Մոսկվան Թուրքիային դրական ազդանշաններ է ուղարկում

03/06/2006 Մուհարրեմ ՍԱՐԻՔԱՅԱ, «Սաբահ» (Թուրքիա)

– Ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին 2009-2010թթ. Թուրքիայի ժամանակավոր անդամությանը:

– Եթե Թուրքիան հանդես գա նման նախաձեռնությամբ, մենք նրան կաջակցենք: Ընդ որում, անհրաժեշտ է, որ Թուրքիան կարգավորի իրադրությունը մյուս երկրների հետ, քանի որ մրցակցությունը բավականին խիստ է: Մեր կարծիքով, Թուրքիան տարածաշրջանի կարեւորագույն պետություններից մեկն է, եւ այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի նրա ձայնը հաճախ հնչի:

– Ինչպիսի՞ն կլինի Սեւծովյան տարածաշրջանի ապագան:

– Սեւծովյան տարածաշրջանն առանձնահատուկ գեոքաղաքական հետաքրքրություն է ներկայացնում: Այդ պատճառով նորմալ է, որ դրա նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում նաեւ այլ երկրներ: Ռուսաստանի դիրքորոշումը հետեւյալն է՝ Սեւծովյան ավազանի երկրներն իրենք պետք է որոշեն տարածաշրջանի ապագան: ՍՏՀ-ն (Սեւծովյան տնտեսական համագործակցությունը) ներառում է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական եւ էներգետիկ ոլորտներ, ինչը եւ հաստատվում է վերջերս իրականացվող նախագծերով: ՍՏՀ-ն փակ կազմակերպություն չէ: Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, տարածաշրջանի երկրներում ներկայումս գործում է «Սեւծովյան ուժ» նախագիծը: Թուրքիային եւ Ռուսաստանին առաջատար դեր է պատկանում տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, ահաբեկչության, թմրավաճառքի եւ մաքսանենգության դեմ պայքարում: Մենք նաեւ աջակցում ենք Սեւ ծովում անվտանգության ամրապնդմանն ուղղված Թուրքիայի նախաձեռնած «Հարմոնիա» նախագծին:

– Ո՞վ է չարաշահում քաղաքականությունը:

– Իրանին նույնպես անհրաժեշտ է մտցնել Սեւծովյան տարածաշրջանի երկրների շարքը: Մենք ձգտում ենք Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրների շուտափույթ խաղաղ լուծմանը, ինչը հնարավոր կդառնա, երբ երկրի ղեկավարությունն ընդունի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության պայմանները: Երկկողմ եւ բազմակողմ բանակցությունների ճանապարհով մենք փորձում ենք կանխարգելել Իրանի արհեստական մեկուսացումը:

– ԱՄՆ-ի «Մեծ Սեւ ծով» նախագիծը ենթադրում է նաեւ Մոնտերեյի պայմանագրի դրույթների փոփոխություններ: Ի՞նչ եք կարծում, այդ պայմանագիրը կարելի՞ է փոփոխել:

– Աշխարհում տարբեր երկրներ կան: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր տնտեսական, քաղաքական եւ քաղաքակրթության ուղիները, եւ շատ դեպքերում այդ ուղիները տարբերվում են: Աշխարհի բոլոր երկրներին նույն արշինով չափելն իրատեսական չէ: Ես կարծում եմ, որ նման ձեւակերպումը սխալ է: Մոնտերեյի կոնվենցիան պետք է նորմալ գործի:

– Դուք կօժանդակե՞ք կիպրոսյան հիմնախնդրի լուծմանը:

– Հիմնախնդրի լուծման համար հակամարտող կողմերը պետք է ուղղակի բանակցությունների մեջ մտնեն: Մենք սատարում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի նախաձեռնությունը կիպրոսյան հիմնախնդրի վերաբերյալ եւ հույս ունենք որ նա կողմերին կհամոզի նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք ուղիղ շփումներ ունենք, որոնք հումանիտար եւ տնտեսական ուղղվածություն ունեն, Կիպրոսի ինչպես` հարավային, այնպես էլ` հյուսիսային հատվածների հետ: Կան նաեւ կոնկրետ տնտեսական միջոցներ՝ կղզու հյուսիսային հատվածի հետ կապված: Այսպես, ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերի շրջանակներում կղզի՝ այդ թվում դրա հյուսիսային հատված է այցելել ՌԴ Առեւտրային պալատի պատվիրակությունը: Այս տարի կկայանա Հյուսիսային Կիպրոսի Առեւտրային պալատի ներկայացուցիչների այցը Մոսկվա: Մենք ճանաչում ենք կղզու տարածքային ամբողջականությունը եւ դրա հիման վրա ենք զարգացնում մեր հարաբարությունները Կիպրոսի հետ:

– Դուք կարո՞ղ եք, արդյոք, առաջարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանաձեւ:

– Ռուսաստանը պատրաստ է փոխընդունելի լուծում գտնելու երաշխավոր դառնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել են վերսկսել բանակցային գործընթացը: Անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում: