ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվելուց հետո ԱԺ տվյալ խմբակցությունը լքած պատգամավորը պետք է վայր դնի իր մանդատը: Ըստ նրա, այսօր այդ խնդիրն օրենսդրորեն ամրագրելու կարիք կա: «Ես միանշանակ կողմնակից եմ այդ հարցում, սակայն մեզանում դա պետք է կիրառել հաջորդ գումարման ԱԺ-ի համար»,- ասել է Գալուստ Սահակյանը: Ի դեպ, սա մեր խորհրդարանի պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ Գալուստ Սահակյանն ու խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես` «Արդարություն» դաշինքն իրար հետ ինչ-որ հարցում համամիտ են: