Ստվերի բացահայտո՞ւմ, թե՞ համագործակցություն

03/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2006թ. հունվարի 11-ի կարգադրությամբ անցկացված «Երեւանի քաղաքապետարանի գործունեության հասարակական մոնիտորինգ» ծրագրի մրցույթի հաղթող է ճանաչվել «Ազատական գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնը» (ԱԳՄԱԿ):

4 ամսվա համար տրամադրվել է մոտ 3մլն դրամ: Այս նախաձեռնությունը թերեւս նպատակ ունի քաղաքապետարանի գործունեությունը բաց եւ թափանցիկ դարձնել: Թեեւ ԱԳՄԱԿ-ի տնօրեն Լուսինե Մարգարյանը ծրագրի բովանդակությանը ծանոթացնելիս հորդորեց, թե քաղաքապետարանի գործունեությունը հասարակական վերահսկողության մակարդակի բարձրացման միջոցով թափանցիկ կդառնա, այդուհանդերձ, հարկ է նշել, որ նրա ներկայացրած ուսումնասիրությունների նախնական տվյալներն այնքան էլ հուսադրող չեն եւ տրամադրված դրամաշնորհի էությունը դժվար թե «բացի» քաղաքապետարանի մութ կողմերը: Մասնավորապես հետաքրքիր է ԱԳՄԱԿ-ի ղեկավարի այն տեսակետը, թե իրենց ուսումնասիրությունների արդյունքում արված մոնիտորինգի եզրակացությունը հնարավորություն կտա ընդամենը հետեւություններ անելու, եւ ընդամենը… Նախ ներկայացնենք այն սկզբունքներն, ըստ որոնց` ԱԳՄԱԿ-ը համագործակցելով «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի» հետ իրականացնելու է ծրագիրը: Մշակված մեթոդաբանության համաձայն՝ իրականացվում է քաղաքապետարանի գործունեության մոնիտորինգ հետեւյալ 4 ուղղություններով՝ հողատարածքների աճուրդներ, «մեկ պատուհանի» սկզբունք, պետպատվերի որակն առողջապահական հիմնարկներում եւ կրթական համակարգ: Կրթության ոլորտում որպես ուսումնասիրության թիրախ ընտրվել են Երեւան քաղաքի յուրաքանչյուր համայնքի առավելագույն եւ նվազագույն բյուջե ունեցող դպրոցները, իսկ առողջապահության ոլորտում՝ յուրաքանչյուր համայնքից մեկական պոլիկլինիկա: Ներկայումս սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում վերոնշյալ սկզբունքով ընտրված բարձր դասարանցիների եւ պոլիկլինիկաներում՝ բնակչության շրջանում, ինչպես նաեւ` քաղաքապետարան դիմող քաղաքացիների շրջանում: Ծրագիրն իրականացվում է 2 փուլով, որի տեւողությունը 4 ամիս է՝ ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը: «Մեր ուսումնասիրությունների համար բազմաթիվ փաստաթղթեր ենք խնդրել քաղաքապետարանից: Մի պրոբլեմ կա աճուրդների հետ կապված, դեռեւս չենք ստացել հողհատկացումների վերաբերյալ քաղաքապետի որոշումները,- նշում է Լ. Մարգարյանը: -Մենք խնդրել էինք տրամադրել 2005-2006թթ. առաջին եռամսյակի որոշումները եւ մինչ այսօր չենք ստացել: Ասեմ, որ քաղաքապետարանի կողմից որեւէ դեմ տեսակետ չկա որոշումները տրամադրելու կապակցությամբ, բայց նրանց փաստարկով որոշումները հսկայածավալ են եւ բավականին մեծ ժամանակ է պահանջվում»: ԱԳՄԱԿ-ը, 2 ամիս է, ինչ որոշումներին է սպասում, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ ծրագրի սկզբից եւեթ սերտորեն համագործակցում են քաղաքապետարանի հետ: Հիշեցնենք միայն, որ համագործակցության արդյունքում ոչ ոք փաստերով թերություններ լույս աշխարհ չի բերում: Եթե ՀՀ նախագահը 3մլն գումարի դրամաշնորհ է տրամադրել քաղաքապետարանի գործունեությունը թափանցիկ դարձնելու համար, ուրեմն անհրաժեշտ է ոչ թե համագործակցել, այլեւ պահանջատիրական իրավունքով ձեռք բերել բոլոր փաստաթղթերը, այլապես տպավորություն է ստեղծվում, թե քաղաքապետարանն ուզում է ԱԳՄԱԿ-ին օգտագործելով` թափանցիկ գործունեության պատրանք ստեղծել: Այս տեսակետը հիմնավորելու համար ներկայացնենք դեռեւս չամփոփված մոնիտորինգի ընթացքում հայտնաբերված մի քանի տվյալների մասին. Լ. Մարգարյանի հավաստմամբ, օրինակ՝ դպրոցների խորհուրդների դերը լավագույնս չեն պատկերացնում ոչ միայն խորհրդի անդամները, այլ նաեւ իրենք՝ տնօրենները, որովհետեւ դպրոցներից մեկի տնօրենը նշել է, թե խորհուրդը լավ չէր աշխատում, բայց երբ փոխեց խորհուրդը, հիմա լավ են աշխատում: «Եթե տեղյակ եք` տնօրենը խորհուրդ փոխելու իրավունք չունի»,- նշեց Լ. Մարգարյանը՝ մատնանշելով կոռուպցիայի վերաբերյալ մեկ այլ դպրոցի տնօրենի որակումը. «Նա ասաց՝ ո՞ր գողն է խոստովանում, որ ինքը գող է»: Անդրադառնալով առողջապահական ոլորտին` վերջինս նշեց, թե պոլիկլինիկ ծառայության համար տարեկան 1 բնակչի հաշվով հատկացվում է միջինը 20-25 դոլար, հետեւաբար` ոչ բավարար գումարն առողջապահական ծառայությունների սպասարկման որակի վրա ազդում է: «Բոլոր քննարկումների ժամանակ այն տեսակետը հնչեց, որ գումարը քիչ է եւ որակն ապահովելու համար չի բավարարում: Ստացվում է, որ պետությունը գնում է առաջնային բուժօգնությունը պետպատվերով դարձնելու ճանապարհով, բայց այդ լավ առաքելությունն իրականացնելիս ընկնում է առողջության ապահովման որակը»,- ասում է Լ. Մարգարյանը՝ վստահեցնելով, որ բժիշկները դժգոհում են այդ նախաձեռնությունից:

Ահա ուսումնասիրության դեռեւս չամփոփված, բայց, այնուամենայնիվ, ընթացիկ արդյունքները, որոնք, սակայն, նորություն չեն, քանի որ յուրաքանչյուր օր թե՛ մամուլով, թե՛ հեռուստատեսությամբ այս երեւույթները ներկայացվում են թե՛ նախագահին, թե՛ քաղաքապետին եւ թե՛ հասարակությանը: Այլ կերպ ասած՝ ԱԳՄԱԿ-ը այսուհետ կանի մի բան, որն արդեն վաղուց ներկայացրել են լրատվամիջոցները ու, որին քաջատեղյակ են քաղաքացիները: Այնպես որ, եթե քաղաքապետարանում թափանցիկ դառնալու մղում կա, ապա վաղուց արդեն լրատվամիջոցների լուսաբանումներից ազդված կլինեին: Մի խոսքով՝ ասուլիսից պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը փորձելու է քաղաքապետարանի թափանցիկության գովազդ ապահովել: