Սկսենք ամենակարեւոր՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշից։ 2006թ. հունվար-ապրիլի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.8%-ով եւ կազմում է 395 մլրդ դրամ։ Ինչպես ասում են՝ մի «չըրթ» է մնում, որ ապահովենք երկնիշ տնտեսական աճը։ Համեմատության համար նշենք, որ հունվար-մարտ ժամանակահատվածի աճը կազմել էր 8%։
Ըստ ցուցանիշների՝ տնտեսական աճի տեմպերը գնալով մեծանում են. եթե մարտ ամսվա ՀՆԱ-ն փետրվարի նկատմամբ աճել էր 10.6%-ով, ապա ապրիլին տնտեսությունը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 26.8%-ով։
Ընդհանրապես ամառվա ամիսներին տնտեսական ակտիվությունը թուլանում է, սակայն Հայաստանի պարագայում այդ գործոնն էական դեր չի խաղա, քանի որ տնտեսական աճի առյուծի բաժինը պատկանում է շինարարության ոլորտին։ Հունվար-ապրիլի շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 41.9%-ով, իսկ ապրիլի աճը մարտի նկատմամբ կազմել է 81.7%։
Վերջապես աճ է արձանագրվել նաեւ արդյունաբերության ոլորտում։ Թեեւ հունվար-ապրիլ հատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2.9%-ով զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին, սակայն մեր արդյունաբերողներն ապրիլին «իրենց թափ են տվել» եւ ապահովել 11.9% աճ մարտի նկատմամբ։ Վերջին շրջանում արդյունաբերության ոլորտում կայուն հետընթաց էր արձանագրվում, ինչին մամուլը բազմիցս անդրադարձել է։ Դժվար է ասել, այդ հրապարակումներն իրենց ազդեցությունն ունեցե՞լ են այս ցուցանիշների վրա։ Եթե այո, ապա հարց է առաջանում՝ դրանք թասիբի են գցել մեր գործարարների՞ն, թե՞ հայրենի վիճակագիրներին։
Անդրադառնանք նաեւ արտաքին առեւտրի ոլորտին, որոնք այս անգամ մեզ շա՜տ զարմացրին։ Ամեն անգամ տնտեսության մասին խոսելիս փորձում ենք չանդրադառնալ Կենտրոնական բանկին, սակայն չի ստացվում։ ԿԲ-ն, ինչպես գիտեք, դոլարի շարունակվող արժեզրկումը բացատրում էր մի շարք շուկայական գործոններով, որոնց թվում նշվում էր նաեւ 2006թ. ապրիլ ամսվա «արտահանման աշխուժացումը»։ ԿԲ-ի այդ մեկնաբանության ժամանակ Վիճակագրական ծառայությունը դեռ չէր հասցրել հրապարակել ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն կարծում էինք, ԿԲ-ն հենց այնպես այդպիսի հայտարարություն չի անի։ «Աշխուժացում» ասելով, որքան մենք գիտենք, պետք է հասկանալ՝ աճ։ Այսինքն, ըստ ԿԲ-ի` ապրիլին արտահանումն աճել է, արդյունքում դոլարի մուտքերը մեծացել են, ինչն էլ ազդել է փոխարժեքի վրա։ Սակայն ԱՎԾ տվյալներով, ապրիլ ամսվա ներմուծումը մարտի նկատմամբ նվազել է 2.3%-ով։
Հետաքրքիր պատկեր է ստացվում։ Մարտ ամսին արտահանումը փետրվարի նկատմամբ աճել էր 8.3%-ով, սակայն դրամի արժեւորում հաջորդ մեկ ամսվա ընթացքում չարձանագրվեց։ Ապրիլին արտահանումը բացարձակ անկում է ապրել, եւ հակառակ տրամաբանության, դոլարն արժեզրկվել է։
Միակ բացատրությունը մնում է տրանսֆերտների աճը, ինչը հանգեցնում է զավեշտալի եզրակացության։ Դրսում ապրող մեր հայրենակիցներն ուզում են ավելի մեծ չափով օգնել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին, ավելի շատ գումար են ուղարկում, սակայն արդյունքում դոլարն արժեզրկվում է, եւ վնասում վերջիններիս շահերին։ Երեւի պետք է խնդրենք, որ դրսից քիչ փող ուղարկեն։