Այս շաբաթ մասնագետներին վերջապես հաջողվեց Սեւ ծովի տիղմապատ ընդերքից հանել «Արմավիա» ավիաընկերության Ա-320 օդանավի սեւ արկղերը։ «Ինքնագրերը լուրջ վնասված են»,- ասացին ռուս մասնագետները՝ արկղերը հանելուց անմիջապես հետո, ինչը շատերին առիթ տվեց ենթադրելու, որ՝ «սա եւս մեկ միջոց է իրականությունը «ջրի երես դուրս չհանելու համար»։ Սեւ արկղերի վերծանումը շատ հարցերի պատասխան կտա, սակայն քանի դեռ դրանք «փակ» են հասարակության համար, տարբեր վարկածներ են պտտվում։ Ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդա» (ԿՊ) թերթը երեկ իր հրապարակման մեջ օդանավի կործանման մասին բոլորովին նոր վարկածներ է նշել։ Ըստ թերթի, առաջինը ծովի ընդերքից հանվել է խոսքային ինքնագիրը, որտեղ պետք է ձայնագրված լինեն ոչ միայն ավիադիսպետչերների, այլեւ օդանավի ամբողջ անձնակազմի խոսակցությունները։ Երկրորդ ինքնագիրը տեխնիկական է, որտեղ պետք է ամրագրված լինեն օդանավի թռիչքի բոլոր պարամետրերը, օդանավի ագրեգատների աշխատանքի հնարավոր ընդհատումները։ Սակայն ինքնագրերը կվերծանվեն մեկ ամսից ոչ շուտ։ Թերթի փոխանցմամբ, ռուսական շտաբի համար ավելի կարեւոր է խոսքային ինքնագրի վերծանումը (դա կարվի Մոսկվայում)։ Իսկ ֆրանսիացիները կարեւորում են տեխնիկական ինքնագրի վերծանումը, ինչը կկատարվի Փարիզում։ Ֆրանսիացիները գտնում են, որ իրենց օդանավը հոյակապ վիճակում է եղել, եւ հիմա նրանք նորից պետք է դա ապացուցեն։ «Իսկ Սոչիում մինչ այդ ավելի հաճախ է շրջանառվում ինքնաթիռի կործանման այն վարկածը, համաձայն որի` Ա-320-ը վթարի է ենթարկվել վառելիքի պակասի պատճառով»,- շարունակում է թերթը։ Այս վարկածն առաջին անգամ նշել է «Կոմսոմոլկան», սակայն այն ժամանակ այս վարկածի վրա ուշադրություն չի դարձվել։ «Հիմա, սակայն, փորձագետները ենթադրում են, որ ինքնաթիռի ծանրաբեռնվածության պատճառով վառելիքը կարող էր չբավականացնել: Զոհվածների հարազատները պնդում են, որ օդանավում ինչ-որ ծանր բան է եղել, նույնիսկ՝ չհաշվառված բեռ։ Եվ իբր թե Ա-320-ի նորմալ բեռնվածության համար նախատեսված վառելիքն այդ պատճառով թռիչքի ընթացքում ավելի շատ է ծախսվել»,- գրում է թերթը։ Ի՞նչ կարող էր լինել այդ «ծանր եւ կոմպակտ բեռը»։ Ըստ թերթի՝ զոհվածների հարազատները ենթադրում են, որ դա հայկական հայտնի տուֆ քար է եղել, որը պետք է օգտագործվեր Սոչիում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ «Նաեւ ենթադրվում է, թե հայկական գրանիտե խաչքար է եղել, որը որպես հուշարձան եկեղեցիների մոտ կամ գերեզմանների վրա են տեղադրում,- գրում է թերթն` ավելացնելով,- հիշեցնենք, որ այդ նույն օդանավի մեջ է եղել «Արմավիայի» նախկին ղեկավար Վյաչեսլավ Յարալովը, ով իր տիկնոջ հետ մեկնելիս է եղել զոքանչի թաղմանը։ Միգուցե խաչքարը նա՞ էր տանում»։ Հեղինակը նշում է, որ եթե խաչքարն իրոք օդանավում եղել է, ապա պետք է նկատի ունենալ, որ այն կկշռեր մեկ տոննա, եթե ոչ ավելի։ «Սակայն Յարալովը, ինչպես մեզ ասացին, լավ հարաբերություններ ուներ օդանավի անձնակազմի եւ օդանավակայանի ծառայությունների հետ (ինչը բնական է իր նախկին պաշտոնի պարագայում), եւ խաչը կարող էր վերցնել ինքնաթիռի բորտ»,- գրել է թերթը։ Դժվար է պատկերացնել, թե «ԿՊ» լրագրողն ի՞նչ հիմքեր է ունեցել նման վարկած առաջ քաշելու համար, եւ ինչպե՞ս կարող էին զոհվածների բարեկամները տեղյակ լինել, թե ինչ է եղել օդանավի մեջ, եթե վերջիններս չեն կարողացել հաղորդակցվել օդանավում գտնվող իրենց հարազատների հետ։ Թերթը սարսափով է մտածում նախկինում իրենց իսկ կողմից հրապարակված եւս 1 վարկածի մասին`«ինքնաթիռի անձնակազմին 2-րդ՝ ողբերգական պտույտը կատարելու հրահանգ տրվել է բորտում գտնվող VIP ուղեւորների կողմից»: «Մենք գրել էինք, որ բազմաթիվ վկայությունների համաձայն` հրամանատարը վատ եղանակի պատճառով պատրաստվել է վայրէջք կատարել Կրասնոդարում եւ ոչ թե Ադլերում։ Բայց հանկարծ փոխել է որոշումը եւ մտել է երկրորդ պտույտ։ Իսկ եթե բորտում եղել է ծանր խաչքար կամ քարի առանձին կտոր, ապա Կրասնոդարում վայրէջք կատարելը նշանակում էր, որ այդ ապօրինի առարկան պետք էր նրանց, ովքեր դա բերում էին, Կրասնոդարում պետք է իջեցնեին, բեռնատարի համար պայմանավորվեին, մի քանի ժամում Սոչի տանեին: Շատ հոգսեր կառաջանային»,- գրում է թերթը: Ռուսաստանի ԶԼՄ-ները բազմիցս էին խոսում այն մասին, որ երբ օդանավը փորձել է ետ վերադառնալ եւ վայրէջք կատարել Ադլերի օդանավակայանում, Ադլերում ավիադիսպետչերը հաղորդել է եղանակի կտրուկ վատթարացման մասին եւ խորհուրդ տվել հրամանատարին` եւս մեկ պտույտ կատարել նախքան վայրէջքի անցնելը։ Ուստի, եթե ընդունենք «ԿՊ» լրագրողի այս վարկածը, ապա թերեւս պետք է նաեւ նշել, որ VIP աշխատողները միակը չեն եղել, որ խորհուրդ են տվել օդաչուին երկրորդ պտույտ կատարել։
Ավարտելով իր հոդվածը` «ԿՊ» լրագրողը նշում է, որ «նշվածները միայն վարկածներ էին, որոնք կարող են կամ հաստատվել, կամ հերքվել։ Սակայն մեզ վախեցնում է այն, որ մի վարկածը չի բացառում մյուսը, այլ հակառակը՝ շարունակում եւ զարգացնում է նախորդը»։
Հայկական կողմը, ինչպես բազմիցս ենք առիթ ունեցել լսելու եւ տեսնելու, զերծ է մնում որեւէ վարկած առաջ բերելուց։ Գուցե սա ճիշտ քաղաքականություն է, եթե, իհարկե, հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ այս դեպքում ռուսական կողմը օգտվում է առիթից ու ամեն գնով Ա-320-ի անկման «շառը» փորձում է գցել հայերի վրա։