14 տարի ազատազրկման ենթարկված Արթուր Այվազյանը, շուրջ 30 օր է, ինչ անժամկետ հացադուլի մեջ է: Նրա պահանջը մեկն է` իրեն անօրինական Գորիս տեղափոխելուց հետո օրինական ճանապարհով տեղափոխեն «Սովետաշեն» ՔԿՀ: Ապրիլի 26-ին նա Գորիսի ՔԿՀ-ի քննիչ Ա. Ղազարյանին ծեծել է` վերջինիս առողջությանը թեթեւ վնաս պատճառելով: Ապրիլի 29-ին Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ մի խումբ անձինք մահակներով դաժանորեն ծեծել են Ա. Այվազյանին եւ 17 օր թողել կարցերում: Մայիսի 4-ին Ա. Այվազյանի ծնողները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Սակայն վերջինիս աշխատակիցը նրանց ասել է, որ «ճիշտ են արել, որ ծեծել են, քանզի դա նախատեսված է օրենքով. չէ՞ որ Այվազյանը ձեռք է բարձրացրել իշխանության ներկայացուցչի վրա»: Այս բանից հետո աշխատակիցն ազատվել է աշխատանքից: Սակայն հիշեցնենք, որ Այվազյանին ծեծի են ենթարկել դեպքից 3 օր անց: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատակիցը կալանավայր է մեկնել ընդամենը 3 օր առաջ: Հացադուլի ընթացքում ոչ մի դատաբժիշկ չի այցելել Այվազյանին, իսկ նրան ծեծողների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Այվազյանին այցելել են ԵԱՀԿ, «Կարմիր խաչի» եւ Հելսինկյան կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Մայիսի 28-ին Այվազյանը, երակները կտրելով, ինքնասպանության փորձ է կատարել: Նրա մոր հավաստմամբ, որդու առողջական վիճակը շատ ծանր է: