Մայիսի 29-ին Դատական ակտերի հարկադիր կատարողների (ԴԱՀԿ) միջամտությամբ, բայցեւ 45 օրվա ուշացումով վերաբացվեց «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը, որի դռան կողպեքն ապօրինաբար կոտրվել եւ փոխվել էր մարտի 4-ին Պարոնյանի անվան թատրոնի տնօրինության կողմից: Իսկ նույն օրը ժամը 19:00-ին հարկադիր կատարողները վերադարձել են գրասենյակ` պահանջելով, որ աշխատակիցները լքեն տարածքը, որպեսզի դռները վերստին կնքվեն: Ր. Հովհաննիսյանը հրաժարվել է դուրս գալ այն գրասենյակից, որը նույն ծառայության կողմից 7 ժամ առաջ ազատվել է բռնարգելքից:
Կուսակցությունից հայտնում են, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի ապրիլի 14-ի որոշմամբ` թատրոնին արգելվել էր կատարել ցանկացած գործողություն տարածքի եւ նրանում առկա գույքի օգտագործման կապակցությամբ: «Ժառանգության» դատական հայցի ապահովման այս միջոցը, որն անհայտ պատճառներով ԴԱՀԿ-ը չապահովեց ամբողջ ամիսուկես, պետք է գործի մինչեւ դատարանի կողմից գործի ըստ էության լուծվելը եւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Տարածքի նախնական զննումը կատարել են Ր. Հովհաննիսյանը, իրավաբան Վահագն Գրիգորյանը եւ ԴԱՀԿ ու «Ժառանգության» ներկայացուցիչները` ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն պատասխանող կողմի բացակայությամբ. թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը ԴԱՀԿ ներկայացուցիչների ժամանումից անմիջապես հետո հեռացել էր թատրոնից` խոստանալով կես ժամից վերադառնալ, բայց այդպես էլ չվերադարձավ: Զննումից պարզվեց, որ կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Կալենչյանի աշխատասենյակի լուսամուտը բաց է, թեեւ նա մարտի 3-ի երեկոյան այն փակել էր: Միացած վիճակում են եղել գրասենյակի հեռուստացույցներից մեկը եւ երկու համակարգիչ: Աշխատակիցները պնդում են, որ գրասենյակը փակելուց առաջ որեւէ էլեկտրական սարքավորում միացրած վիճակում չեն թողել: Համակարգիչների պարունակության զննումից պարզվել է, որ մարտի 8-ին` այսինքն դռան կողպեքն ինքնակամ փոխելուց եւ կուսակցության անդամների` գրասենյակ մուտք գործելն արգելելուց 4 օր անց, ինչ-որ մեկը փորփրել է գլխավոր համակարգիչը, ուր կենտրոնացած է կուսակցությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը: «Ահա թե որտեղից են Ազգային անվտանգության մարմիններին եւ գործող իշխանությունների մարզային այլեւայլ կամակատարներին հայտնի դարձել կուսակցության մարզային ակտիվիստների անունները, հասցեներն ու հեռախոսները: Ինչպես հայտնի է, մարտի կեսերից «Ժառանգության» տեղական ստորաբաժանումների հանդեպ հետապնդումներն ու ճնշումները առանձնահատուկ ուժգնություն են ստացել` ճշգրիտ հասցեականությամբ: Նրանց հանդեպ իրագործվել են սպառնալիքներ` կուսակցությունից դուրս գալու պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ: