ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ-երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետի տեղակալները հունիսի կեսերին ծրագրում են քննարկել համատեղ խաղաղապահ ստորաբաժանում ստեղծելու հարցը: Այսպիսի համաձայնություն է ձեռք բերվել մայիսի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Անատոլի Գրիցենկոյի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի միջեւ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: Նշենք, որ Գրիցենկոն Բաքվում է գտնվում` ԱՊՀ ՊՆ խորհրդի նիստին մասնակցելու համար:
Ինչպես արդեն հաղորդվել է, Կիեւը Բաքվին առաջարկել է Ադրբեջանում ստեղծել ռազմական օդաչուներ պատրաստող ավիացիոն կենտրոն: Գրիցենկոյի խոսքերով՝ ուկրաինական կողմն անհրաժեշտ է համարում «չձգձգել այդ հարցի լուծումը» եւ «պատրաստ է այն տեղափոխել գործնական հարթություն»: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ` երկու երկրների զինված ուժերի բարեփոխումների հարցը: