Մայիսի 29-ին Ալիեւը մասնակցել էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան՝ Հաղթական կամարից ոչ հեռու գտնվող Իենա ավենյուի վրա գտնվող նոր շենքի բացման արարողությանը: Նա արարողության մասնակիցներին շնորհավորել է բացման, ինչպես նաեւ ադրբեջանական նավթի Ջեյհան նավահանգիստ հասնելու կապակցությամբ:
Ալիեւը Փարիզում հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) կազմում գտնվող ազդեցիկ ընկերություններ ներկայացնող գործարարների հետ: Panhart Jeneral Depans ընկերության գլխավոր տնօրեն Քրիստիան Մոնսն Ադրբեջանի մասին ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել՝ ընդգծելով Ադրբեջանի տնտեսության արդյունավետ զարգացումը: Նա նշել է, որ ֆրանսիական ընկերություններն Ադրբեջանում լայն գործունեություն են իրականացնում, եւ բիզնես-միջավայրը երկրում գնալով ավելի է բարելավվում: Ի. Ալիեւը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի ներկա տնտեսական վիճակի, ոչ նավթային սեկտորի զարգացման, իրականացվող տնտեսական բարեփոխումների, բարենպաստ ներդրումային միջավայրի մասին, ապա Ադրբեջանի հետ ակտիվ տնտեսական համագործակցության կոչ է արել: Նա ասել է, որ Ադրբեջանից եվրոպացի սպառողներին գազը կարող է մատակարարվել 2006թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ըստ Ի. Ալիեւի՝ ներկայումս Եվրոպան օգտագործվող գազի 20 տոկոսը ստանում է Ռուսաստանից. «Ըստ ամենայնի, Եվրոպան մատակարարման այլընտրանքային աղբյուրներ է փնտրում, եւ դրանք գտնվում են Կասպից ծովի տարածաշրջանում»։ Ադրբեջանն առայժմ Արեւմտյան Եվրոպայից գազի մատակարարման պաշտոնական հայտեր չի ստացել՝ նա դրա արտահանումն իրականացնում է Վրաստան եւ Թուրքիա: «Սակայն, արդեն աշնանը հնարավոր է իրականացնել ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա, երբ գործարկվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը»,- հայտնել է Ալիեւը, ավելացնելով, որ Ադրբեջանից Եվրոպային գազ մատակարարելու թեման մանրամասնորեն կքննարկվի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ հանդիպման ժամանակ:
MEDEF-ի փոխնախագահ Թերրի Կուրտենը հայտարարել է, թե «Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանի ամենածաղկուն երկիրն է՝ նրա տնտեսական աճի ցուցանիշը մշտապես աճում է բարձր տեմպերով եւ 2005թ. հասել է 20 տոկոսի»: MEDEF-ում հատուկ ուշադրություն են դարձնում այն բանին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործումից հետո այն տարեկան 15 միլիարդ դոլարի կարգի եկամուտներ կբերի:
Մայիսի 29-ին Ալիեւը հարցազրույց է տվել «Եվրոնյուս» հեռուստաալիքին, որից հետո իրեն հատկացված կառավարական նստավայրում ընդունել է հետազոտման եւ արդյունահանման Total ֆրանսիական ընկերության նախագահ Քրիստոֆ դե Մորժերիին: Քննարկվել են Total ընկերության հետ համագործակցության հեռանկարների եւ Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ նրա մասնակցության հարցերը: Ալիեւը նաեւ ընդունել է Technip ֆրանսիական խմբի նախագահ Դանիել Վալոտին եւ երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության զարգացման մեջ Technip-ի ներդրումների համար: Դ. Վալոտն ասել է. «Մեզ հաջողվեց Կասպից ծովում կառուցել խոշորագույն հենակետ, որը շահագործման է հանձնվել «Շահդենիզ» հանքավայրում»:
Ալիեւը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, որը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը: Շիրակը նշել է, որ «խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանքներ չկան, եւ հիշեցրել Ադրբեջանի, Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղության կարեւորությունը»: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահը «հաստատել է մայիսի 25-ին Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկիր-համանախագահների համատեղ հայտարարության սկզբունքները», որում մատնանշվում է, որ «եկել է ժամանակը, որպեսզի կողմերը համաձայնության գան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին»: Ժ. Շիրակը եւ Ի. Ալիեւը նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում՝ մասնավորապես Իրանում, տիրող իրավիճակի մասին, նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, հիշեցնելով, որ Ադրբեջանը ներկայումս նախագահում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում:
«Հայ-ադրբեջանական հակամարտության ցանկացած խաղաղ կարգավորում հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- Փարիզում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստում հայտարարել է Ալիեւը: Ապա, թե՝ «Ազգային փոքրամասնություն լինելը բոլորովին էլ չի նշանակում անկախ պետություն ստեղծելու իրավունք ունենալ»: ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավար Պիեռ Լելյուշն իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժել է Փարիզում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու հրավերը:
Հայկական կողմից լսումներին մասնակցել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում այդ երկրի պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանը: