Միլիոններն եկան

31/05/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) Հայէկոնոմբանկի (ՀԷԲ) հետ մայիսի 29-ին Առեւտրի խթանման ծրագրի վերաբերյալ պայմանագիր կնքեց: Ծրագիրն իրականացվելու է մինչեւ 1 տարի ժամկետով եւ մինչեւ 1 մլն դոլարի սահմաններում: Կողմերի հավաստմամբ, այն կխթանի Հայաստանի ներմուծումն ու արտահանումը՝ գործարարներին հնարավորություն տալով օգտվել ակրեդիտիվներից եւ երաշխիքներից՝ որպես ֆինանսական գործիքներ: ՀԷԲ-ը եւ ՄՖԿ-ն ստորագրեցին նաեւ Մտադրությունների հուշագիր, որը ներառում է 2 ծրագիր: Առաջինը 8 տարի ժամկետով 2 մլն դոլարի վարկ է, որի կեսը պետք է տրամադրվի փոքր եւ միջին բիզնեսին, մյուս կեսը՝ հիփոթեքային շուկային: Իսկ մյուս ծրագիրը, որը նույնպես 2 մլն դոլարանոց է, հետագայում ՄՖԿ-ին հնարավորություն կտա նշված գումարի սահմաններում մաս ունենալ ՀԷԲ-ի կանոնադրական կապիտալում: ՄՖԿ-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Էդվարդ Նասիմի խոսքերով, այդ 2 մլն դոլարը փոխարկելի վարկ է եւ տարիներ հետո այն կփոխարինվի ՀԷԲ-ի բաժնետոմսերով: Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկն արդեն ունի արտասահմանյան բաժնետերեր, այն է՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):

«Գտեք ձեր արտասահմանյան գործընկերոջը, մենք պատրաստ ենք ձեզ հետ բանակցել եւ եթե արտահանող եք, մենք ձեզ կարող ենք երաշխավորել, որ ձեր արտահանած ապրանքի դիմաց գումարը կստանաք: Եթե ներկրող եք, երաշխավորում ենք, որ ձեր պատվիրած գումարն անպայման տեղ կհասնի»,- ՀԷԲ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի հավաստմամբ՝ գումարները ծախսելուց բանկը պետք է առաջնորդվի այս սկզբունքով: Բանկիրն այս ծրագրում կարեւորում է միջազգային 2 խոշոր կառույցների՝ ՎԶԵԲ-ի եւ ՄՖԿ-ի դերը. չէ՞ որ հենց նրանք են դա ֆինանսավորում:

Վերջին մոտ 2 տարիների ընթացքում հայկական դրամը շարունակում է արժեւորվել: Արդյո՞ք դա որեւէ կերպ չի ազդել հայ գործարարների կողմից արտաքին առեւտրի ֆինանսավորման գործիքներից օգտվելու ցանկության նվազման վրա: «Առեւտրի ֆինանսավորման ոլորտում ծավալներն աճել են: Դա պայմանավորված է նրանով, որ ֆինանսավորումն ավելի էժան է: Այս ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք իրականացնել ֆինանսավորում տարեկան 6-9% տոկոսադրույքով, իսկ հայկական վարկային շուկայում միջին տոկոսադրույքը 16% է»,- պատասխանեց Ա. Օսիպյանը: Թեեւ պատասխանում «փոխարժեք» բառն ընդհանրապես չհնչեց, սակայն ամեն ինչ հասկանալի էր. դոլարի արժեզրկումն իրականում խոչընդոտում է արտահանմանը եւ հետեւաբար նաեւ` ՝արտաքին առեւտրի ֆինանսավորման գործընթացին, սակայն վերջինիս համեմատաբար էժան գործիքներն «օգնության են հասնում»: Մյուս ծրագիրն առնչվում է մեր հասարակությանը հուզող արդիական խնդիրներից մեկին՝ հիփոթեքային վարկավորման մատչելիությանը: Արդյո՞ք հիփոթեքը երբեւիցե հասանելի կդառնա բնակչության լայն խավերին: Պարզվում է՝ բանկերին այդ հարցն առանձնապես չի էլ հուզում: «ԱԺ-ն երեւույթը պետք է դիտարկի սոցիալական խնդիրներ լուծելու տեսանկյունից, իսկ առեւտրային բանկը՝ որպես եկամտաբեր ակտիվ»,- ասում է Ա. Օսիպյանը: Դա բնական է, քանզի հիփոթեքային վարկերի այսօրվա տոկոսադրույքով եւ հիմնականում միջազգային կազմակերպությունների փողերով մեր բանկերը հնարավորինս ֆինանսավորում են: Այլ խնդիրների մասին թող պետությունը մտածի: «Ճշմարտությունը շուկան է: Նա է սահմանում տոկոսադրույքը: Հիփոթեքային շուկայի մասնակիցների նորաստեղծ միությունը խնդիր ունի հիփոթեքային վարկերը դարձնել քիչ ռիսկային, երկարացնել դրանց ժամկետները: Կարեւորն այնքան տոկոսադրույքը չէ, որքան ժամկետները»,- հավաստիացնում է բանկիրը: