Տպավորություն է ստեղծվել, որ ՄԻՊ ինստիտուտի հիմնական առաքելությունն այդ բնակիչների խնդիրներով զբաղվելն է: Միգուցե՞ նման տպավորության ստեղծվելու պատճառն այն է, որ ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հարաբերությունները մեր իշխանությունների հետ վատացան հենց այդ մարդկանց խնդիրների պատճառով: Եվ մանավանդ, որ երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանն իր նորամուտն ազդարարեց Սահմանադրական դատարանում Կենտրոնի իրացման ու կառուցապատման հիմքում ընկած օրենքների եւ կառավարության որոշումների հակասահմանադրականությունը վիճարկելով: Որքան էլ տարօրինակ է, այս տպավորությունն անուղղակիորեն հաստատում է նաեւ ինքը՝ Արմեն Հարությունյանը, երբ իր գործունեության մասին խոսելուց ոգեւորվում է հատկապես Կենտրոնից վտարված բնակիչների իրավունքներին կամ ՍԴ որոշմանն անդրադառնալուց, որը կայացվեց իր դիմումի հիման վրա: Միգուցե այդ ոգեւորվածության պատճառն էլ այն է, որ ՍԴ-ի որոշումը դիտարկվեց որպես նորընտիր պաշտպանի հաղթանակ: Պետք է նկատել, որ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում մարդու իրավունքներին անդրադառնալիս սիրում է երկար խոսել հիմնականում ՍԴ-ի որոշումից ու դրա զորությունից:
Երեկ ՄԻ պաշտպանը պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ հանդիպեց լրագրողների հետ՝ ներկայացնելու, թե այդ ընթացքում իր գրասենյակը Մարդու իրավունքների ոտնահարման քանի դիմում-բողոք է ստացել: Դրանք 770-ն են, որոնց կեսը, ըստ Ա. Հարությունյանի, իրենց լիազորությունների սահմանից դուրս են:
«Այդ դիմումատուներին մենք ընդամենը իրավաբանական խորհրդատվություն ենք տվել»,- ասում է պարոն Հարությունյանը: Դիմումների կեսը մարզերից են, բայց ՄԻ պաշտպանի կարծիքով` դրանք իրականում կարող են ավելի շատ լինել, բայց հեռավորության պատճառով դիմումատուները շատ հաճախ չեն բողոքում: Անցած տարվա նման այս տարի էլ բողոքների հիմնական մասը հասցեագրված են դատարաններին, քաղաքապետարանին, ոստիկանությանը, թաղապետարաններին ու մարզպետարաններին, Անշարժ գույքի պետական կոմիտեին: Դիմում-բողոքների 80 տոկոսը վերաբերում են հենց այս գերատեսչություններին: Սակայն պարոն Հարությունյանը խուսափեց պատասխանել, թե ավելի շատ ո՞ր պաշտոնյան է մեղադրվում, կամ օմբուդսմենը 100 օրվա ընթացքում քանի՞ քաղաքացու իրավունք է վերականգնել:
«Մեղադրվում է ոչ թե պաշտոնյան, այլ նրա ղեկավարած կառույցը,- ասաց նա: -Իսկ թվերի մասին ճիշտ կլինի խոսել կես տարուց հետո»:
«Որքան էլ զարմանալի է, Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաներից շատ քիչ դիմում-բողոքներ կան,- սահուն կերպով նորից հիմնական թեմային անցավ ՄԻ պաշտպանը: -ՍԴ-ի որոշումից հետո գործընթացը նույնությամբ շարունակվում է, քաղաքացիները շոշափելի արդյունք չեն տեսնում»:
Նա համաձայն չէր մամուլում հնչած այն դիտարկումներին, թե ՄԻ երկրորդ պաշտպանը նախապես ծանոթ է եղել իրացման գոտիների վերաբերյալ ՍԴ կայացվելիք որոշման բովանդակությանը եւ իմացել է, որ այդ որոշումն իր մեջ սողանցքներ ունի: Դատարան դիմելիս նա իր ձեռքին որպես հզոր հաղթաթուղթ ունեցել է այն փաստը, որ դեռեւս 1998թ. ՍԴ նույն բովանդակությամբ մեկ այլ որոշում է ընդունել: Այս անգամ Սահմանադրական դատարանն իր որոշմանը հակասող կամ ժխտող որոշում հաստատ չէր ընդունի: Բայց դիմումատուները միգուցե գլխի չեն ընկել, որ այդ որոշումը թերի է: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել որոշ օրենքներ ու որոշումներ, սակայն կատարված եւ կատարվելիք գործընթացի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չի արտահայտել: Դրա համար էլ ԾԻԳ-ի աշխատակիցներն իրացվող գոտիների բնակիչներին դուրս վտարելու ժամանակ հեգնանքով հարցնում են, թե` «Էդ որտե՞ղ է գրած, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը մեր գործունեությունը չպետք է շարունակենք»:
Երկրորդ օմբուդսմենն ուղղակի այն կողմնորոշումն ունի, որ իրացման գործընթացները չպետք է շարունակվեն մինչեւ վիճարկվող օրենքները համապատասխանեցվեն Սահմանադրությանը: Նա նաեւ ավելացնում է, որ միեւնույն է՝ հնարավոր չէ վերականգնել քանդված տները: Տուժած քաղաքացիները պետք է իրենց իրավունքների համար պայքարեն ներկա իրավիճակում եւ այն հեռանկարի համար, որ կարողանան դիմել Եվրոպական դատարան: Պարոն Հարությունյանի կարծիքով` տուժած քաղաքացիներն իրենց իրավունքները լիիրավ չեն պաշտպանում: ՍԴ-ի կողմից իրացման հիմքում ընկած օրենքների եւ որոշումների հակասահմանադրական ճանաչելու որոշումն ի հայտ եկած նոր հանգամանք է, որը պետք է օգտագործել եւ իրավունքները վերականգնելու համար նորից դիմել դատարան: Իսկ դրա համար անսահմանափակ ժամանակ չկա. որոշման օրից մինչեւ երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի 18-ը: Սա միակ հնարավորությունն է հայրենական դատարաններում արդարության հասնելու համար: Միգուցե՞ հնարավոր կլինի` կարծում է ՄԻ պաշտպանը: Նա առաջարկում է այդ բնակիչներին հուսախաբ անելու փոխարեն հուսադրել: Հակառակ դեպքում Ստրասբուրգի դատարանը կա ու կա: Համ էլ, եթե քաղաքացին այս երեք ամսվա ընթացքում նորից դիմի դատարան ու մերժվի, դա Եվրոպական դատարանում հաջողության հասնելու համար լրացուցիչ հաղթաթուղթ կլինի: Իսկ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները դատական մի քանի ատյաններով ու մի քանի անգամ արդեն վիճարկել են իրենց իրավունքներն ու ցանկալի արդյունքի չեն հասել: Նրանք հոգնել են դատական քաշքշուկներից ու այլեւս հույս չունեն, թե այդ ատյանները հօգուտ իրենց որոշում կկայացնեն:
«Բայց որոշել ենք այդ հնարավորությունն էլ օգտագործել,- ասում է «Հյուսիսային պողոտայի բնակիչների պաշտպանության կոմիտեի» նախագահ Վաչագան Հակոբյանը: -Դրանից հետո կդիմենք Եվրոպական դատարան ու զուգահեռ պահանջելու ենք կառավարության հրաժարականը»:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայի ու Բուզանդի բնակիչները նամակով դիմել են Ռոբերտ Քոչարյանին՝ պահանջելով «դադարեցնել Կենտրոնի կառուցապատման հետ կապված բոլոր գործողությունները մինչեւ հարցի վերջնական լուծումը: Պահանջել են նաեւ Կենտրոնի կառուցապատման շրջանակներում կատարված մարդու իրավունքների խախտումների անաչառ քննություն, հետեւել Սահմանադրության դրույթներին: Չէ՞ որ ՀՀ Սահմանադրության 49 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Նախագահը դիմումները մակագրել է կառավարություն, որն էլ իր հերթին դրանք ուղարկել է Կառուցապատման ԾԻԳ, այսինքն՝ ամեն ինչ կրկնվում է: Նույն շրջապտույտն է: