«Հեռատեսության պակաս կար»

30/05/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրերը՝ «Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության» (ՀՄԿԿ) առաջնորդ Յուրի Մանուկյանը, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծիքներ էին հայտնում «1-ին Հանրապետության խորհուրդը եւ նշանակությունը հայոց պետականության հետագա կայացման գործում» թեմայի շուրջ: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, քննարկումը զուտ պատմական շրջանակներից դուրս եկավ եւ տեղ-տեղ վերածվեց կոմունիզմի գովքի ու մեր ժամանակների ՀՀ-ի ներքաղաքական իրադարձությունների մասին բանավեճի: Նախ բոլոր բանախոսներն էլ կարեւորեցին մայիսի 28-ի նշանակությունը:

Մասնավորապես, Կ. Մանոյանը կարեւորեց հատկապես այն ժամանակների իշխանությունների «նվիրվածությունն ու գուրգուրանքը» պետության հանդեպ: Իսկ կոմունիստ Մանուկյանը մայիսի 28-ի մասին մի քանի ստանդարտ նախադասություններ արտասանելուց հետո անցնում էր կոմունիզմի ու «մեծ հայրենիքի» գովքին: Նրա համոզմամբ՝ միայն սոցիալիստական վերափոխումները ոտքի կհանեն ժողովրդին, եւ «միայն սոցիալիզմն է ամենամարդասեր կացութաձեւը»: Երեք բանախոսներն էլ հույս հայտնեցին, որ Հայաստանի չորրորդ հանրապետություն չի լինի: «Կլինի երկրորդի Բ»,- կեսկատակ ավելացրեց ՀՄԿԿ առաջնորդը: Վերջինս, խոսելով կոմունիստների սխալների մասին, նշեց, որ մասնավոր սեփականության նկատմամբ իրենց սխալներն են ոչ ճիշտ քաղաքականությունն ու եկեղեցու նկատմամբ իսկապես շատ դաժան վերաբերմունքը: Իսկ ահա Կ. Մանոյանը չի տեսնում, թե ի՞նչ պետք է անեին իր կուսակցական ընկերները, որ անկախությունը չկորցնեին: ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ կարծիք հայտնեց, որ 1918թ. քաղաքական մտքի պատրաստվածությունն «անհամապատասխան էր պահանջներին»: Յու. Մանուկյանի խոսքերով էլ՝ կոմունիստների քաղաքական միտքն էլ այն ժամանակ, որպես այդպիսին, չէր փայլատակում: «Մինչեւ 50-60-ական թվականները մենք ներմուծել ենք քաղաքական մտքի կրողներին»,- նշեց ՀՄԿԿ ղեկավարը: Առաջին Հանրապետության կառավարությունը եւս կոալիցիոն էր: Կ. Մանոյանը հավաստիացնում էր, որ ՀՅԴ-ն այն ժամանակ կոալիցիա ձեւավորեց ի նշան ազգային միասնության: Սակայն Հ. Իգիթյանն 1-ին եւ 2-րդ հանրապետությունների կոալիցիոն կառավարությունների տարբերությունը փորձեց ավելի պատկերավոր ներկայացնել: Ըստ նրա, այն ժամանակ ՀՅԴ-ն էր պորտֆելներ բաժանում` ում ուզեր` կտար, չուզեր` չէր տա, իսկ «հիմա ՀՅԴ-ին են պորտֆելներ բաժանում` կուզեն` կտան, չուզեն` չեն տա»: Ինչեւէ, ՀՅԴ ներկայացուցիչ Կ. Մանոյանը ճիշտ է համարում, որ 1920-ին դաշնակցությունը հանձնել է իշխանությունը կոմունիստներին, «որովհետեւ սխալ ենք գտել, որ իշխանության համար պետք է մինչեւ արյունահեղություն գնալ»: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ 3-րդ Հանրապետության կոալիցիոն կառավարության մաս կազմող ՀՅԴ-ն իշխանության համար «մինի արյունահեղության» գնաց, ինչի արդյունքում տեղի ունեցան ապրիլի 12-ի դեպքերը: «Իշխանության մաս լինել, դեռ չի նշանակում` պատասխանատվություն ունենալ այն բնագավառներում, որոնք եւ՛ Սահմանադրությամբ, եւ՛ կոալիցիայի պայմանագրով վերապահվում են նախագահին: Արտաքին քաղաքականությունը, արդարադատությունը, ուժային նախարարությունները եւ՛ Սահմանադրությամբ, եւ՛ կոալիցիայի պայմանագրով վերապահված են նախագահին»,- վերոնշյալ հարցին այսպես պատասխանեց Կ. Մանոյանը: Ավելին, ըստ նրա, եթե դաշնակցությունը կոալիցիայից դուրս գար, ապա ավելի վատ կլիներ: «Կունենայինք ապրիլի 13, 14, 15…»,- մանրամասնում է նա: Կ. Մանոյանի խոսքերով՝ այսօրվա կոալիցիայի մեջ ՀՅԴ-ն փոքրամասնություն է եւ «կոալիցիայի մյուս գործընկերները՝ նախագահը եւ այլք, ավելի շատ ՀՅԴ-ի կարիքն ունեն, քան մենք՝ կոալիցիայի մեջ լինելու»: «Հավանաբար այսօր իրենք այն դիրքերում են, ինչ դիրքերում մենք էինք 1918-ին, այսինքն՝ կոալիցիան կարեւոր էր ինչ-որ միասնություն ցույց տալու համար»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը: Բանախոսներն անդրադարձան նաեւ օրհներգի փոփոխման նպատակահարմարության հարցին:

Հ. Իգիթյանի խոսքերով՝ ՀՀ 3-րդ Հանրապետության հիմնադիրները` որպես պետության զինանշան, դրոշ եւ օրհներգ ընդունեցին 1-ին Հանրապետության նույն խորհրդանիշերը, ինչը սեփական անցյալի եւ պատմության նկատմամբ վերաբերմունք եւ գնահատական էր, եւ դրանք փոխելու պատճառ, ըստ նրա, չկա: Կ. Մանոյանն էլ է գտնում, որ 1-ին Հանրապետության պետական խորհրդանիշերի ընդունումը` որպես 3-րդ Հանրապետության պետական խորհրդանիշեր, կապ է 1-ին եւ 3-րդ Հանրապետությունների միջեւ, եւ այդ խորհրդանիշերը փոխելու պատճառ չկա: «Եթե ՀՀ օրհներգը փոխելու ցանկության մեջ չարամտություն չկա, առնվազն սխալ կա»,- գտնում է Կ. Մանոյանը: Իսկ Մանուկյանը շատ է ուզում, որ մեր զինանշան լինի Մ. Սարյանի հեղինակած զինանշանը, իսկ օրհներգի երաժշտությունն էլ լինի կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի հեղինակած երաժշտությունը, որը ժամանակին եղել է նաեւ ԽՍՀՄ օրհներգի երաժշտությունը: