոր չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Հատուկ ընդգծենք, որ խոսքը վերաբերում է միայն ներկրվող մեքենաներին եւ ոչ թե արդեն հանրապետությում գրանցվածներին։ Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ապագայում չեզոքացուցիչ ունենալու պահանջը տարածվի բոլոր ավտոմեքենաների վրա, Մ. Ծառուկյանը պատասխանեց. «Մեր ծրագրով նախատեսվում է որոշ մեխանիզմների կիրառմամբ խրախուսել չեզոքացուցիչների տեղադրումը, օրինակ՝ վերազինված մեքենաների բնապահպանության վճարի համար կարող են սահմանվել արտոնություններ։ Սակայն կտրուկ քայլեր չեն լինի»։
Ինչպես արդեն նշվեց, արտասահմանյան գրեթե բոլոր մեքենաների վրա նշյալ սարքավորումը կա, բացի դիզելով աշխատող մեքենաներից։ Այն իրենից ներկայացնում է ծակոտկեն մարմին, որը դրվում է խլացուցիչի (չսցՔՌՑպսՖ) սկզբնամասում։ Չեզոքացուցիչը կլանում է վնասակար արտանետումները եւ, բնական է՝ որոշ ժամանակ անց այն «լցվում» է եւ հարկ է առաջանում փոխել։ Օրինակ, Եվրամության տարածքում 150.000 կմ վազք կատարելուց հետո այն փոխվում է։ Գինը տատանվում է 100-150 դոլարի սահմաններում, որը եվրոպացու համար մեծ գումար չէ։
Ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Մասնագետների կարծիքով` անգամ նոր չեզոքացուցիչը Հայաստանի պայմաններով դիմանում է ամենաշատը 2-3 ամիս, որը կապված է բենզինի, յուղի ցածր որակի հետ։ Դրանից հետո վարորդները պարզապես հանում են չեզոքացուցիչը, քանի որ այն ազդում է շարժիչի աշխատանքի վրա։ Ի դեպ, այն պարունակում է ոսկի եւ պալադիում, եւ «լցված» չեզոքացուցիչը վաճառվում է բավական թանկ գնով։
Հիմա վերադառնանք ռուսական արտադրության ավտոմեքենաներին։ 2107 մակնիշի մեքենայի վրա արտադրող գործարանը տեղադրել է այդ սարքավորումը, սակայն չափազանց անհարմար տեղադրմամբ՝ գետնից ընդամենը 5 սմ բարձր։ Այստեղ դրանք գրեթե բերելուն պես հանվել են։ Հետագայում գործարանը մեքենաները սկսեց թողարկել առանց չեզոքացուցիչների։ Նոր մեքենաները՝ Վազ 21010, 015-երը եւ «Նիվաները» նույնպես Հայաստան են գալիս նման սարքով վերազինված, սակայն դրանք բավական արագ շարքից դուրս են գալիս։ Կարճ ասած՝ վարորդները եւ մասնագետները դրանք համարում են անիմաստ ծախս՝ մանավանդ Հայաստանի պայմաններում։ Շատերն այդ սարքերից ազատվում են դեռ մինչեւ մեքենան Հայաստան բերելը։
Ոչ պակաս ուշադրության է արժանի նաեւ վերահսկողության պահը։ Սահմանի վրա չեզոքացուցիչի առկայությունը պետք է ստուգի մաքսային կառույցը։ Արդյո՞ք դա կոռուպցիային նպաստող եւս մի պատճառ չի դառնա։ «Ընդհանրապես, նման տիպի բոլոր որոշումներն էլ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, սակայն այդ պահանջն անհրաժեշտ էր»,- ասում է Մ. Ծառուկյանը։ Ստացվում է՝ ռուսներն իրենց առողջության մասին ավելի քիչ են մտածում, քան մենք։ Այս որոշումը դժվար թե էականորեն ազդի մեքենաների գնի վրա, սակայն սա դեռ ամենը չէ։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը որոշում է ընդունել 2006թ. սեպտեմբերի 1-ից խստացնել Ռուսաստան ներկրվող մեքենաներին վերաբերող պահանջները։ Իհարկե, ռուսները դա հիմնավորում են բնապահպանական խնդիրներով։ Իսկ 10 տարուց հին եվրոպական, 11 տարուց հին ամերիկյան եւ 6 տարուց հին կորեական արտադրության մեքենաների մուտքը ՌԴ ընդհանրապես արգելվելու է։
Ռուսաստանում նույն չեզոքացուցիչներին այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում։ Այստեղ առավել կարեւոր գործոն է հայրենական ավտոարտադրությունը։ Մի քանի տարվա «ինոմարկայի» գինը հավասար է նոր արտադրված ռուսական մեքենայի գնին եւ հաջողությամբ մրցակցում է ռուսականի հետ։ Միայն 2005թ. ՌԴ է ներկրվել ավելի քան 300 հազար ավտոմեքենա։
«Ֆինամ» ներդրումային ընկերության վերլուծաբան Վլադիսլավ Կոչետկովի կարծիքով, այս արգելքի արդյունքում արտասահմանյան օգտագործված մեքենաները կթանկանան 15-20%-ով։ Սա, իհարկե, բխում է ռուս ավտոարտադրողների շահերից։ Սակայն նույն մասնագետի համոզմամբ, արդյունքում թանկանալու են նաեւ ռուսական մեքենաները։
Իսկ մեզ մոտ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նույն բանը՝ հակառակ ծայրից սկսելով։ Եվրամիության արտադրության օգտագործված մեքենաների համար Ռուսաստանը մեծ շուկա է, որը սեպտեմբերի 1-ից, գործնականում, փակվում է։ Տրամաբանությունը հուշում է, որ Եվրամիության տարածքում հին «ինոմարկաների» գները պահանջարկի կտրուկ նվազման հետ կապված պիտի իջնեն։ Այսինքն, դրանք պետք է որ հայ սպառողների համար դառնան ավելի մատչելի։
Սակայն հակված ենք կարծել, որ դրանց գինը մեր շուկայում նույնպես կաճի, քանի որ ռուսական մեքենաների թանկացման արդյունքում վերջիններիս նկատմամբ պահանջարկը կմեծանա։ Իսկ գները, որպես կանոն, չեն իջնում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ եվրոն գնալով արժեւորվում է դոլարի նկատմամբ, եւ եվրոպական մեքենաները դոլարիզացված Հայաստանի համար գնալով թանկանում են։