Նոր ճակատամարտ՝ ընդիմության դաշտում

30/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ժամանակավոր զինադադար է կնքվել ընդդիմադիր «Ազգային Միաբանության» եւ բոլորովին վերջերս այս դաշտում հայտնված «Օրինաց երկիր» կուսակցության միջեւ: Արտաշես Գեղամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ազդարարեց, որ իրենք որոշում են կայացրել` այլեւս չարձագանքել ՕԵԿ-ի հնչեցրած մեղադրանքներին: ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանն էլ նույնն ասաց իրենց մասով: Հասկանալի է, մի քանի օր տեւած բանավեճի արդյունքում «ԱՄ»-ն ու ՕԵԿ-ը հասցրեցին մինչեւ վերջ վարկաբեկել եւ քաղաքականապես ոչնչացնել միմյանց: Հիմա «Ազգային Միաբանությունը», կարծես, ամեն ինչ անում է ՀԺԿ-ի եւ ՀՀՇ-ի հետ ընդհարվելու համար: Թեեւ, դատելով երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի պահվածքից, ՀԺԿ-ն, այնուամենայնիվ, ի սկզբանե որոշել է չներքաշվել այդ սադրանքի մեջ: Այս ամենը գիտակցելով, Ա. Գեղամյանի հետ գլուխ դնելու ցանկություն չունի նաեւ ՀՀՇ-ն:

Օրերս տեղի ունեցած Արթուր Բաղդասարյան-Արտաշես Գեղամյան բանավեճի ժամանակ «Ազգային Միաբանության» առաջնորդն ասել էր, թե 1998թ. նախագահի ընտրությունից առաջ Կարեն Դեմիրճյանի տանն ինքը զրուցել է Կարեն Դեմիրճյանի հետ: Եվ Կ.Դեմիրճյանը եկել է համոզման, որ ճիշտ կլինի, եթե դառնա վարչապետ, իսկ Քոչարյանը` նախագահ, քանի որ ավելի ճիշտ է Ղարաբաղի հարցի լուծումը վստահել Ռոբերտ Քոչարյանին: «Հաշվի առնելով ԼՂՀ հարցի ծայրաստիճան բարդ լինելը, ինքը համոզվել է, որ այո, կդառնա վարչապետ եւ ԼՂՀ հարցի լուծումը վստահվի Ռ. Քոչարյանին, որ նա այդ հարցն առաջ տանի»,- եթերում հայտարարել էր Ա. Գեղամյանը: Եվ երբ Կարեն Սերոբիչն առաջադրել էր իր թեկնածությունը, Ա. Գեղամյանը խորապես զարմացել էր: Այսինքն, ստացվում է, որ Գեղամյանը Կարեն Դեմիրճյանին մեղադրում է Ռ. Քոչարյանի հետ ստվերային գործարքի գնալու մեջ, ինչը խիստ վրդովեցրել էր ՀԺԿ-ին ու Կ. Դեմիրճյանի ընտանիքին, եւ նրանք կտրականապես հերքել էին Գեղամյանի ասածները: Եվ ցայտնոտի մեջ հայտնվելով, Ա. Գեղամյանը երեկ փորձում էր լրագրողներին համոզել, որ Դեմիրճյանի մասին խոսելիս ինքն այլ բան է ի նկատի ունեցել: Անգամ բերել էր տեսագրությունն ու լրագրողների ուշադրությանը ներկայացրեց իր ելույթի միայն այս հատվածը: Բայց թե ինչ է ի նկատի ունեցել` այս փաստը հիշատակելով, Ա. Գեղամյանի խոսքերից այդպես էլ պարզ չդարձավ: Հասկացվեց միայն, որ այդ բանավեճը լուսաբանող լրագրողներն իրենք են փորձել Դեմիրճյանի ու Գեղամյանի միջեւ սեպ խրել, ինչն, «ԱՄ» առաջնորդի վստահեցմամբ, ոչ մեկին չի հաջողվի: Փոխարենն ամեն ինչ պարզ դարձավ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերից:

«Խոսակցությանը ես ներկա եմ եղել: Կարեն Դեմիրճյանն առաջարկել է «ԱՄ» ղեկավարին` դառնալ շտաբի պետ: Առաջարկությունը մերժվել է նրա կողմից: Եվ, եթե առաջարկվել է, բնականաբար արդեն որոշում է կայացված եղել առաջադրվել նախագահի թեկնածու: Դա իր իրավունքն էր` պաշտպանե՞լ, թե՞ չպաշտպանել, առաջադրվել ու պաշտպանել ուրիշ թեկնածուի, դա իր իրավունքն էր, սակայն նա այսօր իրավունք չունի խեղաթյուրելու իրականությունը, հատկապես կապված Կարեն Դեմիրճյանի հետ: Ես շատ բան կարող եմ հանդուրժել, բայց գոյություն ունի սահման: Եվ ավելացնեմ, Կարեն Դեմիրճյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չուներ, որովհետեւ Կարեն Դեմիրճյանին աջակցում էր ամբողջ ժողովուրդը, եւ ընտրարշավի առաջին իսկ օրերից արդեն պարզ էր, թե ով էր հաղթելու ընտրություններում»,- 1998թ. Գեղամյան-Դեմիրճյան երկխոսությունն այսպես պատմեց Ստեփան Դեմիրճյանը: Եվ թեման համարելով փակված, ՀԺԿ նախագահն ասաց, որ այս մասին որեւէ այլ հարցի ինքը չի պատասխանելու, եւ ոչ ոք թող ՀԺԿ-«ԱՄ» բանավեճի ակնկալիք չունենա: Ստեփան Դեմիրճյանն Արթուր Բաղդասարյանի օրինակով հավանաբար հասկացել էր, որ չպետք է տեղիք տա զգացմունքներին ու Արտաշես Գեղամյանի հետ մտնի անիմաստ բանավեճի մեջ` այդկերպ վարկաբեկելով եւ իրեն, եւ Գեղամյանին: Մանավանդ, որ այդ ամենը ձեռնտու է իշխանություններին, քանի որ վերջիններս ցանկանում են ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակի պայմաններում ընդդիմությանը դրդել ինքնաոչնչացման եւ որոշակի ցնցումներ առաջացնել ՀՀ ներքաղաքական կյանքում:

Բացի այդ, Ա. Գեղամյանը բանավեճի մի մարտահրավեր էլ նետեց ՀՀՇ-ին: Երեկ Գեղամյանը ժողովրդին հերթական անգամ սկսեց վախեցնել ՀՀՇ-ի տեսլականով, թե` զգուշացեք, նախկին հանցագործ իշխանությունները նորից իշխանության կգան: «Որոշակի քաղաքական ուժեր, որ այս իշխանություններից օտարված են, հիմա ուզում են պատրանք ստեղծել, որ ընդդիմությունն ասպարեզից դուրս է եկել, որ մեր դյուրահավատ մարդկանց մոտ կարծիք ստեղծվի, որ, այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանի վարչակազմին կարող է փոխարինել միայն ու միայն ՀՀՇ-ն»,- ժողովրդին վերահաս վտանգի մասին զգուշացրեց Գեղամյանը: Այդ ամենի համատեքստում նաեւ հայտարարեց, թե հեղինակավոր Գելաբի ինստիտուտն, ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ, ՀՀ 18 շրջաններում 1200 մարդու հետ հարցում է անցկացրել: Իսկ այդ հարցումների արդյունքում այն հարցին, թե ժողովուրդն ում է ճանաչում որպես լիդեր, ըստ Գեղամյանի, 57 տոկոսը ձայն է տվել իր օգտին, 41 տոկոսը` մնացած քաղաքական գործիչներին միասին վերցրած, եւ միայն մեկ տոկոսն է, որ կողմնորոշված չի եղել: Ի դեպ, այն հարցին էլ, թե ում չեն ցանկանում ոչ մի պարագայում տեսնել լիդեր, 8 տոկոսը պատասխանել է` Ա. Գեղամյանին: Եվ ահա իշխանությունները լուրջ պայքար են սկսել 57 տոկոս ունեցող լիդերի դեմ: «Գեղամյանին ավաղ չեն կանչում բանավեճի երկրի` մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման տեսլականի շուրջ, ինձ չեն կանչում բանավեճի աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների, ֆինանսական ու տնտեսական զարգացումների շուրջ, այլ իջեցնում, տեղափոխում են բանսարկությունների դաշտ` որտեղ ես իրենց հետ մրցակից լինել չեմ կարող: Իջեցնում են Գեղամյանի պլանկան»,- բողոքում էր Արտաշես Մամիկոնիչը: