Անցած շաբաթ Վրաստանը երկու թե երեք անգամ ենթարկվել է ՉԹՕ-ների «գրոհին»: Դրանց հայտնվելու մասին մի քանի անգամ խոսել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այնքան էլ պարզ չէ, թե քանի անգամ են ՉԹՕ-ները ներխուժել Վրաստանի օդային տարածք` երկո՞ւ, թե՞ երեք: Սակայն ամեն անգամ նրանք մտել են Հարավային Օսեթիայի Ջավայի շրջանի կողմից, պտույտ են կատարել հենց ինքնահռչակ հանրապետության տարածքում եւ թռել-գնացել` հետաքրքրություն չցուցաբերելով երկրի մնացած տարածքի նկատմամբ:
ՉԹՕ-ն նշանակում է` «չճանաչված թռչող օբյեկտ»: Խոսելով այդ մասին` վրացական չինովնիկները նշում են, որ Վրաստանի օդային տարածք մտած ՉԹՕ-ները ռուսական են: «Լկտիությունն էլ սահման ունի, հաջորդ անգամ մենք դրանց անպայման կխփենք»,- սպառնաց Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին եւ մի տեսակ անվստահ ավելացրեց. «Եթե տեսնենք, որ դրանք սպառնում են կարեւոր օբյեկտների անվտանգությանը»: Իսկ ինչպե՞ս որոշել` սպառնո՞ւմ է ռուսական ՉԹՕ-ն մեր անվտանգությանը (ներողություն եմ խնդրում այս անհեթեթության համար, սակայն ես մեղք չունեմ), թե՞ ուղղակի թռիչքներ է գործում Վրաստանի երկնքում: Ելնելով ներկայիս քաղաքական իրականությունից` հավանաբար այսպես կլինի. եթե ՉԹՕ-ն ռուսական է, ուրեմն սպառնում է, իսկ եթե ուղղակի ՉԹՕ է կամ էլ մի այլ երկրի ՉԹՕ, ապա վտանգի հավանականությունը փոքր է: Քանի որ, Ռուսաստանից բացի, Վրաստանն այլ թշնամիներ կարծես թե չունի:
Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Պաշտպանության նախարարից ավելի կոնկրետ արտահայտվեց: Նա նույնպես սկզբում ասում էր, որ ռուսական ՉԹՕ-ն Վրաստանի օդային տարածքը խախտել է հենց Անկախության օրը` մայիսի 26-ին: Սակայն հետո այնուամենայնիվ ասաց, որ դա ինքնաթիռ է եղել: Այն էլ` կործանիչ: Բայց հաստա՛տ ռուսական: Եվ հաստա՛տ ուզում էր վախեցնել: Հենց Անկախության օրը: Բայց չկարողացավ: «Մեզ չեն վախեցնի: Մենք արդեն այն չենք, ինչ 5 տարի առաջ, երբ կարելի էր անպատիժ ռմբակոծել Պանկիսի կիրճը: Մենք համարժեք պատասխան կտանք: Մենք կխփենք այն ինքնաթիռները, որոնք մեր օդային տարածք կներխուժեն առանց թույլտվության: Դրա համար մենք միջոցներ ունենք»,- ասաց նախագահը:
5 տարի առաջ Վրաստանը չուներ ՉԹՕ-ները (հավանաբար` դարձյալ ռուսական) վերացնելու միջոցներ: Դա հաստատ է: Դա խոստովանեց Պաշտպանության այն ժամանակվա նախարար Թեւզաձեն: Երբ լրագրողները նրան հարցրին, թե հնարավոր չէ՞ արդյոք որեւէ բան ձեռնարկել չափն անցած ՉԹՕ-ների դեմ (այն ժամանակ դրանք չափից դուրս հաճախ էին հայտնվում Վրաստանի երկնքում), իր արտառոցությամբ հայտնի նախարար Թեւզաձեն, որ ազատ ժամանակ զբաղվում էր փիլիսոփայական փնտրտուքով ու արեւելյան մարտարվեստով, մտազբաղ հայտարարեց. «Դրանց հո պարսատիկով չե՞նք խփելու, ուրիշ բան է պետք»: «Ուրիշ բան»-ը Վրաստանը հավանաբար արդեն ձեռք է բերել այս տարիների ընթացքում, սակայն դեռ չի օգտագործում` բավարարվելով բողոքի նոտաներով, «վերջին նախազգուշացումներով» եւ Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չխիկվիշվիլուն ձեռնամարտի հրավիրելով: Վերջինս հավանաբար արդեն վարժվել է դրան: Այս անգամ Չխիկվիշվիլին լրագրողներին ասաց. «Այդ կարգազանց ՉԹՕ-ներն ինչ-որ միֆական, երեւակայական հատկություն են ձեռք բերել: Ամեն անգամ, երբ Վրաստանը բողոք է արտահայտում, ռուսական կողմը փաստաթղթերով ապացուցում է, որ բողոքի մեջ նշված ժամկետում ռուսական օդակայաններից ոչ մի ինքնաթիռ չի թռել Վրաստանի ուղղությամբ»:
Խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեն իրեն բնորոշ անտակտությամբ պատասխանեց. «Շուտով նա ինքը (պիտի ենթադրել` Վլադիմիր Չխիկվիշվիլին.-Յու.Ս.) միֆական ֆիգուր կդառնա: Մենք փաստաթղթեր ունենք, որոնք ապացուցում են, թե ինչ է կատարվել Վրաստանի երկնքում այդ օրերին»:
Հնարավոր է, այս անգամ իրոք ապացույցներ կան, որ ռուսական ՉԹՕ-ներ են եղել Վրաստանի երկնքում, եւ դրանք կներկայացվեն: Վատ չէր լինի: Թե չէ մի կես տարի առաջ նման մի դեպքի առթիվ բողոքներ հնչեցին, զայրացած պատասխաններ, նախազգուշացումներ, սակայն ապացույցներն այն էին, որ ռուսական լկտի ՉԹՕ-ն տեսել է Սամթրեդիայից թե Արեւմտյան Վրաստանի մի այլ բնակավայրից ինչ-որ գյուղացի (արդեն չեմ հիշում, վաղուց է եղել): Իսկ երբ «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողը նրան հարցրեց, թե ինչո՞ւ է այդքան վստահ, որ ինքնաթիռը ռուսական է եղել, գյուղացին գլուխը քորեց ու պատասխանեց. «Բա էլ ո՞ւմը պիտի լիներ: Թեւերին կարմիր աստղ էր նկարված»: Ափսոս, որ բողոքով խառնված լինելու պատճառով այս ֆենոմենը, որ մի քանի կիլոմետրից կարողանում է ոչ միայն աստղերը տեսնել, այլ նաեւ դրանց գույնը, մնաց երկրորդ պլանում կամ էլ մոռացվեց: Հնարավոր է` գիտությունը կհայտնվեր մարդու օրգանիզմի հնարավորությունների ոլորտում ցնցող հայտնագործությունների շեմին: Ավելի ճիշտ` աչքի: