«Դուք գիտեք, որ համաձայն ԱԺ կանոնակարգի` ես ներկայացրել էի իմ հրաժարականը եւ այսօր` հինգ օր անց, ես այն պետք է վերահաստատեմ: Վերահաստատում եմ իմ հրաժարականը 5-օրյա ժամկետում. քանի որ ԱԺ նիստ չկա, ես դա անում եմ հրապարակային, լրագրողների ներկայությամբ, եւ համաձայն ԱԺ կանոնակարգի` ես վայր եմ դնում ԱԺ նախագահի իմ լիազորությունները»,- երեկ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում հայտարարեց ԱԺ այլեւս նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը, լրագրողներին լուսանկարների ալբոմ, «բարի լուրեր» գրելու համար ԱԺ մակագրությամբ գրիչներ նվիրեց ու, ձեւացնելով, թե ինքը գոհ ու երջանիկ է իր հրաժարականով, ժպտալով հեռացավ:
Բայց իրականում, ասում են, Ա. Բաղդասարյանը շատ ծանր է տանում իշխանությունը կորցնելու, ավելի ճիշտ` իշխանական բազմապիսի ճոխություններից, օրը մի քանի անգամ իր անձնական խոհարարի պատրաստած տարբեր տեսակի ուտելիքներից, դեսերտից` ըստ հերթականության, զրկվելու փաստը: Դրա ապացույցը նաեւ այն էր, որ երեկ ինքն իր հրաժարականի վերահաստատման երկտողն ասելու համար ընտրել էր ԱԺ Ոսկեզօծ դահլիճը, որն, ըստ արարողակարգի, նախատեսված է բարձրաստիճան հյուրերին ընդունելու, միջազգային կազմակերպությունների նիստերն ու տեղական նշանակության միջոցառումներն անցկացնելու համար` պարգեւատրումներ, մրցանակներ եւ այլն, որոնց պետք է նաեւ հանդիսավոր, ճոխ տեսք տալ:
Նույնը վերաբերում է նաեւ ԱԺ նախագահի աշխատասենյակին, որից նա նույնպես դժվարանում է հեռանալ: Չնայած, ասում են` դժվար է հեռանալ մի վայրից, որի մասին երազել ես պատանեկան տարիքից, բայց միեւնույն է` այն որեւէ տրամաբանության չի ենթարկվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հրաժարականից հետո Ա. Բաղդասարյանն ԱԺ է գալիս առավոտյան լույսը բացվելուն պես ու հեռանում է ուշ երեկոյան: Այնտեղ է անցկացնում իր բոլոր աշխատանքային, ոչ աշխատանքային, կուսակցական եւ ոչ կուսակցական հանդիպումները: Ա. Բաղդասարյանին դեռեւս մտերիմ ԱԺ աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ Արթուր Վահանիչի համար շատ ծանր է այդ աշխատասենյակից հեռանալը, որովհետեւ ինքն իր ոտքն այդ սենյակ դնելուց վայրկյաններ հետո հանձնարարել էր այն արագ վերանորոգել եւ այնպիսի կահույք տեղադրել, որը համապատասխան կլինի իր «ջահելական» ճաշակին, իսկ անցյալ տարի հանձնարարել էր նույն աշխատասենյակը հիմնովին վերանորոգել, որովհետեւ, ըստ Ա. Բաղդասարյանի, 2003 թվականին արված վերանորոգումը «գլխառադ» է եղել: Այսինքն` ոչ հիմնավոր:
Ու հիմա ամենազավեշտալին այն է, որ Ա. Բաղդասարյանը, ով երեկ մի քանի անգամ կրկնում էր` «հեռանում եմ», իրականում չի ուզում հեռանալ այդ հարկաբաժնից: Նա ուզում է` լինելով ընդդիմություն, տեղ ունենալ ԱԺ երրորդ` ԱԺ նախագահի, տեղակալների ու ԱԺ նախագահի աշխատակազմի համար հատկացված հարկում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ա. Բաղդասարյանը դիմել է ԱԺ աշխատակազմ` պահանջելով իրեն` որպես ԱԺ նախկին նախագահի, հատկացնել ԱԺ երրորդ հարկում գտնվող սենյակներից մի քանիսը, որպեսզի ինքը չիջնի երկրորդ հարկում «Օրինաց երկիր» խմբակցության աշխատասենյակ` այն համարելով «ճ կլասի»:
Բայց սա էլ դեռ Արթուր Վահանիչի գլուխգործոցների վերջը չի: Պարզվում է, իր հրաժարականից հետո Ա. Բաղդասարյանը լծվել է անցած երեք տարիներին ԱԺ-ն օրինացերկրացիներով լցրած մարդկանց այս կամ այն վարչություն տեղափոխելու գործին: Խնդիրն այն է, որ անցած տարիներին Ա. Բաղդասարյանն ԱԺ նախագահի աշխատակազմ, տարբեր վարչություններ ու հանձնաժողովներ է տեղավորել բացառապես ՕԵԿ-ականների, որոնց էլ հիմա ստիպված պետք է տեղափոխի տարբեր բաժիններ: Օրինակ, ԱԺ 10 վարչություններից 7-ի պետերը, 4 պետերի տեղակալները, 8 բաժնի վարիչները, գլխավոր հաշվապահը, Ավտոտնտեսության պետը, պարետը, աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալները բացառապես ՕԵԿ-ականներ են եղել` չհաշված շարքային աշխատողները, որոնց ՕԵԿ-ը ձեռքի հետ էր դարձնում ՕԵԿ-ականներ: Հակառակ դեպքում` սպառնում էր աշխատանքից հեռացնել ու մեկ այլ ՕԵԿ-ական ներմուծել ԱԺ:
Բնականաբար, անխտիր ՕԵԿ-ականներ են եղել ԱԺ նախագահի աշխատակազմի անդամները` օգնականներ, խորհրդականներ, գլխավոր մասնագետներ եւ այլն: Իր հրաժարականից հետո առաջին գործը, որ արել է Ա. Բաղդասարյանը եղել է` իր աշխատակազմի աշխատակիցներին` թվով 20 հոգի, տեղափոխել ԱԺ աշխատակազմ: Ու հիմա ԱԺ բոլոր վարչություններում, բաժիններում, անկախ նրանից սենյակներում տեղ կա՞, թե՞ ոչ, մեկական սեղան ու աթոռ է ավելացել` աշխատակիցն էլ հետը, որովհետեւ Ա. Բաղդասարյանը բոլոր բաժիններում նոր` գլխավոր մասնագետի հաստիք է իջեցրել նրանց համար: ԱԺ-ում սա համարում են «բեսպրեդել», որովհետեւ, համաձայն «Պետական ծառայողի մասին» օրենքի, ԱԺ աշխատակիցները համարվում են պետական ծառայողներ, որոնք աշխատանքի են ընդունվում կամ մեկ այլ պաշտոնից մյուսին են տեղափոխվում բացառապես բաց մրցույթների միջոցով: Այսինքն` նրանք պետք է քննություն տան, օրինակ, անգիր ասեն Սահմանադրությունը, ԱԺ կանոնակարգը եւ մյուս առաջնակարգ օրենքները, մրցույթով հաղթող ճանաչվեն այդ պաշտոնը զբաղեցնելու համար, նոր` համարվեն ԱԺ աշխատակից: Բայց Ա. Բաղդասարյանը որոշել է դրա վրա ուշադրություն չդարձնել ու սուսուփուս իր մարդկանց այս պաշտոնից մյուսը տեղափոխել` անտեսելով իր իսկ նախագահության տարիներին ընդունված օրենքը: Ի դեպ, ասում են` ՕԵԿ-ում բոլորը «վունդերկինդներ» են, որովհետեւ անցած երեք տարիներին ինչքան պետական ծառայողի բաց մրցույթ է անցկացվել` միշտ «հաղթել» է ՕԵԿ-ականը, որովհետեւ այդպես է ցանկացել Արթուր Վահանիչը, ով իր երեք տարիների գործունեության արդյունքում հասցրել է իր կուսակիցներին աշխատանքի տեղավորելու համար ԱԺ-ում բազմանշանակ անուններով մի քանի տարբեր վարչություններ ստեղծել: Օրինակ, տարածքային քաղաքականության վերլուծության, սոցիալական հիմնախնդիրների հետազոտության, օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչություններ, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին մի քանի ենթաբաժիններ ունի (իրավաբանական ծառայություն, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերի բաժիններ, տնտեսական քաղաքականության, եւ այլն)` բնականաբար իր մի քանի աշխատակիցներով: Այսինքն` որտեղ հնարավոր է եղել, Ա. Բաղդասարյանն օրինացերկրացի է մտցրել, իսկ որտեղ էլ չի կարողացել` աշխատողներին է օրինացերկրացի դարձրել: Ի դեպ, գոնե մինչեւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը հավատավոր, անդառնալի օրինացերկրացի էր նաեւ ԱԺ կադրերի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը, որը նաեւ ՕԵԿ Կանանց խորհրդի ղեկավար կազմից է: Աժ հաշվապահը նույնպես ՕԵԿ-ական է:
Այնպես որ` այս ամենն իմանալուց հետո հասկանալի է դառնում, թե ինչու Ա. Բաղդասարյանը չի կարողանում երրորդ հարկից, որտեղ իրեն միայն «Արթուր Վահանիչով» էին դիմում, երկրորդ հարկ իջնել ու լսել, թե ինչպես են մի ամիս առաջ իր առաջ գլուխկոնծի տվողներն ասում` «Արթուր» ու իր արած երեք տարիների վերոնշյալ «աշխատանքի» արդյունքն ուրանում: Ա. Բաղդասարյանը չի ուզում նաեւ հրաժարվել իր թիկնազորից` վստահեցնելով, որ իրեն նույնպես, ինչպես Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, օրենքով պետք է թիկնազոր հատկացվի: Նրա հետ այս օրերին շփվողներն ասում են, որ Ա. Բաղդասարյանը հոգեբանորեն չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքն այլեւս նախկին է, որին ոչինչ չի հասնում: Ու այդ «նախկինը» լինելու մտքից ու ոչ վաղ անցյալի հիշողությունների մեջ խճճված Ա. Բաղդասարյանն իրեն սկսել է համեմատել մյուս երկրների` եվրոպական, ԱԺ նախկին նախագահների հետ` ասելով, թե եվրոպաներում լավ են վերաբերվում իր նման նախկինների հետ: Հիշեցնենք, որ երբ մեկ շաբաթ առաջ Ա. Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե երեք տարիների ընթացքում 30 գործուղումն ԱԺ նախագահի համար շատ չի՞ եղել, նա դարձյալ համեմատվելով եվրոպացի իր կոլեգաների հետ, ասել էր` «Մի հատ համեմատեք եվրոպական ԱԺ նախագահների հետ. նրանք տարեկան 10 այց են ունենում»:
Այնպես որ` իսկապես ծանր է Ա. Բաղդասարյանի վիճակը, որը չի ուզում լինել իշխանություն, ուզում է լինել ընդդիմություն` ԱԺ նախագահի լիազորություններով, աշխատասենյակով, դեսերտով, օրական 6 փաթեթ մամուլով (1-ը` իր, 1-ը` քարտուղարուհու, 1-ը` թիկնազորի պետի, մյուսներն էլ` օգնականների համար), մի խոսքով` ամբողջ հարկաբաժնով` Տիգրան Թորոսյանի ու Վահան Հովհաննիսյանի հարեւանությամբ:
Հ. Գ. Ի դեպ, վերջերս Ա. Բաղդասարյանը փոխել է նաեւ իր տիկնոջ ծառայողական «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան: Փոխարենը Ա. Բաղդասարյանի տիկինը հիմա քաղաքում շրջում է «Նիսանով», որն արժե մոտ 30.000 ԱՄՆ դոլար: