Դրամային ավանդների տոկոսադրույքները մինչեւ 1%-ով բարձր են արտարժութայիններից: Եթե դա լիներ ԿԲ-ի կամ օրենսդրության պահանջներից մեկը, հասկանալի կլիներ, բայց բանկերն ինչո՞ւ են շահագրգռված հայկական դրամ ներգրավել:
Մասնագետների կարծիքով, դա հենց ԿԲ-ի անուղղակի պահանջն է: Խոսքը վերաբերում է արտարժույթի տնօրինման նորմատիվին: Վերջինս բանկերից պահանջում է արտարժութային դեպոզիտների ու վարկերի հարաբերակցությունը պահել որոշակի սահմաններում: Այսինքն, բանկը չի կարող ներգրավել մեծամասամբ դոլարային միջոցներ` փոխարենը տալով դրամային վարկեր: Իսկ Հայաստանի տնտեսության պահանջարկը հակառակ ուղղությունն ունի: Այսօր վարկառուները գերադասում են դրամը, քանզի որեւէ գործ սկսելու, ապրանք կամ բնակարան գնելու համար նրանց ուղղակիորեն դրամ է անհրաժեշտ: Իսկ ավանդատուները հիմնականում արտասահմանյան փողերն են դնում բանկ: Այդ պատճառով բանկերը դրամի կարիք ունեն` իրենց ակտիվների եւ պարտավորությունների հավասարակշռությունը պահպանելու համար, ուստի նրանք բարձր տոկոսադրույքներ են առաջարկում դրամով ներգրաված միջոցների դիմաց: Բացի այդ, բանկերը լավ գիտակցում են «արժութային ռիսկ» կոչեցյալի հնարավոր հետեւանքներն իրենց գործունեության վրա: Այսօր ոչ ոք չի երաշխավորում, թե վաղն ինչ կլինի դոլարի կամ մեկ այլ արտարժույթի հետ: Բանկերն էլ փորձում են դրանից խուսափել:
Մեկ այլ հարց է այն տոկոսավճարները, որ տրվում են բանկային ավանդների դիմաց: 2005թ. հունիսից ուժի մեջ մտավ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքը: Վերջինս նպատակ ուներ նվազեցնել տնտեսության դոլարիզացիայի մակարդակը: Բացի այն, որ օրենքը նախատեսում է Հայաստանի տարածքում ռեզիդենտների միջեւ ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումներն իրականացնել դրամով, օրենքով «ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները» նույնպես կատարվում են հայկական արժույթով: Ստացվում է, որ կարելի է դոլարով ավանդ վերցնել, բայց դրանց տոկոսները պետք է «փակել» միայն դրամով: Իսկ արժութային ռի՞սկը: Այն առկա է բանկերի եւ ավանդատուների համար: Այսօրվա պարագայում, երբ դրամը շարունակում է արժեւորվել, տուժում է հաճախորդը: Պատկերացնենք հետեւյալ իրավիճակը: Մեկ ամիս առաջ ավանդատուն բանկում ներդրել է 100.000 դոլար: Այդ օրը 1 դոլարն արժեր 450 դրամ: Այսօր նա պետք է ստանա, օրինակ, 100 դոլարին համարժեք դրամ տոկոսավճար, սակայն ոչ թե 45.000 դրամ, այլ` 43.000 (այսօրվա փոխարժեքով): Հաճախորդը բողոքում է այս ամենից: Բայց օրենքը մնում է օրենք: Ի դեպ, բանկերն այսօր այն եզակի կառույցներից են, որոնք տվյալ օրենքը չեն խախտում: Նրանք տոկոսագումարները վճարում են բացառապես դրամով, ինչը չի կարելի ասել առեւտրով զբաղվող որոշ տնտեսվարող սուբյեկտների մասին, որոնք բացահայտ կերպով առեւտուր են անում դոլարով:
Կարելի՞ է ասել արդյոք, որ վերոնշյալ օրենքը պաշտպանում է բանկերի շահերը` թույլ տալով նրանց հավելյալ եկամուտներ ստանալ այս «նրբության» հաշվին: Բանկային մասնագետների կարծիքով` ոչ: Օրենքում նշվում է «ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարներ» հասկացությունը, որը ներառում է նաեւ վարկերի տոկոսները: Դրանք նույնպես վճարվում են բացառապես դրամով` անկախ այն բանից` վարկը դրամո՞վ է, թե՞ արտարժույթով: Այս դեպքում դրամի արժեւորումից տուժում է բանկը` կորցնելով այն եկամուտը, որ ստացել էր ավանդների տոկոսավճարներից:
Եվ, ի վերջո, նկատենք մի կարեւոր հանգամանք. դոլարը չի կարող շարունակաբար արժեզրկվել: Դոլարի «հախից գալը» Հայաստանում հեշտ գործ չէ: Մի օր կգա, երբ դրսից եկող ֆինանսների «ծորակը» կփակվի, դրամի հաշվին հարստացած գործարարները կսկսեն բիզնեսներ դնել արտասահմանում եւ խաղադրույքներ կատարել հայտնի կազինոներում: Դոլարի նկատմամբ պահանջարկը կմեծանա, եւ կուրսը կբարձրանա: