Տագնապ տարածաշրջանում

03/06/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ իրանյան ներկա ճգնաժամը, Իրանի միջուկային զենքի ծրագրերն ու ագրեսիվ հայտարարությունները ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն են:

«Շատերը մոռացել են, որ Իրանն ու Իրաքը տարածաշրջանում իրար հավասարակշռում էին. չէ՞ որ իրանական հեղափոխությունից հետո հեղափոխության արտահանման գաղափարը կանխվեց Իրան-իրաքյան պատերազմի միջոցով եւ Իրաքի ռեժիմով,- ասում է նա: – «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ ԱՄՆ-ը հաղթանակ էր տարել, բայց չգնաց Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալմանը: Այն ժամանակվա ԱՄՆ քաղաքական միտքը գիտակցում էր, որ Սադամին տապալելու դեպքում մեծ վակուում կառաջանա»:

«Հիմա հավասարակշռությունը խախտվել է. ԱՄՆ-ի սկսած պատերազմի հետեւանքով շիաների դիրքերը Իրաքում ուժեղացան, իսկ սրա արդյունքում ուժեղացավ շիանական Իրանը: Իրաքյան պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը չկարողացավ մարսել Իրաքը, եւ հիմա Իրաքից դուրս գալու արժանապատիվ ձեւ է փնտրում: Եվ Իրանի ղեկավարությունը հասկացավ, որ ԱՄՆ-ը նոր պատերազմի մեջ չի մխրճվի Իրաքից երեք անգամ մեծ երկրի հետ, եւ որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության ռազմական գործողություններն վարկաբեկիչ են եւ, հետեւաբար, բավական պրագմատիկ ու վտանգավոր քաղաքականություն է վարում»:

Քաղաքագետ, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանն ասում է, որ ներկա իրավիճակը չափազանց շիկացած է եւ հիշեցնում է Առաջին աշխարհամարտին նախորդող ժամանակաշրջանը. «Նման է ոչ թե դեպքերի զարգացման ձեւով, այլ քաղաքական գործիչների անտաղանդությամբ ու պատասխանատվության պակասով: Բոլորը տեսնում են վտանգը, բայց թերագնահատում են»,- ասում է նա:

Այսուհանդերձ, ցամաքային պատերազմի հավանականությունը նա զրոյական է համարում: Ավելի հնարավոր է միջուկային օբյեկտների կետային ռմբահարումը, սակայն կանխատեսելի ապագայում` 1,5 տարվա ընթացքում, դա էլ հավանական չի համարում: Իսկ այդ ժամանակահատվածում Իրանը կավարտի միջուկային զենքի համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակումը:

Ըստ նրա` ԱՄՆ մարտավարությունը կլինի պատժամիջոցներով ուժեղացնել ճնշումները` միաժամանակ քաղաքական հենակետերով ու ռազմակայաններով շրջափակել ու մեկուսացնել Իրանը: ԱՄՆ-ը ձգտելու է նվազեցնել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, որ ակտիվ է Միջին Արեւելքում, Կովկասում ու Պարսից ծոցում: Եվ այդ ծրագրերին կարող են ներգրավել Հայաստանին:

«Հայաստանի վիճակը շատ ծանր կլինի, եթե պատերազմ սկսվի: Բայց եթե անգամ պատերազմ չլինի, միեւնույն է` ծանր է: ԱՄՆ-ը ցանկանում է շրջափակել Իրանը, եւ մեր հարաբերություններն Իրանի հետ, որ եղել են շատ դրական, վտանգվում են: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ երբ բոլոր ճանապարհները պատերազմի (Ղարաբաղյան) ժամանակ փակվեցին, մնաց միայն Իրանի ճանապարհը, որ մեր կյանքի ճանապարհն էր»,- ասում է նա:

«Այս իրավիճակում Հայաստանը պետք է բազմաշերտ քաղաքականություն վարի, բազմակողմանի պայմանավորվածություններ ունենա: Մեր արտաքին քաղաքականությանը պակասում է նպատակակետերի շրջանակի լայնությունը: Մենք ունենք մեկ-երկու նպատակակետ ու դրանց ենք անընդհատ խփում (օրինակ` Ղարաբաղը), եւ ուրիշ բան մեզ չի հետաքրքրում, հետեւաբար` նվազում է քաղաքական մանեւրումը»:

Հովհաննիսյանն ասում է, որ պատերազմի դեպքում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի. «Պետք է գիտակցել, որ չեզոքի վրա բազմակողմանի ճնշումներ են լինում, եւ այդ ճնշումներին դիմագրավելու միջոցներ պետք է գտնվեն»: Իսկ եթե ԱՄՆ-ը ցանկանա օգտագործել Հայաստանի օդային եւ ցամաքային տարածքները, ապա «այստեղ շատ հստակ իրավական դաշտ կա. Հայաստանը անդամ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, որն իր վերաբերմունքն ունի այն դեպքերի համար, երբ այլ պետություններ ցանկանում են օգտագործել իր անդամների տարածքը»:

Բոզոյանն ասում է, որ ի տարբերություն իրաքյան կամպանիայի, ուր Հայաստանը Սադամին տապալելուց հետո մի խումբ զինվորներ ուղարկեց, Իրանի դեպքում բացարձակ չեզոքություն պետք է պահպանի. «Բավական վտանգավոր է որեւէ կողմ կամ դեմ դիրքորոշումը: Ցավոք, մենք ակտիվ դերակատարություն չունենք տարածաշրջանում, բայց այս պարագայում պետք է ձգտենք ակտիվ չեզոքության, այսինքն` ակտիվ միջնորդական դաշտ ստեղծել»:

Հնչում են նաեւ այլ տեսակետներ, օրինակ` «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ելույթ ունեցած քաղաքագետ Աղասի Ենոքյանը կողմ էր ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններին եւ ասում էր, որ ռազմական գործողություններից հետո Հայաստանը գազ կստանա ժողովրդավարական Իրանից:

«Պարզունակ է պնդումը, որ ԱՄՆ-ն Իրանը միանգամից կարող է դարձնել ժողովրդավարական,- ասում է Բոզոյանը: -Իրաքի օրինակը վկայում է, որ ժողովրդավարությունը մի հարվածով չի ստեղծվում: Իրանի հասարակության մեջ կան ժողովրդավարական հոսանքներ, բայց դրանք թուլանում են ԱՄՆ վտանգի պարագայում, եւ ժողովուրդը համախմբվում է արտաքին թշնամու դեմ: Իրանի ներսում եղած ժողովրդավարական խմորումները ինչպե՞ս տրանսֆորմացնել, ինչպե՞ս անել, որ Իրանը կայուն բարեփոխումներով հետզհետե ժողովրդավարական երկիր դառնա, ինչի միտումները նկատվում էին նախագահ Խաթամիի կառավարման ժամանակ: Այս հարցին պետք է ուշադրություն դարձնել:

Պատերազմն աղետ կլինի տարածաշրջանի համար: Հայաստանը կդառնա ճակատամերձ երկիր: ԱՄՆ երազանքը` ստեղծել մեծ, ժողովրդավարական Միջին Արեւելք, կվերածվի մեծ, ապակայունացված Միջին Արեւելքի»:

www.Armenianow.com