Մի քանի օրում Հայաստանում դոլարի գինը նվազեց մոտ 20 դրամով: Դա մեծ հարված էր բնակչության այն ստվար հատվածին, ովքեր ստանում են դոլարային եկամուտներ: Այս օրերին հասարակությանն ամենահուզող եւ հրատապ խնդիրներից մեկը դարձավ տարբեր մարդկանց ու քաղաքական ուժերի քննադատության թիրախ:
Յուրաքանչյուրն իր սուբյեկտիվ մեկնաբանությունն է տալիս, իսկ Կենտրոնական բանկը (ԿԲ) լուռ հետեւում է այդ քաոսին: Ովքե՞ր են այս երեւույթի մեղավորները` Կենտրոնական բա՞նկը, առանձին անհատնե՞ր, թե՞ շուկայական մեխանիզմները: Այս հարցը մնում է մեր տնտեսության «մութ» անկյուններից մեկը, քանզի ոչ մի հստակ պատասխան դեռեւս չի հնչել: Իսկ ի՞նչ անել փոխարժեքի կտրուկ տատանումների բացասական ազդեցությունը մեղմացնելու համար: Այստեղ եւս առաջանում են փոխհակասող գործողություններ: Այս հարցերի շուրջ իր տեսակետն ունի Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Էդվարդ Սանդոյանը:
Ի՞նչը կարող է արժեւորել դրամը
«Երբ որեւէ երկրում տնտեսվարող սուբյեկտների եւ հասարակության կողմից մեծ հետաքրքրություն է առաջանում արտարժութային շուկայի նկատմամբ, նախ պետք է հասկանալ դրա մակրոտնտեսական իմաստը, այնուհետեւ՝ այն տարանջատել քաղաքական շահարկումներից, ոչ մասնագիտական, ոչ կոռեկտ եւ շատ հաճախ նաեւ նպատակադրված սուբյեկտիվ մեկնաբանություններից: Որովհետեւ արժութային շուկան ֆինանսական շուկայի այն հատվածն է, որն ուղղակիորեն եւ ամենօրյա կտրվածքով առնչվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտի եւ տնային տնտեսության հետ»,- ասում է Է. Սանդոյանը: Նրա կարծիքով, քանի որ արժութային շուկայում տեղի ունեցող երեւույթները կախված են բազմաթիվ գործոններից, ուստի չի կարելի անմիջապես որոշում կայացնել, թե որոնք են այդ երեւույթների պատճառները: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղի ունեցողը (փոխարժեքի տատանումները- Կ.Թ.) բնականոն երեւույթ է, նման բաներ եղել են, կան եւ կլինեն բոլոր երկրներում»,- ասում է տնտեսագետը: Հայաստանում այսօր դրամն արժեւորվում է, որովհետեւ դրամական շուկայում հավասարակշռվածությունը խախտվել է, դոլարի ծավալներն ավելացել են: Ամբողջ խնդիրն այն է, թե որտեղի՞ց այդ փողերը: Է. Սանդոյանը տեսականորեն առաջարկում է մի քանի տարբերակներ: Արտահանման ծավալների աճը կամ տուրիզմի զարգացումը, արտասահմանից ստացվող մասնավոր տրանսֆերտների կտրուկ ավելացումը, սպասումները, աշխարհում տեղի ունեցող երեւույթները: Սրանք կարող էին լինել դրամի արժեւորման հիմնական պատճառները: «Ես չեմ կարծում, որ վերջին օրերի տատանումներն ունեն լուրջ հիմնավոր հիմքեր: Որովհետեւ, որքան ես եմ հետեւում վերջին 4-5 ամիսների ընթացքում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին, բանկային համակարգի դեպոզիտների աճին, ոչ մի ինֆորմացիա չկար, որը կարող էր նման կտրուկ տատանումների մասին վկայել»,- հավաստիացնում է Է. Սանդոյանը: Միակ գործոնը, որի մասին նա տեղեկատվություն չունի, մասնավոր տրանսֆերտների ծավալն է: «Միգուցե մի որեւէ երկրում հայերի գործերը լավացե՞լ են: Կարելի է ենթադրել, որ անշարժ գույքի շուկայում են ինչ-որ պրոցեսներ տեղի ունենում, որի հետեւանքով մեծացել են այդ շուկայում ներդրումների ծավալները: Սակայն, այնտեղ եւս մեծ ու ազդեցիկ երեւույթներ տեղի չեն ունեցել»,- մտածում է տնտեսագետը: Նա իրատեսական չի համարում նաեւ համաշխարհային երեւույթների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Փոխարենը, Է. Սանդոյանը հնարավոր է համարում «սպեկուլյատիվ շուկայում աժիոտաժային սպասումների» կատարած մեծ դերն այս գործում: Եթե դա է պատճառը, ուստի Է. Սանդոյանը հույս է հայտնում, որ մոտակա օրերին արժութային շուկայում հավասարակշռությունը հետ կգա:
«Ես զարմանում եմ, որ երբեմն մարդիկ ներխուժում են այս դաշտ եւ կարծիքներ են հնչեցնում: ՀՀ-ում միակ պրոֆեսիոնալ մարմինը, որտեղ կա ինֆորմացիա (գուցե ոչ բավարար, որովհետեւ ոչ մի երկրի ԿԲ չունի բավարար ինֆորմացիա) եւ որը կարող է վերլուծել այդ գործոնները, ԿԲ-ն է: Մնացած բոլոր «պրոֆեսիոնալներին» ընդամենը հումորով եմ վերաբերվում: Այսպիսի պայմաններում մեղավորներ փնտրելն իմաստ չունի, քանզի շուկայում ավելորդ աժիոտաժային սպասումներ են առաջանում,- ասում է Է. Սանդոյանը` ավելացնելով,- լավ չի ընկալվում նման հայտարարությունը, որ մի անգամ արեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, բայց ես պետք է այն կրկնեմ. «Եթե աշխարհում ինչ-որ մեկը, թեկուզ Սորոսը, կարող է ասել, որ ինքը գիտի, թե որ արժույթը վաղն ինչ փոխարժեք կունենա, ուրեմն նա կա՛մ խաբեբա է, կա՛մ հոգեկան հիվանդ»:
Իսկ դրամի արժեւորումը լա՞վ է, թե՞ վատ: Այստեղ նույնպես տարբեր կարծիքներ կան: Որքան դրամն արժեքավորվի, այնքան, ըստ տնտեսագետի, դրամային եկամուտ ստացող բնակիչները կշահեն, քանզի նրանց իրական եկամուտները կբարձրանան: Տրանսֆերտներ ստացող բնակիչները եւ արտահանող գործարարները կորուստներ են ունենում, սակայն, կարճ ժամանակահատվածում, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտները «ժամանակ առ ժամանակ կարող են վերակառուցել իրենց գործունեությունը, ծրագրերն, այդ թվում նաեւ` ծախսային տարրերը»:
«Եթե դիտարկենք տնտեսական գլոբալ ռազմավարությունը, ապա մեր երկրի գերնպատակը երկարաժամկետ հատվածում արտահանման կլաստերների զարգացումն է: Այս տեսանկյունից ստացվում է, որ շուկայի այսօրվա իրավիճակն ի վնաս է աշխատում այն կարեւորագույն խնդրի, որ դրված է մեր առջեւ: Այս դեպքում վատ պայմաններ ենք ստեղծում նաեւ օտարերկրյա ներդրումների համար»,- ասում է Է. Սանդոյանը:
ԿԲ-ի քաղաքականությունը
Հայաստանի ԿԲ-ի միակ բացառիկ նպատակը գների կայունության ապահովումն է: ԿԲ-ն այլ նպատակ չունի եւ չի էլ կարող ունենալ, քանզի դա ամրագրված է օրենսդրությամբ: «ԿԲ-ն պետք է պահի հավասարակշռությունը դրամական շուկայում եւ թույլ չտա ավելորդ ու չհիմնավորված գնաճային ռիսկեր: Ի վերջո, գնաճի կարգավորումը նպաստում է մնացած բոլոր խնդիրների լուծմանն, այդ թվում՝ ներդրումային մթնոլորտի բարելավմանը, տնտեսական աճին եւ այլն: Հետեւաբար, այս գերխնդիրը չի կարող հակակշիռ լինել մեկ այլ խնդրի՝ ազգային արժույթի կայունությանը: Այս տեսանկյունից ԿԲ-ի գործողությունները ես համարում եմ շատ ճիշտ, գրագետ եւ հասուն: Եվ այս առումով քննադատելու ցանկություն չունեմ»,- ասում է Է. Սանդոյանը: Կենտրոնական բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության գործիքները կոչված են ազդելու արժութային շուկայի վրա եւ գոնե նման կտրուկ տատանումներ թույլ չտալու: Բայց նման գործիքների կիրառման հնարավորություն ունի՞ արդյոք ՀՀ ԿԲ-ն: Տնտեսագետի կարծիքով, ոչ: Նրա հիմնավորումը կապված է հիմնականում ֆինանսական ինստիտուտների կայացած չլինելու հետ: Դեռ 1994-95թթ.-ից մեր ԿԲ-ն որդեգրեց այնպիսի քաղաքականություն, որը հիմնվեց ազատ լողացող փոխարժեքի հայեցակարգի վրա: Եվ վերջինիս հիման վրա ներդրվեց դրամական բազայի նպատակադրման մոդելը: Այն ժամանակ դեռ չկային ֆինանսական ինստիտուտներ, այդ թվում` կապիտալի շուկա, ոչ բանկային հատված, այսինքն, այն սուբյեկտները, որոնք թողարկում են ֆինանսական գործիքներ: Դրանք թույլ են տալիս զարգացած երկրների ԿԲ-ներին իրականացնել բաց շուկայական այնպիսի գործարքներ, որոնց միջոցով նրանք կարող են ուղղակիորեն ազդել նպատակի` գնաճի վրա: «Այս տարվանից ԿԲ-ն անցավ գնաճի նպատակադրման քաղաքականության, որը դրամավարկային քաղաքականության մոդելներից ամենաբարձր մակարդակն ունի: Նախորդ մոդելը հնարավորություն էր տալիս պրիմիտիվ շուկայի պայմաններում, դեռեւս չկայացած գործիքների առկայության դեպքում, ուղղակիորեն չազդելով նպատակի վրա, կարգավորել դրամական ագրեգատները եւ դրանց միջոցով ազդել գնաճի վրա: Իհարկե, անուղղակի ազդեցությունը միշտ չէ, որ արդյունավետ է, բայց դա էր հնարավոր միակ տարբերակը»,- ասում է Է. Սանդոյանը:
Իսկ ինչո՞ւ ենք ընդհանրապես լողացող փոխարժեք հայտարարել. միգուցե ֆիքսեի՞նք այն կամ Ռուսաստանի նման արժութային միջա՞նցք սահմանեինք: «Մենք չենք կարող դա անել, քանի որ չունենք արտաքին պահուստների կայուն աղբյուրներ: Մինչ օրս եւ դեռ երկար տարիներ ՀՀ-ն կունենա բացասական վճարային հաշվեկշիռ: Դրա համար էլ ի սկզբանե այդ խնդիրը չի դրվել»,- հավաստիացնում է մասնագետը:
Իսկ ֆինանսական գործիքների սակավությունը «կապում» է ԿԲ-ի ձեռքերը: Է. Սանդոյանն օրինակ է բերում, որ ԱՄՆ պետական ռեզերվային համակարգի ակտիվների գերակշռող մասն արժեթղթերն են, որոնց միջոցով համակարգը բաց շուկայական գործառնությունների ձեւով կարողանում է ազդել դրամական շուկայի վրա, լուծում է տոկոսադրույքների խնդիրը, որի միջոցով էլ հասնում է գերնպատակին: Իսկ մենք լիարժեք տոկոսադրույքների քաղաքականություն վարելու անհրաժեշտ գործիքներ չունենք: Հայաստանում, որպես այդպիսին, բացակայում է նաեւ կապիտալի շուկան: «Կապիտալի շուկայում բարձր իրացվելիություն եւ ցածր ռիսկայնություն ունեցող գործիքներ, առանց որի հնարավոր չէ գնաճի նպատակադրման քաղաքականությունն իրականացնել, չկան: Միակ գործիքը պետական միջին ժամկետ եւ կարճաժամկետ պետական պարտատոմսերն են, որոնք իրենց ծավալներով շատ փոքր են եւ չեն կարող շուկայի վրա մեծ ազդեցություն ունենալ: Իսկ ուրիշ երկրներ, օրինակ, հիփոթեքային պարտատոմսեր ունեն, որոնք բարձր իրացվելի են, բաց շուկայում անընդհատ գնանշվում են: Մենք չունենք առավել շուկայական գործիքներ` վստահելի, քիչ ռիսկային կորպորատիվ արժեթղթեր` որպես բաց շուկայական գործառնությունների գործիքներ»,- ասում է Է. Սանդոյանը: Փաստորեն, ԿԲ-ն այժմ չունի բավարար գործիքներ` ակտիվ բաց շուկայական գործառնություններ իրականացնելու համար: Չի կարող ներազդել տոկոսադրույքների, դրամական ագրեգատների վրա, պահել հավասարակշռությունն արժութային շուկայում` միաժամանակ այնպես անելով, որ չառաջանան գնաճային ռիսկեր: «Սա է ամբողջ պրոբլեմը, որը չհասկանալը նշանակում է պահանջել ԿԲ-ից այն, ինչը նա ինստիտուցիոնալ առումով չի կարող կատարել: Այսօրվա գործիքների պայմաններում, ներկայիս հնարավորությունների դաշտում ԿԲ-ն անում է այն, ինչ պետք է անի»,- գտնում է տնտեսագետը:
Նրա խոսքերով, երբ շուկայում դոլարային ավելցուկ է առաջանում, շատերը սկսում են մեղադրել ԿԲ-ին, որ նա չի գնում այդ դոլարները` հավասարակշռությունը եւ փոխարժեքը պահպանելու համար: Եթե ԿԲ-ն դա անի, ապա պետք է շուկա «բաց թողնի» այդ դոլարներին համարժեք դրամ: Իսկ Է. Սանդոյանի կարծիքով, մեր տնտեսությունն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դա անթույլատրելի են դարձնում: Հայաստանն աղքատ երկիր է, բնակչության կենսամակարդակը ցածր է, եւ երբ եկամուտներն աճում են, ապա դրանք ուղղվում են սպառողական շուկա` անմիջապես առաջացնելով գների աճ: «Դա չի կարելի թույլ տալ, քանզի գնաճը շատ ավելի կարեւոր նպատակ է, քան փոխարժեքը: Եթե ԿԲ-ն ունենար բավարար ծավալների բարձր իրացվելի արժեթղթեր, օրինակ` պետական պարտատոմսեր, կարող էր նպաստավոր եկամտաբերությամբ հանել շուկա` այդ ավելցուկային դրամի դիմաց: Հավասարակշռությունը կվերականգնվեր: Միշտ կարելի էր այսպես զուգակցելով` հավասարակշռությունը պահպանել: Սակայն, դա հնարավոր չէ իրականացնել: Բայց մյուս կողմից, եթե ԿԲ-ն իր պորտֆելում ունենար արժեթղթեր, միեւնույն է, պետք է դրանք գներ երկրորդային շուկայում: Հենց այդ պահին էլ դրամական զանգվածը կմեծանար, կառաջանար գնաճ»,- ասում է Է. Սանդոյանը:
Փոխարենը նա առաջ է քաշում մեկ այլ խնդիր, որի լուծումն ինչ-որ չափով կմեղմացնի նման երեւույթների բացասական ազդեցությունը: «Պետք է ավելի խորն ուսումնասիրել ինֆլյացիոն գործոնները Հայաստանում: Սա լուրջ գիտական հետազոտությունների կարիք ունի եւ՛ ԱՎԾ-ի, եւ՛ ԿԲ-ի կողմից: Պետք է հասկանալ, թե այն սպառողական զամբյուղը, որը հիմք է ընդունվում գնաճի հաշվարկման համար, արդյո՞ք օպտիմալ է մեզ համար: Փողոցում տեսնում ենք, որ կյանքը թանկանում է (անշարժ գույք, վառելիք եւ այլն), սակայն սպառողական գների ինդեքսը չի փոխվում կամ նույնիսկ ժամանակ առ ժամանակ դեֆլյացիա է տեղի ունենում: Պետք է վերանայել սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեթոդիկան` հաշվի առնելով, թե այսօրվա պայմաններում որ ապրանքները, ծառայությունները եւ գործոններն են ավելի մեծ ազդեցություն թողնում գնաճի վրա»,- առաջարկում է տնտեսագիտական գիտությունների թեկնածուն:
Փոխարժեքի առնչությամբ ԿԲ-ի վարած քաղաքականության մեջ նա չի ընդունում նաեւ այն, որ ժամանակ առ ժամանակ ԿԲ-ն «ադմինիստրատիվ լծակներով ներխուժում է շուկա»: «Ինչ-ինչ պատճառներով երբեմն սկսում են բոլոր փոխանակման կետերը մի օրում ստուգել, հայտնաբերում են խախտումներ, լիցենզիան անվավեր են ճանաչում: Նման լծակներով խնդիրը չի կարելի լուծել»,- գտնում է մասնագետը:
«Փողոցային» փոխարժեք
Մի կարեւոր հարցի շուրջ Է. Սանդոյանն իր կարծիքը չի փոխել 1994թ.-ից ի վեր:
«Չեմ հասկանում եւ չեմ էլ ցանկանում հասկանալ, թե ինչու է Հայաստանի նման անցումային տնտեսությամբ երկրում, հատկապես, երբ խոսվում է փողերի լվացման, կանխիկ շրջանառության դեմ պայքարի մասին, փոխարժեքի ձեւավորումը տրվել «փողոցին»: Ի դեմս փողոցի` ես տեսնում եմ փոխանակման կետերին, որոնք բանկային համակարգի մասը չեն կազմում: Իրականում փոխանակման կետերում շրջանառվող արտարժույթի ծավալներն ընդհանրապես արտարժութային գործառնությունների մեջ շատ չնչին բաժին ունեն: Բայց ստացվում է, որ «փողոցն» է ձեւավորում փոխարժեքը: Ամբողջ բանկային համակարգն իր քաղաքականությունը վարում է` ելնելով այդ պրոցեսներից: Իսկ այդտեղ ամեն ինչ կարող է լինել, օրինակ, միեւնույն փողոցի վրա 7-8 փոխանակման կետերն իրար հետ կարող են փոխհամաձայնության գալ: Նրանց չի կարելի մեղադրել, դա իրենց բիզնեսն է: Հետեւաբար ես գտնում եմ, որ արտարժույթի փոխանակման գործառույթը պետք է տրվի բացառապես բանկերին»,- կարծում է մասնագետը: Նա դրական է համարում, որ անցյալ տարի ԿԲ-ն արժութային գործառնությունների որոշակի հատվածը տեղափոխեց արժութային բորսա, սակայն չի հասկանում, թե ինչու ԿԲ-ն չի ցանկանում ամբողջությամբ այս դաշտը տեղափոխել բանկային համակարգ: «Ես համոզված եմ, որ բանկերը կձեւավորեն շատ ավելի օբյեկտիվ փոխարժեք»,- վստահեցնում է Է. Սանդոյանը: