Սա Հայաստանն է, այստեղ մարդիկ «աղայավարի» են ապրում

30/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Զրուցելիս համոզվում ես, որ ինքն էլ է այդ կարծիքին, ու անիծում է ծնողներին՝ իր անվան սխալ ընտրության համար: Նրա սարսափելի անմարդկային կենսակերպը տեսնելով՝ հասկանում ես, թե ինչու է այդքան չարացած ամեն ինչի վրա… Մարդիկ հեգնանքով ու ծաղրով «Թագուհի» են բղավում ու ծիծաղում նրա վրա՝ «Քեզնից ի՞նչ թագուհի» ասելով: Անունը փոխելու համար ուշ է: Չարբախի շուկայի հսկիչը Թագուհուն ու նրա որդուն ձմռան ցրտին փողոցներում է գտել: Մտածել է՝ միեւնույն է, չեն դիմանա, մեռնելու են, գոնե մարդկանց աչքի առաջ չմեռնեն: Փայտացած վիճակում նրանց բերել է շուկայի տարածքում գտնվող գյուղմթերքի պահեստի համար նախատեսված մի փոքրիկ սենյակ, որն ավելի շատ խորդանոցի է նման: Դուռը բացելուն պես մտածում ես՝ շունն այստեղ կսատկեր… Շուկայի առեւտրականները` զարմանալով, որ իրենց հյուր է եկել, հետաքրքրասիրությամբ հավաքվում են այդ «բնի» մոտ: Ասում են՝ «Մեղք են, գոնե մեկն օգներ: Դու որ ամբողջ օրը սրանց տեսնես` սիրտդ կտոր-կտոր կլինի: Բա էդ երեխու վիճակը տեսնես, ոնց որ կենդանի մեռել լինի»: Հավաքված ամբոխի աղմուկից հայտնվում է շուկայի հսկիչն ու սեփականատիրական իրավունքով ներկայացնում է մոր ու որդու վիճակը, շեշտելով, թե ինչքան ու ինչով է նրանց օգնել: «Բերել ենք ստեղ, լույսը ձրի ա, գիշեր-ցերեկ ստեղ են մնում: Ըստ պահանջի, աղի պես ապրում են»,- հսկիչի «մեծահոգության» մասին վկայող այս խոսքերն արժանանում են հավաքվածների հռհռոցին: Քիչ էր մնում հարցնեի՝ «Կուզենայի՞ր ինքդ էլ նրանց նման «աղի» պես ապրել», բայց չեմ հարցնում՝ մտածելով, որ գոնե գիշերելու տեղ է նրանց տվել: Թագուհին խորապես կվիրավորվեր իրեն հասցեագրված ծաղրուծանակից, բայց նա շվարած հետեւում է մարդկանց շուրթերի շարժումներին, որ հասկանա, թե իր մասին ի՞նչ են խոսում: Տեղի առեւտրականներն ասում են, որ Թագուհին վատ է լսում: «Ես ստեղ հավաքարարություն եմ անում, բազարն առավոտից իրիկուն նայում եմ, աշխատում եմ»,- ասում է Թագուհին, որից հետո հսկիչի մեծ-մեծ խոսքերը հօդս են ցնդում: Հասկանում ես, որ, եթե մարդ խղճով մեկին օգնում է՝ չի ստորացնում, իսկ Թագուհին, փաստորեն, շուկայում հավաքարար է, դրա համար էլ նրան այդ խուցը «շռայլել» են: Մորը հարցնում եմ տղայի տարիքը, ասում է՝ «Եսիմ, չեմ հիշում, չգիտեմ՝ հիմա ինչքան ա դառել, բայց պասպորտ ունի: Հլը պասպորտդ բեր (տղային է ասում.-Լ.Ս.), երեւի 20-ա»: Անձնագրում գրված է, որ տղան Մամիկյան Դավիթն է, ով ծնվել է 1988 թվականին: Դավիթի ծնված թվականը նույնքան տխուր խորհուրդ ունի, որքան իր՝ Դավիթի կյանքը: Թերհաս է, թախծոտ հայացքը սեւեռած, միապաղաղ նայելով լուռ լսում է, թե ինչպես են ստորացնում մորը, կարծես ամեն ինչ սովորականի պես է, ու սովորել է այդ վերաբերմունքին: Դավիթը նախկինում հաճախել է մտավոր հետամնացների դպրոց, սակայն թողել է դպրոցը, քանի որ «Էս կյանքում իր համար ամեն ինչ անհետաքրքիր ու իզուր է»: 1988-ին ծնված Դավիթի վիճակը հիմա վատացել է, իսկ նրան ուղղված իմ հարցերին հիմնականում պատասխանում են հավաքվածներն ու հսկիչը, որոնց, եթե մահակներ տային` մորն ու տղային ձաղկելով կվռնդեին, չնայած բարերարի պես էին ներկայանում: Նրանցից մեկն ասում է, որ Դավիթը շատ լավ երեխա է, արժանի չէ փողոցում մնալու, որին հաջորդում է մյուսի կշտամբանքը. «Դեբիլ ա, էլի, դեբիլի լավը ո՞րն ա: Էսի դեբիլների դպրոց էր գնում: Մի քիչ բարձր խոսա, իրանք չեն լսում, քյառ են, պիտի գոռաս, որ լսեն: Էս լակոտը մի օր ընկնելու ա ավտոյի տակ, սաղ օրը ռույլն առած փողոցում ավտո ա քշում: Մեկը մեկից պակաս են»:

Դավիթը երեւի երազում է ավտոմեքենա վարել: Նա կաղալով է քայլում: Քաղաքակիրթ երկիր լինեինք՝ կմտածեինք, իսկ ի՞նչ կա որ… հաշմանդամ է: Բայց սա Հայաստանն է, այստեղ մտավոր հետամնացներին «դեբիլ» են ասում, որի իմաստն այնքան խոցելի չէ, որքան դրան հաջորդող խեղկատակությունն ու ստորացումը: Թագուհին ամուսնացել է մի մարդու հետ, ով առաջին կնոջից 4 երեխա է ունեցել: Դավիթին ունենալուց հետո ամուսինը մահացել է, իսկ հետագայում ամուսնու 4 երեխաները վռնդել են խորթ մորն ու որդուն: Դավիթի հիվանդության համար ստանում են 4000 դրամ թոշակ: Հարցնում եմ՝ «4000 դրամով ինչպե՞ս եք ամբողջ ամիսն անցկացնում»: Առեւտրականներն են պատասխանում. «Ժողովուրդն ա պահում: Շուկայի տնօրենը լավ մարդ ա, ինքն ա օգնում: Առեւտրականները մի հատ պամիդոր են տալիս, մի երկու կարտոշկա, մնացած, թափելու ապրանքներն ենք տալիս: Լավ նայում են իրան ամեն ինչով: Զիբիլներն են քչփորում, շոր-մոր են հանում, ուտելու բան են գտնում»: Իսկ Թագուհին ասում է՝ «Դե՛, շուկայում աշխատում եմ, իրանք էլ էս քոթուկն են տվել, քոթուկի վրեն ընկած երեխու հետ մնում եմ»: Քոթուկը նրանց «մահճակալն» է, որի վրա ամեն ինչ կարելի է տեսնել, բացի քնելու համար անհրաժեշտ պարագաներից: Սենյակում նրանք ապրում են ցերեկային ժամերին, իսկ գիշերելու համար նախընտրում են ասֆալտը: Առեւտրականները պատմում են, որ նրանց սենյակում շատ վտանգավոր չափերի եւ քանակի առնետներ կան, վախենում են այնտեղ քնել, որովհետեւ իրենց առնետները զբոսնում են մարմինների վրայով: «Դուրս են գալիս` կաշկի վրեն են քնում: Էդ կաշկի վրա մի երկու չուլ ու փալաս են գցում ու մեկը` բեռները տեղափոխելու կաշկին, մյուսն` ասֆալտին ա քնում: Վախենում են մարդաչափ կռիսներից»: Թագուհին ասում է, որ իրեն վռնդելու են այդ սենյակից, ու ստիպված է լինելու կրկին փողոցներում քնել տղայի հետ: Փողոցում քնելու միտքը նրան այնքան էլ չի վախեցնում: Երեւի ազատություն է ուզում, որովհետեւ նույն «օգնողները» շատ հաճախ մայր ու տղային ոչնչացնում են իրենց գռեհիկ ու ստորացնող խոսքերով: