Այսօր արդեն օդաչուները զարմանում են, թե ինչպես կարողացան հաղթահարել այդ փորձությունը, եւ մասնավորապես վստահեցնում են, որ, եթե միասին չլինեին եւ իրարից առանձին խցերում լինեին՝ դժվար թե ողջ մնային: Ինժեներ Աշոտ Սիմոնյանը դեռեւս չի ադապտացվել ազատության մեջ, քանի որ իր գործազրկությունը նպաստում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ անցյալ եւ ապրել այն դառնությունները, որոնք եղել են Մալաբոյի ազատազրկման վայրում: «Չեմ ուզում հիշել, բայց չես կարող փոխել իրականությունը: Էդ ժողովուրդը… չգիտեմ ո՞նց նկարագրեմ, ոնց որ կապիկին ծառից իջացնես ու մարդկության մեջ գցես»,- ցավով հիշում է Ա. Սիմոնյանը, ով Գվինեայի բերդում 40 օր շղթայակապ է անցկացրել: Ի դեպ, 6 հայ օդաչուներից 3-ը՝ Սամվել Դարբինյանը, Ռազմիկ Խաչատրյանը եւ Սուրեն Մուրադյանն աշխատում են Պարսկաստանում եւ Դուբայում՝ «Ֆենիկս» ավիաընկերությունում: Հրամանատարը՝ Աշոտ Կարապետյանը «Արմավիա» ընկերությունում «Էյրբաս» օդանավի հրամանատարն է, իսկ Լադո Մաճկալյանից Աշոտ Սիմոնյանը տեղեկություն չուներ: 6 հայ օդաչուներից, փաստորեն, միայն Ա. Սիմոնյանն է անգործ մնացել:
Անգործությունը մտովի տանում է դեպի «Սեւ լողափ»
Մալաբոյի «Սեւ լողափ» բանտի սեւ հետքն, այնուամենայնիվ, ճակատագրական դարձավ տղաների համար եւ, անգամ 1 տարի անց, երբ նրանք հայրենիքում են, ազատության մեջ՝ նրանց հոգեկան եւ ֆիզիկական դժվար ապրումները դեռեւս հիշեցնում են անդառնալի կորուստները: Աշոտ Սիմոնյանն ասում է, որ Հայաստան վերադառնալուց հետո Առողջապահության նախարարության աջակցությամբ «Արմենիա» բժշկական կենտրոնում օդաչուները բոլորն էլ հետազոտվել են: Յուրաքանչյուրի մոտ էլ շեղումներ են հայտնաբերվել, ոմանք վիրահատվել են, ոմանք էլ դեղորայքով են «հետ բերվել»: «Առողջականն ինչ-որ չափով վերականգնվել է, բայց հոգեբանական առումով դեռեւս շատ ծանր է: Միշտ գոյություն ունի այն կեսը, հատվածը, որը վերադարձնում է Մալաբոյի բանտ, դա չի մոռացվում եւ հոգեկան աշխարհից չի հեռանում: Միշտ այդ կեսն իր մասին հիշեցնում է, որն անխնա ցավոտ է»,- ասում է ինժեներ Ա. Սիմոնյանն, ով իր ընտանիքում արգելել է իր կյանքի այդ ժամանակահատվածի մասին խոսել։ Ասում է, որ բոլոր թերթերը, որոնք լուսաբանել են կալանավորված օդաչուների հետ կապված հոդվածները, հավաքել, վերացրել է իր տանից, որպեսզի ոչինչ իրեն չհիշեցնի այդ ծանր օրերի մասին: «Սեւ լողափի» հետ կապված բոլոր հարցերն Ա. Սիմոնյանը շրջանցում է՝ հավատացնելով, որ իր համար դժվար է խոսել այդ թեմայով եւ չէր ցանկանա երբեւէ պատմել կյանքի այդ դաժան փուլի մասին: «Էդ ադապտացիան է շատ դժվար, ծանր բան է, իսկ առողջականն ինչ-որ չափով վերականգնվում է»: Ա. Սիմոնյանը 58 տարեկան է, գործազրկությունը ծանր է տանում, քանի որ ողջ կյանքը նվիրել է ավիացիային: «Քանի կար` բուժումն էր, հետո էլ ասում էին, թե՝ մի քիչ սպասի, էսօր-էգուց, էսօր-էգուց, ու էդպես էլ անգործ մնացի»,- ասում է նա: Ներկայիս ավիաընկերություններն, արդեն 7 ամիս է, ինչ ինժեներին հորդորում են սպասել աշխատանքի համար, իսկ սպասումներն Ա. Սիմոնյանին հաճախակի վերադարձնում են «Սեւ լողափում» ծանր ապրումները: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արդյո՞ք հետաքրքրվում է օդաչուներով, միգուցե նա օգնի՞. «Գիտե՞ք ինչ, Արա Աբրահամյանից այնքան շնորհակալ ենք, որ նա մեզ բերեց Հայաստան, չարժե նրան այլեւս անհանգստացնել: Գեղեցիկ չի լինի: Նա իր միսիան կատարել է»,- ասում է Ա. Սիմոնյանը: Մեր պետական այրերը վերադառնալուց հետո երբեւէ չեն հետաքրքրվել օդաչուներով, բացի առողջական խնդիրների լուծման հարցում աջակցելուց: Ա. Սիմոնյանը, սակայն, այդ անտարբերությանը միանգամայն նորմալ է վերաբերվում. «Այդ բուժօգնությունն էլ որ ցույց տվեցին, էլի շատ շնորհակալ ենք: Ճշմարտությունը ասենք. մենք պետության համար չէինք գնացել, ոչ ոք մեզ չի ստիպել գնալ այնտեղ աշխատելու: Ընտանեկան պայմաններն են ստիպել: Այսօր, եթե տղաները դրսում են աշխատում, կրկին սոցիալական պայմաններն են ստիպում, իսկ եթե մեր ավիացիայում աշխատանք լիներ՝ իհարկե, այստեղ կաշխատեին»:
Տղամարդը պետք է տուն պահի
40 տարվա փորձառություն ունեցող ինժեներին այսօր օդի պես աշխատանք է անհրաժեշտ. «Մարդ եթե աշխատանք է ունենում՝ ցրվում է, մի տեսակ թեթեւ է ապրում, մտածելու, հիշելու ժամանակ համարյա չի ունենում: Այսօր մեր հասարակության տղամարդկանց 50-60%-ը չի աշխատում, իսկ դա շատ վատ բան է: Իմ փորձից եմ ասում, շատ ես ճնշվում: Եթե տղամարդը չի աշխատում` իրեն տանը կալանավորի պես է զգում: Ճիշտ է, 3 երեխաներս ինձ պահում են, բայց այդքան ծեր չեմ, որ պիտանի չլինեմ ավիացիայի համար: Տղամարդը պետք է տուն պահի»: Գործազրկությունն Ա. Սիմոնյանին առանձնացնում է հիշողությունների հետ, մեկուսացնում է, եւ նա ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել Մալաբոյի բանտի իր անցյալից: Շուտով մեկ տարին կլրանա, ինչ նրանք բերդից վերադարձել եւ նորովի վերածնվել են, ինչը յուրահատուկ խորհուրդ ունի օդաչուների համար, քանի որ նրանք այդ օրվան ծննդյան տոնի պես են վերաբերվում, ասելով՝ մեր երկրորդ ծննդյան օրն է: «Սեւ լողափից» վերադառնալուց հետո Ա. Սիմոնյանի կյանքում շատ բան է փոխվել, արժեքային փոփոխություններ են եղել, կյանքը գնահատելու մոտեցումներն են վերափոխվել. «Եթե առաջ մշտապես ձգտում էիր այսինչը սարքել, այնինչը առնել՝ հիմա այլ կերպ է: Ռուսի պես՝ այսօրով ես ապրում: Եվ հետո սոցիալական պաշտպանվածություն չկա, չգիտես` դու այսօր դուրս եկար, ապրեցիր, իսկ վաղն ապրելու հնարավորություն կունենա՞ս»,- ասում է Ա. Սիմոնյանը:
«Տիգա Էյրն» այլեւս սնանկ է
Ինչ վերաբերում է 6 հայ օդաչուների հետ կատարվածին, ապա Ա. Սիմոնյանն ասում է, որ այդ դեպքը եւ իրենց՝ օդաչուների, եւ ավիաընկերության տնօրենի վրա սարսափելի վատ հետք է թողել: «Իմ վիճակը մի կողմ, ես զգում եմ, թե ինչ անմխիթար վիճակում է «Տիգա Էյրը»: Ճիշտ է, մենք կալանավորված ենք եղել, բայց նրանց վիճակն այստեղ սարսափելի վատ է եղել ու հիմա էլ վատ է: Իրենք էլ այստեղ են «նստած»: «Տիգա Էյր» ընկերությունում տեխնիկական տնօրեն աշխատելով` Ա. Սիմոնյանը քաջատեղյակ է ընկերության խոհանոցին եւ վստահեցնում է, որ ընկերությունն այնուամենայնիվ բարեխիճ գործունեություն է ծավալել: Ներկայումս ընկերությունը սնանկացած վիճակում է եւ մեծ պարտքեր ունի, քանի որ 6 հայ օդաչուների շահագործած «Անտոնով-12» ինքնաթիռը Մալաբոյում բռնագրավել են, իսկ երկրորդ ինքնաթիռն ընկերությունը վաճառել է բռնագրավված օդանավի ծախսերը փակելու համար: «Այդ օդանավը գործարանից նոր էր դուրս եկել, լրիվ նոր էր, եւ ընկերությունը շատ մեծ պարտքերի մեջ ընկավ: Մեզ հետ կատարված միջադեպից հետո ընկերությունը սնանկացել է: Ես այդ ընկերության ամենահին աշխատողներից մեկն եմ եւ լավ գիտեմ ամեն ինչ: Ես գիտեմ, որ տնօրենը ձեռքերը ծալած չի նստել, երբ մենք բերդում ենք եղել»,- ասում է ինժեներ Ա. Սիմոնյանը, որը, սակայն, մինչ օրս էլ չգիտե, թե այդ միջադեպն ինչի՞ց է եղել, եւ ի՞նչ պատմություն էր դա: Ժամանակը կպարզի: