Ստեփանակերտում օրերս Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը «Հարավկովկասյան ինտեգրացիա: Այլընտրանքային մեկնարկ» ծրագրի շրջանակներում «Ղարաբաղի ոչ կառավարական սեկտորի կայացումը. խնդիրներ, ձեռքբերումներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղան անցկացրեց: Միջոցառմանը մասնակցում էին Երեւանից ժամանած «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը, վերոնշյալ ծրագրի համակարգող Լուիզա Պողոսյանը, Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք քննարկել են ԼՂՀ հասարակական սեկտորի վերաբերյալ զեկույցը, որը կհրապարակվի այս տարվա հուլիսի 8-13-ը Երեւանում «Հարավկովկասյան ինտեգրացիա: Այլընտրանքային մեկնարկ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարածաշրջանի 6 ճանաչված եւ չճանաչված պետությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ժամանակ:
Տեղեկացնենք, որ զեկույցը պատրաստվել էր ղարաբաղյան երեք` «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն», «Հարմոնիա» եւ «Երիտասարդ դեմոկրատներ» հասարակական կազմակերպությունների կողմից:
«Հանրապետությունում գրանցված են 107 հասարակական կազմակերպություններ, որոնց զգալի մասը փաստորեն չի գործում` ֆինանսների, արտաքին աշխարհի հետ կապերի բացակայության պատճառով: Ղարաբաղի հասարակական կազմակերպությունները գործում են չճանաչված լինելու պայմաններում, ինչը չնայած միջազգային ասպարեզ դուրս գալու համար մեծ խոչընդոտ է, բայց մեր ՀԿ-ները կարողանում են կապեր հաստատել միջազգային իրավապաշտպան եւ այլ կազմակերպությունների, հիմնադրամների հետ»,- ասաց «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Ալբերտ Ոսկանյանը:
Ներկաները նշեցին, որ պետության չճանաչված լինելն ազդեցություն է ունենում նաեւ հումանիտար ծրագրերի իրականացման վրա, մատնանշելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի փախստականները մինչեւ օրս չեն օգտվում միջազգային որեւէ կազմակերպություններից կամ հիմնադրամներից: Խոսվեց նաեւ այն մասին, որ Ղարաբաղը հակամարտող երկրներից միակն է, որը հնարավորություն չունի օգտվել միջազգային հիմնադրամներից, քանի որ Ադրբեջանն անընդհատ խոչընդոտում է այդ գործընթացին, ինչպես նաեւ` իր հերթին հրաժարվում է համագործակցել ղարաբաղյան կազմակերպությունների հետ: Ներկաները կարեւորեցին նաեւ պետության կողմից դրամաշնորհների տրամադրումը: Տեղեկացնենք, որ մինչեւ այս տարի պետությունը սուբսիդիաներ էր տրամադրում որոշ ՀԿ-ների, իսկ այս տարի առաջին անգամ սկսեց դրամաշնորհներ տրամադրել` ծրագրերի իրականացման համար:
Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը զեկույցի մշակման համար հարցումներ է անցկացրել 27 հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնցից 12-ի կարծիքով` Ադրբեջանի ՀԿ-ների հետ համագործակցությանը խոչընդոտում է ֆինանսական միջոցների բացակայությունը, իսկ 11-ը գտնում են, որ քաղաքական իրավիճակն է պատճառը: Այդ պատճառներից են նաեւ փոխադարձ շահագրգռվածության, վստահության մթնոլորտի եւ ենթակառուցվածքների բացակայությունը, ԼՂՀ չճանաչված լինելու փաստը: Այլ երկրների հետ կապերի հաստատման հիմնական խոչընդոտը, կազմակերպությունների զգալի մասի կարծիքով, դարձյալ ֆինանսական միջոցների բացակայությունն է: