Դեմիրճյանի ժամանակը

30/05/2006

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, սահմանադրական ճանապարհով առաջ շարժվելուց բացի, իր համար մեկ այլ փիլիսոփայություն է որդեգրել: Երեկ լրագրողների բոլոր հարցերին նա պատասխանում էր հետեւյալ կերպ. «ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի», կամ էլ` «Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»: Դեմիրճյանի խոսքերով, ընդդիմություն դառնալու ՕԵԿ հայտն իրենք ընդունում են առանց խուճապի, եւ ընդհանրապես «խուճապ» բառն իրենց գործողությունների եւ գործունեության հանդեպ կիրառելի չէ: «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Միայն ավելացնեմ, մենք կասկածամտությամբ չենք տառապում: Մենք գտնում ենք, ինչպես ասում են, ավելի լավ է` սխալվել հավատալով, քան` սխալվել չհավատալով»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Այնպես որ` ըստ նրա, պետք չէ արհեստական աժիոտաժ ստեղծել: «Վերջին հաշվով գործունեությունը, կատարող քայլերը ցույց կտան ամեն ինչ: Գիտե՞ք ինչ, կեղծը վաղ թե ուշ երեւում է: Մենք հիմա չենք մտածում` կեղծ ա, կեղծ չի: Ժամանակը ցույց կտա»: ՀԺԿ նախագահը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց համագործակցել ՕԵԿ-ի հետ: Ի դեպ, խոսելով ԱԺ պատգամավորի մանդատները վայր դնելու եւ արմատական պայքար սկսելու մասին, Ս. Դեմիրճյանն ասաց. «Թող մանդատները դնեն այն մարդիկ, ովքեր այդ մանդատները, եւ ոչ միայն խորհրդարանական, ձեռք են բերել կեղծիքով»: