ԱԺ որեւէ խմբակցությունից հերթական զանգվածային առնետավազքից հետո պատգամավորները սկսում են կարծիք հայտնել, որ բարոյական կլիներ, եթե համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները խմբակցությունից դուրս գալու դեպքում վայր դնեին իրենց մանդատները: Եվ սկսում են հիշել, որ 1995 թվականին ՀՀ Առաջին գումարման Ազգային ժողովի Կանոնակարգ-օրենքով հստակ սահմանված էր, որ եթե պատգամավորը համամասնական ցուցակով ընտրվելուց հետո որոշում է դուրս գալ ԱԺ համանուն խմբակցությունից, ապա նա պետք է վայր դնի իր մանդատը:
Սակայն 1997թ. ԱԺ կանոնակարգից այդ դրույթը Դավիթ Շահնազարյանի եւ Էդիկ Եգորյանի ջանքերով հանվեց, եւ այդպիսով ԱԺ-ում սկիզբ դրվեց առնետավազքին. երբ «Հանրապետություն» խմբակցությունից մեկ գիշերվա ընթացքում պատգամավորների մեծամասնությունը դուրս եկավ` ստեղծելով «Երկրապահ» խումբը: ՕԵԿ խմբակցությունից տեղի ունեցած առնետավազքը վերստին ակտիվացրեց ԱԺ կանոնակարգում նման դրույթի ամրագրման անհրաժեշտությունը: Իհարկե, համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորները մասնավոր զրույցներում ասում են, թե համամասնական ցուցակի անցողիկ համարները զբաղեցնելու համար նրանք մի քանի հազար դոլար են «մուծվել»: Ուստի, ընտրվելուց հետո որեւէ բարոյական պարտավորություն չունեն այդ խմբակցության հանդեպ եւ կարող են այնտեղից հանգիստ դուրս գալ` առանց մանդատը դնելու, քանի որ այդ մանդատն իրենք պարզապես «գնել են»:
Հետաքրքիր է, որ պատգամավորական խմբակցություններից միայն «Օրինաց երկիրն» է, որ դեմ է ֆրակցիան լքելու դեպքում պատգամավորին մանդատից զրկելու պահանջին: Ու սա` այն դեպքում, երբ ընդամենը հաշված օրերի ընթացքում իրենց խմբակցությունից դուրս եկավ միանգամից 9 պատգամավոր: Մեզ հետ զրույցում ՕԵԿ համամասնական ցուցակով ընտրված ու դեռեւս ՕԵԿ խմբակցությունում մնացած պատգամավոր Գագիկ Ավետյանը կարծիք հայտնեց. «Ես դեմ եմ, որ պատգամավորը, ելնելով կուսակցական պատկանելությունից, վայր դնի մանդատը, անկախ նրանից, թե նա ընտրվել է մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգով, որովհետեւ պատգամավորն ընտրվել է ժողովրդի կողմից»: Ըստ Գ. Ավետյանի, մանդատը վայր դնել-չդնելու հարցը պետք է թողնվի տվյալ պատգամավորի խղճին: Երեկ Գ. Ավետյանին հարցրինք` մի՞թե իրենց խմբակցության հետ տեղի ունեցածից հետո էլ է ինքը մնում այդ կարծիքին: «Այո, բարոյական չի լինի, եթե նման ձեւով մենք ճնշումներ ենք գործադրում մարդկանց, առավել եւս` պատգամավորի վրա: Այդ դեպքում արդեն պատգամավորն ինքնըստինքյան կվերածվի մի գործող մեքենայի, որին ինչ հրահանգ տաս, պետք է կատարի: Նա այդ դեպքում կգտնվի կուսակցական-քաղաքական մամլիչի տակ: Մարդու բնական ազատությունների վրա ճնշում գործադրելն ավելի անբարոյական է, քան արհեստականորեն բարոյականություն թելադրելը»,- անկեղծացավ պատգամավորը: Հասկանալի է, ՕԵԿ-ն իր գլխին եկած փորձանքներից հետո էլ դասեր չի քաղել: Մինչդեռ, այս հարցում զարմանալի զուգադիպությամբ նույնակարծիք են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, «Արդարություն» դաշինքը: Եվ խոստովանենք, որ սա եզակի դեպքերից մեկն է: «Եթե ճանապարհի կեսից որոշակի ուղղվածություն է փոխվում թեկուզ սկզբունքների կամ գաղափարների համար, բնականաբար, պատգամավորը պետք է մանդատը վայր դնի: Ես կողմնակից եմ նման իրողությանը»,- ասաց նա: Բայց այս դրույթն, ըստ պրն Սահակյանի, ճիշտ կլինի կիրառել հաջորդ գումարման ԱԺ-ի դեպքում. «Քանի որ ես դեմ եմ խաղի կեսից կանոնները փոխելուն»,- ասաց Գ. Սահակյանը, ավելացնելով, որ համենայնդեպս, ՀՀԿ խմբակցությանն այդ վտանգը չի սպառնում: Իսկ «Արդարություն» դաշինքը ներկայացնող պատգամավոր Գրիգոր Հարությունյանն էլ մատնացույց է անում ՌԴ Պետդումային, որտեղ վերջերս հանդես եկան օրենսդրական առաջարկությամբ, ամրագրելու, որ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորն իրավունք չունի փոխել իր խմբակցությունը, հակառակ պարագայում նրանք ստիպված կլինեն վայր դնել իրենց մանդատը: «ՌԴ-ում այս հարցին ճիշտ լուծում են տվել, որ միեւնույն ժամանակ պահպանել են նաեւ մարդու իրավունքները. կարող ես դուրս գալ կուսակցությունից, բայց Պետդումայի խմբակցությունից հեռանալ չես կարող»,- ռուսներին օրինակ է բերում Գ. Հարությունյանը: Վերջինս չբացառեց, որ առաջիկայում ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման դեպքում իրենք էլ հանդես գան նմանատիպ առաջարկով: «Դա ԸՕ-ով կարգավորվող հարց է: Այո, կարելի է այդ հարցը ԸՕ քննարկումների ժամանակ առաջ քաշել»,- ասաց նա: Սակայն այստեղ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով` կարող է մեկ պրոբլեմ ծագել. «ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել այդ դրույթի ամրագրմանը, մենք գտնում ենք, որ այն միանշանակորեն ճիշտ է: Բայց հիմա հնարավոր չէ վերականգնել, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը: Մենք չկարողացանք Սահմանադրության մեջ մեր կոլեգաներին համոզել, որ այդ դրույթի համար հնարավորություն բացվի: Հիմա, փաստորեն, Սահմանադրությունը նախատեսում է ոչ իմպերատիվ մանդատ, երբ ասում են, որ «Պատգամավորը կաշկանդված չէ իր հրամայական մանդատով»: Սա է խանգարող հանգամանքը»,- ասաց նա` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, այդ հարցին ավելի հստակ կպատասխանեն իրավաբանները:
Սակայն իրավաբաններից ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով, Սահմանադրության այդ դրույթը չի հակասում պատգամավորի նկատմամբ նման պատժամիջոց կիրառելուն: Ըստ նրա, այդ դրույթը նախ պետք է ամրագրել ԸՕ-ում: «Հնարավոր է ԸՕ-ում սահմանել, որ կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դեպքում պարտավոր է վայր դնի մանդատը, իսկ հետո այդ դրույթը պետք է ամրագրվի նաեւ ԱԺ կանոնակարգի մեջ»,- ասում է Ռ. Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ, առնետավազքի յուրաքանչյուր դեպքից հետո պատգամավորները մշտապես առաջ են քաշել այդ դրույթն ամրագրելու անհրաժեշտությունը, սակայն նրանցից ոչ մեկն էլ չի դիմել գործնական քայլերի: «Իսկ ես մենակ չեմ կարող դա անել: Նպատակահարմար է, որ խմբակցությունների ղեկավարները նման առաջարկ անեն: Թե չէ, ես կարող եմ առաջարկել, բայց չընդունվի այնպես, ինչպես չընդունվեց պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկս»,- դժգոհում է Ռ. Պետրոսյանը:
Այնպես որ, օգտվելով ստեղծված իրավիճակից, առաջիկայում ԸՕ-ի եւ ԱԺ Կանոնակարգի փոփոխությունների ժամանակ պատգամավորները կարող են հանդես գալ այդպիսի առաջարկով: Իսկ դա հետագայում թույլ կտա քաղաքական դաշտը նման ցնցումներից ետ պահել: